Իրանը բանակցությունների միջոցով ժամանակ է շահում. Նեթանյահու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ կառավարությունում ունեցած ելույթում հայտարարել է, որ միջազգային հանրության հետ բանակցություններ վերսկսելն Իրանին միայն հնարավորություն է տալիս անխափան շարունակել իր միջուկային ծրագիրը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ից մանրամասն տեղեկատվություն է ստացել օրեր առաջ Ալմա Աթայում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացված բանակցությունների մասին. «Ինձ մոտ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ միակ բանը, որը ձեռք է բերվել այդ բանակցություններում, դա այն ընդմիջումն է, որն Իրանը պատրաստվում է օգտագործել ուրանի հարստացման շարունակման համար, ինչն արվում է ատոմային ռումբի ստեղծման նպատակով: Նա իսկապես շարժվում է այդ ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են Ալմա Աթայում ևս մեկ անգամ հանդիպել ապրիլի 5-6-ին: Սակայն դրանից առաջ մարտի կեսերին Ստամբուլում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվելու է փորձագետների մակարդակով հանդիպում: Ի դեպ, կարծիքներ կան, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են Իրանին հարվածել արդեն հունիսին: