Ի՞նչ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ռուբեն Հախվերդյանի ելույթի ժամանակ. Արման Մելիքյանը իր կարծիքն ունի
ՀՀ նախագահի նախկն թնեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում երգահան Ռուբեն Հախվերդյանի աղմկահարույց ելույթին և դրա արձագանքներին։
«Հիմա էլ Հախվերդյան Ռուբիկը ինչ-որ մարդկանց թեթև ձեռքով դարձավ թուրքի ջրաղացին ջուր լցնող ազգի թշնամի: Նրա մարդկային որակներն ինձ ծանոթ չեն ու չեմ էլ ձգտում դրանցից գլուխ հանել, բայց երգերը լավն են, մերն են, դրանց մեջ ճիշտն է խոսվում մեր մասին ու չկա կեղծ պաթոս ու բարեպշտություն: Ակնհայտ է, որ այդ մարդը սրտով է մտածում ու դրա համար էլ նրա դատողությունները ոչ թե լավ ու վատի շրջանակներում են, այլ ճշտի ու սխալի: Երբ նա ասում է, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանի Խորհրդային Ադրբեջանի ծայրագավառը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կոմերիտմիության նախկին քարտուղարը ապա մարզկոմի առաջին քարտուղարի օգնականը չպետք է լինի Հայաստանի առաջին դեմքը,որ ճիշտ չէ դա, ապա Ռուբիկի ասածի մեջ տրամաբանություն տեսնում եմ, որովհետև կոմերիտական այդ գործունեությունը նախատեսում էր Բաքվից եկած միջին ձեռքի կուսակցական ղեկավարների քմահաճույքների ու հրահանգների կատարում: Դա կարևոր ու, գուցե, ԼՂԻՄ-ի համար օգտակար գործունեություն էր, որը, սակայն չարժի որ կապվի ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու անվան հետ: Սա հարցի մի կողմն է` Ռուբիկի այս մոտեցման հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել ու պետք է ելնել նրանից, որ նրան հանրահավաքում ձայն տվողներն էլ ուրախ էին, որ Ռուբիկը եկել` իրենց կողքին է կանգնել ու, փաստորեն իրենց աջակցություն է դրանով հայտնում: Ռուբիկը բարդ է և ոչ քաղաքական գործիչ ու երեևի թե Րաֆֆին, լինելով հանրահավաքի հարթակի տանտերը, Ռուբիկից սահմանազատվելու, նրա հետ իր անհամաձայնությունը բարձրաձայնելու փոխարեն լավ կաներ մոտենար, ընդհատեր նրա խոսքը, եղբայրաբար գրկեր ու բոլորի առջև ասեր. «Ես հասկանում եմ քեզ, բայց քո տված որակումներն ու ձևակերպումներն այնպիսին են, որ վաղն էլ ուզած մարդ կգա ու այս հարթակից խոսքն ինձ ուղղելով կասի. «Այ ախպար շուն, դու ով ես, որ անհայտ հեռուներից եկել ես այստեղ և ուզում ես Հայաստանը կառավարել»: Եվ այդ ժամանակ դու, Ռուբիկ, ինչպես ես պաշտպան կանգնելու ինձ, ինչ ես ասելու այդ մարդուն»: Կան մարդիկ, որ ի ծնե լեշակեր բորենի են, որ ընդունակ չեն իրենք որևե բան ստեղծել, սակայն անմիտ հրճվանքով պատրաստ են կործանել ուրիշի ստեղծած ու շատերի համար շատ թանկ ու նվիրական արժեքները: Այ դրանց պոչն է պետք դռան տակ թողնել, որպեսզի ոչ թե հաղթական ոռնան մեծերին ոտնակոխ անելուց, այլ միայն իրենց ոչնչության զգացումն արտահայտող սեփական կաղկանձի ձայնը լսեն»: