Էլի մեր լեռների պես
Եթե նկատեցիք` մեր տնտեսությունն իրեն անսասան պահեց: Մեր լեռների պես: Կարծես ոչինչ չէր կատարվում: Նախընտրական ու ընտրական թոհուբոհը որևէ աղերս չունեցավ: Այդ զարգացած կոչվող երկրներում է, որ տնտեսական ցուցանիշներն ու գործընթացները վեր ու վար են անում քաղաքական գործընթացների հետ: Այդ հեռավոր ԱՄՆ-ում են բորսաները տնտեսությունը ցնցում իրենց նախագահ Օբամայի կամ ազդեցիկ պաշտոն ունեցող որևէ գործչի ծրագրային ելույթներից հետո: Այդ զարգացած կոչվող երկրները մեզանից սովորելու ահագին բան ունեն: Հատկապես տնտեսության կառավարման ոլորտում: Փետրվարի 18-ին երկրում նախագահական ընտրություններ էին: Իսկ մեր անվեհեր Ֆինանսների նախարարությունը փետրվարի
19-ին պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ էր կազմակերպել: Պարզ բառերով ասած` բաց տեքստով հայտարարել էր, որ պետությունը պատրաստվում է երկու տարի ժամկետով դրամ պարտք վերցնել: Ու տեսեք, թե ինչ ստացվեց: Աճուրդին 7 գործակալ էր ներկայացել: Ներկայացել ու ասել էին, որ պատրաստ են պետությանը 6 մլրդ 400 մլն դրամ պարտք տալ: Այսինքն` տնտեսվարողների համար ընտրություններն ամենևին էլ անսպասելի ու ռիսկային գործ չեն: Դրամն էլ այս ամբողջ ընթացքում իրեն խիստ կայուն պահպանեց: Շուկայական տնտեսություն կոչվածի ոչ մի երևույթ անակնկալ չէ ոչ մեր կառավարիչների, ոչ գործարարների համար: Ով` որքան տարադրամի պահանջարկ ուներ` բավարարեց: Հավանաբար, նախապես ձեռք բերած պայմանավորվածության համար: Ու այն, որ մեր քաղաքական համակարգում որևէ լուրջ ցնցում ու արտառոց բան չի լինի, ապացուցվեց պետական պարտատոմսերի աճուրդում: Նախ` պետությունն իրեն ժուժկալ պահեց: 6,4 մլրդ պահանջարկից պարտք վերցրեց ընդամենը 3,5 մլրդ դրամ: Այսինքն` մեր ֆինանսական համակարգի գործարարները լիովին վստահ են, որ առաջիկա երկու տարում դրամի արժեզրկումը չի գերազանցի տարեկան 14 տոկոսի ցուցանիշը: Որովհետև նրանք 3,5 մլրդ դրամը պետությանը հենց այդ գնով էլ պարտք տվեցին: Հիմա քաղաքական վերլուծություններում կենտրոնական թեմաներից մեկն օլիգարխների վարքն է: Տնտեսության տեսանկյունից` այստեղ ոչ մի անհայտ չկա: Ֆինանսական լուրջ միջոցներ տնօրինողները հստակ ենթարկվում են մինչ այս ձևավորված խաղի բոլոր կանոններին: Իսկ սա իշխանություններին հնարավորություն կտա զարգացող տնտեսության պատկեր ձևավորել: Գոնե թղթի վրա: Վիճծառայությունը հենց ընտրությունների հաջորդ օրը հրապարակեց, որ զարգացման ու արտահանման տեմպերով` այս տարվա հունվար ամիսը գերազանցում է նախորդին: Չի կարելի վստահ պնդել, թե մեր վիճակագիրները մոռացել են, որ 2012-ի հունվարը չորս աշխատանքային օրով (համարյա 20 տոկոսի չափով) կարճ էր 2013-ի հունվարից: Ինչ-որ մեկը ժամանակին նկատել է, որ «վիճակագրությունը մինի յուբկայի պես բան է` հրաշալի մտքեր է ծնում, բայց թաքցնում է ամենագլխավորը»: Իսկ մեր վիճակագրությունն ահագին թաքցնելու բան ունի: Օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայտնի է, որ մեր երկրի զարգացման տեսլականում կառավարությունը հենց այդ ոլորտն առաջինը հայտարարեց գերակա: Հայտարարեց ու միշտ հպարտանում է այդ փաստով: Ընդհանրապես մեր կառավարությունը հպարտության երկու օբյեկտ-ոլորտ ունի: Մեկը ՏՏ-ն է (ռուսական համանուն ատրճանակի հետ չշփոթել), մյուսը` բանկային համակարգը: Վերջինս պաշտոնական վերլուծություններում, երկրի տնտեսական զարգացման ծրագրերում անձեռակերտ հրաշալիքի կարգավիճակ ունի: Ու հանկարծ այս տարվա փետրվարի սկզբին այդ երկու ոլորտները մեկտեղվեցին: Նախ` հայտարարվեց, որ բարելավվելու է հայկական բանկային «ԱրՔա» քարտերի սպասարկման ծրագրային համակարգը: Ենթադրվում էր, որ այն մի քանի օր կտևի: Դեռ երկու տարի առաջ էին իշխանությունները հատուկ օրենսդրությամբ բոլոր գործատուներին պարտադրել աշխատավարձերը վճարել քարտային համակարգով: Գործատուները, բնականաբար, ենթարկվել էին ու այս տարի, որպես կանոն, չկարողացան աշխատավարձերը վճարել նույն օրենսդրությամբ պարտադրվող ժամկետներում: «ԱրՔա» համակարգի ծրագիրը գործում է խափանումներով: Առևտրի ոլորտը համարյա պարալիզված է: Աշխատավարձերի ուշացման պատճառով կտրուկ նվազել են մանրածախ առևտրի ծավալները: Նույնիսկ ենթադրվող ընտրակաշառքներն, ըստ խանութպանների, պատկերը չփոխեցին: Պատճառը, հավանաբար, նախորդ ընտրությունների հետ համեմատած` ընտրակաշառքի ավելի համեստ ծավալներն էին: Վերադառնանք ՏՏ ոլորտին: Մեր տնտեսական կյանքում այն ներդրվում է համարյա ամենուր: Առանց նույն տնտեսական նպատակահարմարության ու արդյունավետության հաշվարկների: Կոռուպցիայի, անհարկի վարչարարության ու լիքը նման բաների դեմ պայքարի վսեմաշուք նպատակներից ելնելով` մեր հարկային համակարգում ներդրվել էր «Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը»: Գործարարներին հարկային մարմիններում ժամանակ չկորցնելու համար առաջարկվել էր հաշվետվությունները էլեկտրոնային միջոցներով ուղարկել: Հիմա գործարարները շփոթի մեջ են: Ֆեյսբուքահայերենով ասած` «Պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը կախվել է»: Այսինքն` գործարարներն օրենքով պարտադրված ժամկետներում չեն կարողանում իրենց հաշվետվություններն առաքել ՊԵԿ գրասենյակներին: Հետևաբար` վախենում են, որ ՊԵԿ-ը կօգտվի օրենքով իրեն վերապահված իրավունքից ու տույժ-տուգանքներ կնշանակի: Նկատեցի՞ք, ինչ «ճիշտ» ժամանակին են նոր տեխնոլոգիաները խափանվում Հայաստանում: Մարդկանց աշխատավարձերի վճարումն ուշանում է նախագահական ընտրությունների սեմին: Հարկային հաշվետվությունների համակարգը «կախվում է» եռամսյակային ու տարեկան հաշվետվությունները ներկայացնելու օրերին: Հետևաբար Ռուբեն Հախվերդյանի «Ո՞վ է սրա տերը» հարցն ու պոետական անմիջականությամբ տրված պատասխանը դառնում է այժմեական: Լսեք Ռուբեն Հախվերդյան: