Այլ ճանապարհով

«Երբ երկրում բացահայտ բռնազավթում է, ժողովուրդը մշտապես քվեարկել է նրանց դեմ, ովքեր այս իշխանության գլխին են կանգնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասել է ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը: Նա անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում կայացած երեկվա հանրահավաքին, համոզված լինելով, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները բացառություն չեղան այն առումով, որ հասարակությունը 98 թվականից ի վեր քվեարկել է «գործող իշխանությանը դեմ եմ» սկզբունքով: «98 թվականի ընտրություններից սկսած ժողովուրդը միշտ էլ քվեարկել է ընդդիմության օգտին, բայց միշտ տեսել հակառակ արդյունք: Իշխանությունը բռնազավթված է ու շարունակում է մնալ բռնազավթված: Ցավով, բայց արձանագրում եմ, որ եթե այս անգամ էլ իրական քվեները կեղծվեն, Հայաստանն ընտրության կարիք այլևս չի ունենա»,- ասաց Երջանիկ Աբգարյանը: Նա շեշտեց, որ արդար ընտրությունների չանցկացման դեպքում քաղաքական ուժերին ելք չի մնա, քան իշխանության գալ այլ ճանապարհով: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա՞ մինչև վերջ տանել պայքարը, կկարողանա՞ տեր կանգնել իր քվեներին, ապա Երջանիկ Աբգարյանի կարծիքով` այս մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև հենց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, այս հարցերի պատասխանները մինչ այս պահը չի տվել: «Նա չի ասում, թե ինչպե՞ս պետք է հասնել, ի՞նչ միջոցներ պետք է օգտագործել նպատակին հասնելու համար: Բայց եթե նա կարողանա այս դավաճանների ու հանցագործների իշխանությունը տապալել, կդառնա այն մարդը, ով մտածում է ժողովրդի մասին: Բայց կրկնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում, թե իր պայքարն ո՞ւր է տանելու և ի՞նչ միջոցներով: Կարևոր է հասարակությանն ասել, թե որ քայլը ուր կտանի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը այս մասին դեռ չի հայտարարել»,- մասնավորեցրեց Ե. Աբգարյանը: Մեր հարցին, թե Ձեր կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպե՞ս պետք է վարվի, որ այս անգամ ընդդիմությունը հաղթի, ՀՀՇ անդամը պատասխանեց. «Տարբերակները շատ են: Այնպես չէ, որ պետք է կա՛մ ընդունել արդյունքները, կա՛մ անորոշ ժամանակով հանրահավաքներ անել: Կարելի է սկսել հանրահավաքներով, երթերով, բայց հետո անել այնպիսի քայլ, որն իշխանությունը չսպասի իրենից»: Երջանիկ Աբգարյանը նաև կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործողություններում երկու սխալ է թույլ տվել: Առաջինը, ըստ նրա, հանրահավաքը հենց ընտրությունների հաջորդ օրը չսկսելն էր ու դրանով իսկ ժամանակ կորցնելը: Իսկ երկրորդ սխալը, Երջանիկ Աբգարյանի պնդմամբ, Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկն էր` հանդիպել իր հետ, ընդունել, որ ընտրությունները կեղծվել են, ու շնորհավորել իրեն:

Տեսանյութեր

Լրահոս