«Այսօր այնպիսի մարդիկ են տեսահոլովակ նկարահանում, ովքեր կապ չունեն այս գործի հետ» (լուսանկարներ)
Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սուրեն Թադևոսյանն արդեն երկու ամիս զբաղեցնում է «Երևան» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Սուրենը հեռուստաընկերություններում աշխատելու մեծ փորձ ունի։ Իսպանիայում ուսումն ավարտելուց և Հայաստան վերադառնալուց հետո (2004թ.)` սկսել է աշխատել տարբեր հեռուստաընկերություններում։ Եղել է «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, այնուհետև ունեցել է իր առանձին «Ֆոկուս» ստուդիան, եղել է նաև «Tv 5» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։
Վերջինիս փակվելուց հետո կրկին գնացել է Իսպանիա, բայց կապը «Երևան» հեռուստաընկերության սեփականատերերի հետ միշտ էլ եղել է: «ԱՄՆ-ում էի, երբ առաջարկեցին աշխատել այս հեռուստաընկերությունում, համաձայնեցի և արդեն երկու ամիս է` այստեղ եմ։ Շատ մեծ փոփոխություններ են սպասվում, մարտ ամսին նոր եթերաշրջան ենք մտնելու։ 12 նոր հաղորդում, նոր դեմքեր, հաղորդավարներ, նոր դիզայն և այլն։ Ամեն ինչ այնպես է փոխվելու, որ մարդիկ քնեն, հաջորդ օրն արթնանան, միացնեն «Երևան» հեռուստաընկերությունը և չիմանան, թե ո՞ր ալիքն է»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Երևան» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։
– Սուրեն, Դուք նկարահանել եք բազմաթիվ տեսահոլովակներ, ֆիլմ նկարահանելու ցանկություն չկա՞։
– Իսպանիայի Վալենսիա քաղաքում սովորելու տարիներին ես ավարտել եմ կինոռեժիսուրայի ֆակուլտետը, և, բնականաբար, այն ինձ ավելի հարազատ է ու կարևոր, քան տեսահոլովակներ նկարահանելը։ Ես ֆիլմ նկարահանելուն շատ լուրջ եմ վերաբերվում և 10.000 ԱՄՆ դոլարով ֆիլմ անելը չեմ կարող ֆիլմ նկարահանել համարել։ Այս տարիների ընթացքում այսպիսի ֆիլմերի բավականին մեծ քանակություն կարող էի ունենալ, բայց ես մտածում եմ, որ պետք է լուրջ ֆիլմ անել, այսինքն` լուրջ պայմաններ, տեխնիկական և մարդկային լուրջ ռեսուրսներ, ֆինանսավորում։ Այդ պատճառով էլ դեռ չեմ շտապում։ Չեմ ուզում քննադատել նրանց, ովքեր ֆիլմ են արտադրում, հալալ է նրանց։ Ամեն դեպքում, երևի թե ֆիլմ անելը չանելուց լավ է։ Շատ ֆիլմերից կարող եմ առանձնացնել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որն ինձ դուր է եկել։ Հույս ունեմ, որ այս տարի որևէ լուրջ նախագծի վրա աշխատելու հնարավորություն կունենամ։
– Այսինքն` ֆիլմ չնկարահանելու պատճառը ֆինանսավորո՞ւմն է։
– Միայն ֆինանսավորման մասին խոսելը շաբլոն է ստացվում։ Եթե մի քիչ խորը նայենք, կտեսնենք, որ Հայաստանի նման փոքր երկրներում կինոյի զարգացումը շատ դժվար է, քանի որ սպառման մեծ շուկա չկա։ Պրոդյուսերները չեն կարող իրենց թույլ տալ ծախսել տասնյակ միլիոն դոլարներ, որովհետև երբեք այդ գումարը հետ չի վերադարձվելու։ Ֆիլմ նկարահանելու ռեալ տարբերակներից մեկը դրսի գումարով դրսի շուկայի համար ֆիլմ նկարահանելն է, ինչը շատ լավ իրականացնում է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Գոռ Կիրակոսյանը:
– Դուք Ձեզ տեսնո՞ւմ ենք այդպիսի դերում։
– Չեմ սիրում գլուխ գովալ, բայց կարող եմ ասել, որ ես ունեմ բավականին շատ գրված սցենարներ, որոնցից մեկն Իսպանիայում մրցանակ է ստացել։ Ինձ թվում է` իմ գիտելիքներն ու ձեռք բերած փորձս ֆիլմ նկարահանելու հնարավորություն են տալիս։
– Այսօր եթերով բազմաթիվ տեսահոլովակներ են հեռարձակվում, ռեժիսորական տեսանկյունից կառանձնացնե՞ք մի քանի սխալներ, որոնք նկատում եք։
– Ես այս պահին մի փոքր հեռու եմ գտնվում տեսահոլովակներ նկարահանելու շուկայից։ Միշտ ասել եմ, որ այն իմ հիմնական աշխատանքը չէ։ Շատերի համար այս աշխատանքն իրենց հիմնականն է, և չեմ մեղադրում իրենց, որ համաձայնում են ցանկացած աշխատանքի, որն իրենց առաջարկում են։ Կարծում եմ` սա սխալ է։ Դու կարող ես երգչին շատ սառը վերաբերվել, բայց եթե երգը չես ընկալում, չես զգում, այդ դեպքում սխալ է համաձայնել տեսահոլովակ նկարահանել։ Այսօրվա խնդիրներից մեկն այն է, որ շատ-շատերն են տեսահոլովակ նկարահանում, այնպիսի մարդիկ, ովքեր կապ չունեն այս գործի հետ։ Իհարկե, կան նաև մեծ փորձ ունեցող կլիպմեյքերներ։ Կառանձնացնեի Արեն Բայադյանին, ով վիթխարի աշխատանք է կատարում, Գոգա Խաչատրյանին, Լուսինե Մարտիրոսյանին և այլոց։ Իհարկե, նշվածների կողքին կան նաև շատ մարդիկ, ովքեր իրենց կոչում են ռեժիսոր, բայց իմ կարծիքով՝ ոչ մի կապ չունեն այս ամենի հետ։
– Ձեզ համար երգի ընտրությունը կարևո՞ր է։
– Պարզ է, որ ամեն երգ չես կարող սիրել, բայց պետք է ընկալել ու ընդունել տվյալ երգը։ Իմ նկարահանած տեսահոլովակներից ինձ համար լավագույնները հիմնականում ռեպ-տեսահոլովակներն են, որովհետև ես ինքս ռեպ եմ սիրում։ Ունեմ նաև հանգիստ երգեր, ինչպես, օրինակ, Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» երգը, որը նույնպես լավ է ստացվել։ Ես տեսահոլովակներ եմ նկարահանում նաև ժողովրդական երգերի հիման վրա։ Միշտ մտածել եմ, որ հեռու եմ նման բաներից, բայց երբ Աղասի Իսպիրյանի հետ գնացինք Արևմտյան Հայաստան, փորձեցի այդ տեսահոլովակին ռեժիսորական տեսանկյունից տարբեր ուղղություններ տալ։ Կարծում եմ` ամեն տեսահոլովակ նկարահանելիս պետք է մի բան փնտրել ու գտնել, որը քեզ դուր կգա ու հետաքրքրություն կառաջացնի։
– Իսկ կա՞ն այնպիսի երգիչ-երգչուհիներ, որոնց հետ երբեք չեք աշխատի։
– Այո, կան, բայց դա կապված է զուտ գաղափարական, մարդկային որակների հետ և ոչ մի կապ չունի նրանց մատուցած երաժշտության հետ։
– Դուք կրթություն եք ստացել Իսպանիայում և դրսում տեսահոլովակներ նկարահանելու փորձ ունեք։ Դրսի փորձից ի՞նչ բերեցիք այստեղ, որը մինչև այդ մեզ մոտ չէր կիրառվում, և եթե համեմատելու լինենք դրսի և ներսի արտադրանքը, ի՞նչ կտեսնենք։
– Ասեմ, որ ութ տարբեր երկրներում նկարահանել եմ 11-12 տեսահոլովակ։ Թե ի՞նչ բերեցի, ես չէ, որ պետք է ասեմ։ Ասում են, որ Արսեն Սաֆարյանի, Սոֆի Մխեյանի տեսահոլովակները, որոնք նկարահանել եմ Իսպանիայում, նորություն էին, այստեղ այդպիսի դինամիկ ոճի տեսահոլովակներ մինչ այդ չկային։ Ինչ վերաբերում է դրսի և ներսի աշխատանքների տարբերությանը, ասեմ, որ 100%-ով տարբեր մոտեցումներ են։ Սկսած նրանից, որ այստեղ յուրաքանչյուր մարդ կարող է վերցնել տեսախցիկը և տեսահոլովակ նկարահանել, դրսում այդ անելու համար պետք է ունենաս հատուկ թույլտվություն։ Բացի այդ, աշխատակազմերը՝ թե՛ կազմակերպչական, թե՛ աշխատանքի նկատմամբ ունեցած մոտեցումներով, շատ տարբեր են։
– Իսկ Հայաստանում երգի տեսանկյունից իրավիճակն ինչպիսի՞ն է։ Տեսահոլովա՞կն է լրացնում երգը, ե՞րգը` տեսահոլովակը, թե՞ համահունչ են։
– Շատ հետաքրքիր հարց տվեցիք, որովհետև սա շատ կարևոր, նուրբ պահ է։ Կարծում եմ` կապ չունի՝ Հայաստանո՞ւմ, թե՞ դրսում, շատ հաճախ տեսահոլովակը խանգարում է երգին, շատ հաճախ էլ` օգնում։ Սա կախված է թե՛ ռեժիսորի գաղափարներից, թե՛ կարողությունից, թե՛ ամբիցիաներից։ Ես համոզված եմ, որ թույլ երգերի դեպքում, եթե ուժեղ տեսահոլովակ նկարահանվի, երգն ընդհանրապես չի աշխատի։ Նման դեպքերում ես երգիչ-երգչուհիներին առաջարկում եմ երգին համապատասխան պարզ տեսահոլովակ անել։ Մարդիկ կան, որ հասկանում են, մարդիկ էլ կան` ոչ։ Երևի ամեն հեռուստադիտող էլ կհիշի մի երգ, որի տեսահոլովակը լավն էր, բայց երգը` ոչ։ Երբ երգն ուժեղ է լինում, ցանկացած ռեժիսորի համար երգին համապատասխան տեսահոլովակ նկարահանելը փորձություն է դառնում։ Իրականում ներկայիս հնարավորություններով գեղեցիկ տեսահոլովակ նկարահանելն այդքան էլ բարդ չէ։ Այն տեսախցիկները, որոնցով ես տարիներ առաջ նկարահանեցի Արսեն Սաֆարյանի, Սոֆի Մխեյանի տեսահոլովակները, հիմա ծիծաղելի են։ Բայց ինձ համար տեսահոլովակը պատկերը չէ, այն իմաստն է, մոնտաժը, դինամիկան և երգին համահունչ լինելն է։
– Որևէ երգչի կամ երգչուհու պրոդյուսերի դերում հանդես գալու ցանկություն չկա՞։
– Անկեղծ ասած` ոչ, քանի որ այսօր Հայաստանում, եթե պրոդյուսերական տեսանկյունից հարցը դիտարկենք, շահութաբեր է աշխատել 6/8 ոճի մեջ, ինչի ցանկություն չունեմ։