Ադրբեջանական բանակի կորուստների շարքը շարունակվում է
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինծառայողն ինքնասպանություն է գործել: Միջադեպը գրանցվել է Թարթառի շրջանի զորամասում: Այստեղ իրեն ամրակցված զենքի օգնությամբ ինքնասպանություն է գործել զինծառայող Օրհան Ալեմհանօղլու Միրզազադեն:
Բացի այդ, նշվում է, որ ճակատամերձ գոտում զինծառայող Իբրահիմ Ռաուֆօղլուի Հեյդարովը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է: Վիրավոր զինվորին տեղափոխել են հոսպիտալ:
Ռուսական Regnum լրատվական գործակալությունն էլ, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է, որ մարտի 2-ին Ադրբեջանում մահացել է ռազմական վարժարանի կուրսանտ Ռագիլ Ամիկիշիևը, ով զորավարժանքի ժամանակ ստացել է սրտի կաթված: Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաստատել է կուրսանտի մահը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել հանկարծակի, և որ այդ կապակցությամբ տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Բաքվում անցկացվելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ բանակում զինծառայողների մահվան: