Րաֆֆու անավարտ օրվա ամփոփումը (տեսանյութեր)

Այսօր ժամը 13:00-ին Ազատության հրապարակում, մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ պնդելով, որ լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, «չի թույլատրել այսօր, այս ժամին, հավաք կազմակերպել Ազատության հրապարակում»: Ի պատասխան Օսիպյանի այս հայտարարության՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես ձեզ ողջունեցի, դուք ինձ չե՞ք ողջունում»: Ավելի ուշ իր հրապարակային խոսքում Ր. Հովհաննիսյանն ասաց.

«Սա Րաֆֆիի  կամ Սերժի, Րաֆֆիի կամ փոխգնդապետի վեճը չէ, սա մեր երկրի ապագան է, որ կերտվում է, և անգամ այս բանավեճը ես ողջունում եմ: Շնորհակալ եմ գնդապետ Օսիպյանին, որ ինքն ինձ ձեր աչքի առաջ հրավիրեց բանավեճի: Ես իրեն ասացի, որ պատրաստ եմ որպես Ձեր կողմից ընտրված նախագահ՝ ենթարկվել ՀՀ սահմանադրությանն,  օրենքին: Եթե ես խախտեցի օրենքը, պահանջում եմ, որ Օսիպյանը գա ինձ մոտ և ենթարկեցնի ինձ օրենքին»:

Րաֆֆի Հովհաննիսյան ասաց, որ ինքը և Սերժ Սարգսյանը միմյանց և՛ հարգում են, և՛ քննադատում, ինչը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ միմյանց չի խանգարում: Հայտարարությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքով բարձրացավ նախագահական նստավայր՝  հանդիպելու Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը՝ Արմեն Արզումանյանը, հայտարարություն էր տարածել, որ վերջինս պատրաստ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Ենթադրելով, որ Սերժ Սարգսյանն այսօր չի գալու հրապարակ՝ իմ հրավերին ի պատասխան, ես գնում եմ նրա մոտ՝ հանդիպելու և լուծում տալու համազգային ճգնաժամին»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դեպի նախագահի նստավայր  ճանապարհին, չմոռացավ բարևել ու ողջունել քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց որպիսությամբ: Նա իր համակիրներին կոչ էր անում փողոցն անցնել սահմանված կարգով՝ կանաչ լույսի տակ, ու չխախտել սահմանադրական նորմերը: Նախագահական նստավայրից քիչ հեռու Րաֆֆի Հովհաննիսյանին «դիմավորեցին» ոստիկանները՝ փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի գլխավորությամբ, ու կոչ արեցին համակիրներին՝ չխախտել «Հանրահավաքների ազատության մասին օրենքի» 19-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի՝ ժողովուրդը պետք է գտնվի նստավայրից համապատասխան հեռավորության վրա՝ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մոտ, և այնտեղ սպասել Ր. Հովհաննիսյանին: Վերջինս համաձայնեց փոխոստիկանապետի առաջարկին ու խնդրեց իրեն սպասել նախանշված վայրում: «Միշտ չէ, որ համաձայն ենք գնդապետի  հետ, բայց այսօր համաձայն ենք»,- իր համակիրներին ասաց Ր. Հովհաննիսյանը:

Այս ընթացքում ոստիկանները հսկում էին Բաղրամյան փողոցի այն հատվածը, որտեղ կանգնած էին համակիրները: Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս կգար նախագահական նստավայրից, ակտիվիստ-համակիրները երգում էին ու վանկարկում՝ «Րաֆ-ֆի, նա-խա-գահ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների հետ կապված հարցերին խոստացավ պատասխանել վաղը՝ Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում:

Տեսանյութեր

Լրահոս