Ֆրանսուա Օլանդը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ի թիվս մի շարք երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Նախագահ,
Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ, բոլոր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու Ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող Ձեր ջանքերին:

Ընտրություններից հետո, վերահաստատում եմ նաև վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության: Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը:

Օգտվում եմ առիթից վերահաստատելու իմ անձնական կապվածությունը մեր երկու ժողովուրդներին միավորող բարեկամությանը: Համոզված եմ, որ մեր հետագա երկկողմ ձեռնարկումները հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր համագործակցությունը՝ մասնավորապես տնտեսական ոլորտում, որը նույն բարձրության վրա չէ, ինչպիսիք մեր քաղաքական շփումներն են»:

Տեսանյութեր

Լրահոս