Բաժիններ՝

«Հեռուստատեսությունն ընդհանուր երկրի վիճակի արտացոլումն է»

168.am-ի զրուցակիցը հաղորդավար Լուսինե Բադալյանն է:

– Լուսինե,  արդեն 15 տարի է, եթերում եք: Այս տարիների ընթացքում Ձեզ համար որևէ սկզբունք մշակե՞լ եք։

– Հետաքրքիր է, որ սկզբունքը ոչ թե տարիների ընթացքում եմ մշակել, այլ ի սկզբանե ես ունեի մի սկզբունք, որին, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ոչ մի անգամ չեմ դավաճանել։ Իմ հիմնական սկզբունքը միշտ էլ եղել է այն, որ ինձ հարկավոր չէ մասսայականություն։ Թող ինձ լսի տասը հոգի, բայց  թող լսի տասն ինձ նմանը. գուցե սա փոքր-ինչ մեծամիտ է հնչում։ Թող ինձ լսեն քչերը, մեծամասնությունը գիտի՝ ո՞ւմ հետևից գնա, ո՞ւմ սիրի, լսի։ Այս սկզբունքը ես որդեգրեցի 17-18 տարեկանում, երբ առաջին անգամ գնացի ռադիո, ընտրեցի այնպիսի ռադիոկայան (Hay FM 105.5), որը ո՛չ երաժշտությամբ, ո՛չ էլ իր ասելիքով բոլորին հասանելի չէր։

– Այսինքն` Դուք ունեք հատուկ Ձեր լսարա՞նը։

Կարդացեք նաև

– Կարծում եմ` այո։ Հատկապես վերջին տարիներին, երբ սկսեցինք Ժակի հետ միասին «Կենտրոն» հեռուստաալիքով առավոտյան ծրագիրը վարել և շեշտը հիմնականում դնել հայագիտական թեմաների վրա, ձևավորվեց մի լսարան, որ հատուկ քեզ է լսում։ Նրանց, ում չի հետաքրքրում քո առաջարկած թեման, կամ այն նրանց հասկանալի չէ, չեն կարող քո լսարանը լինել։

1– Այսօր գրեթե բոլոր հեռուստաալիքներով կան առավոտյան ծրագրեր, որոնք ավելի ժամանցային են, թեթև ոճի։ Ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ն պետք է լինի առավոտյան ծրագիրը։

– Շատ եմ լսել կարծիքներ, թե մեր թեմաները, որոնք քննարկում ենք ծրագրի ժամանակ, շատ լավն են, բայց առավոտյան չեն։ Նույնիսկ ես ու Ժակն ենք շատ անգամ քննարկել մեր թեմաների ընտրության հարցը։ Այնպես չէ, որ մենք ամեն օր հայագիտական թեմաներ ենք քննարկում, լինում են նաև ժամանցային, խոհարարական և այլ թեմաներ։

Մենք պարզապես հաղորդման կորիզն ընտրեցինք այնպիսի թեմա, որը 3-4 տարի առաջ չկար։ Հիմա, փառք Աստծո, շատ հայագիտական ծրագրեր կան։ Մեր նպատակն այն է, որ կարողանանք այլընտրանք ներկայացնել։ Հեռուստատեսությունը հեղեղված է ժամանցային հաղորդումներով, բոլորը դիտում են դրանք, իսկ այն մարդիկ, ովքեր կոնկրետ թեմա են ուզում քննարկել, կարծում եմ` նրանց համար կարևոր չէ` առավոտյա՞ն են այն լսում, թե՞ երեկոյան:

2– Տարիներ շարունակ Ժակի հետ եք աշխատում, ինչպե՞ս ծանոթացաք նրա հետ։

– Ժակն է շատ լավ այդ պատմությունը պատմում (ժպտում է.- Գ.Ա.)։ 1997 թվականին, երբ իմացանք Հանրային ռադիոյի հայտարարած քասթինգի մասին, երկուսս առանձին-առանձին գնացինք մասնակցելու։ Ես այդ ժամանակ Էրիկ Անթառանյանի հետ էի գնացել, մենք միասին էինք համալսարանում սովորում և որոշել էինք, որ պետք է դառնանք ռադիոհաղորդավար։ Ժակին այդ ժամանակ չէի ճանաչում։ Շատ մասնակիցներ կային, բայց անցան տասը հոգի, որոնց մեջ էինք և՛ ես, և՛ Էրիկը, և՛ Ժակը։ Ժամանակի ընթացքում ընկերացանք Ժակի հետ, հետո նա գնաց բանակ, ես ընդունվեցի Hay FM 105.5, որտեղ աշխատելը բոլորիս երազանքն էր։ Երբ Ժակը վերադարձավ ծառայությունից, գնաց Ռադիո «Վան», և մենք դարձանք մրցակիցներ (ժպտում է.- Գ.Ա.)։ Հետագայում, Ժակի նախաձեռնությամբ, երբ Ռադիո «Վանը» ցանկանում էր հայտնի մարդկանցով համալրվել, գնացի այնտեղ, և այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։

3– Իրար հետ հե՞շտ է աշխատել։

– Այո, նախ մարդկային տեսակով մենք շատ նման ենք իրար։ Բացի այդ, եթերում համատեղ աշխատելուն օգնում է նաև այն հանգամանքը, որ կյանքում մենք շատ մտերիմ ընկերներ ենք։ Իհարկե, լինում են վիճաբանություններ, բայց, միևնույն է, այդ ամենն օգնում է, որ էլ ավելի աճենք։ Իրար հետ աշխատելու գաղտնիքն այն է, որ մեկս մյուսին չենք ճնշում, ընդհակառակը` որևէ թերություն տեսնելու դեպքում փորձում ենք հավասար միմյանց առաջ հրելով ընթանալ առաջ։

– Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք։

– Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, նայած՝ ո՞ր կողմից նայես։ Այո, ամեն ինչ շատ լավ է, բայց թե այդ ամենին հասնելու համար դու ինչքա՞ն ես պայքարել, ինչի՞ միջով ես անցել, ինչքա՞ն անքուն գիշերներ ես անցկացրել, մնում է կուլիսների հետևում, և ոչ ոք դա չի տեսնում։ Օրերս մտածում էի, թե քանի՞ հոգի այս խնդիրների միջով անցնելուց չէր հուսահատվի և կեսից կանգ չէր առնի։ Համենայնդեպս չգտա մարդկանց, ովքեր կանցնեին։ Այդպես բոլորի կյանքում է, բայց, այնուամենայնիվ, ես ինձ համարում եմ հաջողակ մարդ։

5– Այսինքն` նպատակասլաց եք…

– Այո, դա դեռևս մանկապարտեզի դաստիարակներն էին ասում։

– Ձեր վրա անընդհատ աշխատո՞ւմ եք, ձգտո՞ւմ եք ավելիին։

– Այո, փորձում եմ։ Այդ պատճառով էլ ուշադրություն եմ դարձնում առողջ քննադատություններին։ Երբեք միանգամից չեմ փշոտվում և սկսում իմ սխալը մինչև վերջ տանել։ Եթե որևիցե մարդ խելացի նկատողություն է անում, ուրախանում եմ, քանի որ դա շտկվելու, առաջ գնալու հնարավորություն է տալիս։

– Ի՞նչ եք կարծում` հեռուստատեսությամբ տեսնո՞ւմ ենք այն մարդկանց, ում իսկապես պետք է տեսնենք։

– Կարծում եմ` ոչ։ Շատ ցավալի հարց է։ Առաջ այս հարցը շատ ցավոտ էի տանում, հիմա հասկանում եմ, որ ժամանակը ոլորտը մաքրում է։ Ժամանակը ցույց տվեց, որ նրանք, ովքեր պետք է լինեն հեռուստաեթերում, անկախ բոլոր անարդարություններից, շարունակում են մնալ։ Եթե հետադարձ հայացք գցենք, կտեսնենք, որ ընդամենը 3-4 հոգի կան, ովքեր տարիներ շարունակ մնում են եթերում, մնացածը գնում-գալիս են։

Մեր հեռուստատեսությունը մի խնդիր ունի` չկա մի մեխանիզմ, որը կերտում է հաղորդավար։ Ինքս էլ կարծում եմ, որ եթե եղածներից դուրս լիներ մի պրոֆեսիոնալ, որ կաշխատեր մեզ հետ, գուցե շատերն ավելի բարձր մակարդակի վրա լինեին։

4– Հեռուստատեսությունը բա՞ց է բոլորի համար։

– Այսօր հեռուստատեսությունն ընդհանուր երկրի վիճակի արտացոլումն է։ Ինչպես բոլոր ասպարեզներում, հեռուստատեսությունում ևս առկա է ծանոթ-բարեկամ կապը, որը, կարծում եմ` այսօր փոքր-ինչ զսպվել է։ Բոլոր ոլորտներում կա նաև մարդկանց սխալ գնահատելու խնդիրը։  Կան մարդիկ, ովքեր կարողանում են իրենց լավ ներկայացնել, բայց երբեք ղեկավարները չեն խորանում` տեսնելու, թե այն, ինչ ասում են իրենց, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Շատ սխալ մեխանիզմով են մասնագետներին ընտրում։ Նույնն էլ հեռուստատեսությունում է։ Գալիս են, վերամբարձ ներկայացնում իրենց անցած ճանապարհը, ընդունվում աշխատանքի, ու մենք կրկին դոփում ենք նույն տեղում, այն դեպքում, երբ կարելի է մի քանի հարց քննարկելով հասկանալ` մարդը նյութին տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ։ Դա միայն հեռուստատեսության խնդիրը չէ, սա երկրում գործող մեխանիզմի անարդյունավետության արդյունք է։

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս