Հովիկ Աբրահամյանը` Շիրակի մարզում ՀՀԿ պարտության մասին
ԱԺ նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ այն մարզպետները, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ թերացել են, կհեռացվեն աշխատանքից: Այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
«Հնարավոր է ամեն ինչ: Բա մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք բոլորին»:
Անուններ տալ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել՝ նշելով, որ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: Հարցին, թե Սերժ Սարգսյանը գո՞հ է իր աշխատանքից, ԱԺ նախագահը պատասխանել է. «Այդ հարցը կարող եք ուղղել անձամբ նախագահին, ես ինքս գոհ եմ իմ աշխատանքից»:
Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել մեկնաբանել նաև այն հարցը, թե ինչու՞ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լինելով Հայաստանում, չի մասնակցել ընտրություններին:
Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ-ի պարտությունը Շիրակի մարզում, Հովիկ Աբրահամյանը տվել է հետևյալ պատասխանը. «Ես դա պայմանավորում եմ այն հանգամանքով, որ դժգոհություն կա, աշխատատեղեր չկան, մարդիկ աշխատանք չունեն: Դուք գիտեք նաև, որ մենք այնտեղ մեծ աշխատանքներ ենք կատարում, այս վերջին տարիներին մոտ 250 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, բայց կա մարդկանց դժգոհություն, և դա տեղին է: Դա նաև մեր ուշադրությունն է գրավում, մենք պետք է լուրջ մոտեցումներ և քննարկումներ անենք այնտեղ, որտեղ մեծ դժգոհություններ կան, փորձենք հասկանալ պատճառները և թերությունները վերացնել»:
Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին և պատասխանելով այն հարցին, թե ինչ զարգացումների է սպասում, նշել է, որ կյանքը ցույց կտա: