Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանից Ազատության հրապարակում իշխանություն ընդունել. Գալուստ Սահակյան
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի վերաբերյալ Գալա TV-ի լրագրողը զրուցել է ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, փաստորեն ժողովուրդը դարձյալ Ազատության հրապարակում է և դարձյալ նույն պահանջով, այն է՝ իշխանափոխություն: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
-Անհեթեթ է, եթե առավելն են ուզում, արդեն անհեթեթության դաշտն են ընկնում, խոսքը մարդկանց չի վերաբերում, այլ ուղղորդողներին, բնականաբար դրական չենք գնահատում երևույթը, և կարծում եմ՝ փորձում են սցենարներ ստեղծել, նորից ժողովրդին գրգռել, անհույս ճանապարհ դնել, այս անգամ կարծում եմ, որ այդ կերպ չի կարելի թույլ տալ, քանի որ ժողովուրդը երբեք մեղավոր չի նման երևույթներին մասնակից լինելու համար: Ժողովուրդը խնդիրներ ունի, և փորձում են այդ խնդիրները շահարկել, օգտագործում են ժողովրդին, իսկ ժողովուրդը ոչ մեկի չի պատկանում, և մեզ համար տեղի ունեցածը տրամաբանորեն ընդունելի չէ:
-Բայց խոսք է գնում անարդար ընտրությունների մասին, և ժողովուրդն այսօր պայքարում է հանուն արդարության, մի՞թե այդ ամենը բնական չի կարելի համարել:
-Բոլոր այն երևույթները, որոնք օրենքի շրջանակներում կլինեն, բնականաբար ընդունելի են, իսկ բոլոր այն պրոցեսները, որ փորձ կկատարվի օգտագործել և վտանգել ժողովրդի ճակատագիրը օրենքի շրջանակներում, կարծում եմ, որ բավարար կլինի մարդկանց հասկացնելու, որ բավարարվեք այնքանով, ինչքան որ ունեք:
– Փաստորեն ժողովուրդը դեռ Ազատության հրապարակում է, և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սպասելու է վաղվան՝ ՀՀԿ հավաքի ժամանակ անձամբ Սերժ Սարգսյանից իշխանությունը ստանալու:
-Դա հոգեբաններից ու հոգեբույժներից հարցրեք, ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանից Ազատության հրապարակից իշխանություն ընդունել, էդպես կարող է խոսել հոգեվարքում գտնվող որևէ անձ, ես չեմ կարծում, որ այդ վիճակում կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Կարծում եք, որ երկրում տեղի ունեցող այս զարգացումների արդյունքում ժողովուրդը հերթական հիասթափությունը կապրի՞:
-Ժողովուրդը հիասթափվող ժողովուրդ չի, ոչ էլ շահարկվող, պարզապես արկածախնդիր մարդիկ փորձում են ժողովրդին հուզող խնդիրները դարձնել իրենցը և սկսել պրոցեսներ, որոնք կարող են վտանգել նաև Հայաստանին, ժողովրդին և հենց իրենց: