Հովիկ Աբրահամյանը` քվեաթերթիկները փչացրած ընտրողների մասին. Ովքեր, որ հայհոյանքով են զբաղվում անդաստիարակ մարդիկ են
Չի բացառվում, որ այն մարզերում, որտեղ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ է հավաքել, այդ մազպետներին նկատողություններ տրվեն: Ավելին` նրանք պետք է գնահատվեն ըստ աշխատանքի: Այս մասին արձագանքելովNEWS.am-ի հարցին, ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ «հնարավոր է ամեն ինչ»:
Նրա խոսքով` նման հարց չի քննարկվել, թե որ մարզպետներն են հայտնվել սեւ ցուցակում: «Ես նորից եմ ասում, որ չեմ բացառում, բայց նման հարց դեռ չի քննարկվել»- կրկնեց Հովիկ Աբրահամյանը:
Արձագանքելով լրագրողների հարցին, Սերժ Սարգսյանը գո՞հ է իր աշխատանքից, նա պատասխանեց, որ դա նախագահին պետք է հարցնել: Իսկ իր մասով ասաց, որ ինքն անձամբ շատ գոհ է իր աշխատանքից: «Այո, ես անձամբ շատ գոհ եմ եւ շտաբի բոլոր աշխատողներից եմ գոհ, շատ լավ աշխատել են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը, զարմանքը հայտնելով, թե ինչու իրենք պետք է դժգոհ լինեն ընտրությունների արդյունքներից: «Բայց ես ձեր վրա զարմացած եմ, 58,6 տոկոս ձայն ստանալը դժգոհությո՞ւն պետք է առաջացներ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե խոշոր քաղաքներում` Գյումրիում, Արմավիրում, Եղեգնաձորում, Վանաձորում Սերժ Սարգսյանը պարտվել է, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Բայց շատ տեղերում էլ մենք հաղթել ենք: Զարմացած եմ ինչո՞ւ եք այդքան վատ տրամադրված»:
Հարցին, թե նոր կառավարությունում որտեղ է իրեն պատկերացնում, նա ասաց. «Ես նոր եմ ընտրվել ԱԺ նախագահ եւ աշխատելու եմ մինչեւ ժամկետն ավարտվի, այլ ցանկություն չունեմ»: Սակայն նաեւ նշեց, որ փոփոխություններ կլինեն, թե կադրային, թե բովանդակային առումով: Անդրադառնալով անվավեր քվեաթերթիկներին, որոնց մեջ նաեւ Սերժ Սարգսյանի ու իշխանությունների հասցեին ծաղրալից արտահայտություններ են եղել, ԱԺ նախագահն ասաց. «Ովքեր, որ հայհոյանքով են զբաղվում, անդաստիարակ մարդիկ են»: