Գյումրիում բողոքի ակցիային միացել են նաև մտավորականները
Գյումրեցի երիտասարդներ այսօր շարունակեցին դեռ նախորդ օրը սկսած բողոքի ակցիան՝ այս անգամ ավելի մեծ թվով: Նրանց միացել էին նաեւ գյումրեցի մտավորականներն ու տարեցները, տեղեկացնում է Գյումրու Ասպարեզ ակումբը:
Ակցիայի մասնակիցները ժամը 17-ին նախ հավաքվեցին Գյումրու Թատերական հրապարակում ու սպասեցին մինչ Երեւանի Ազատության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը: Երիտասարդները բացատրեցին, որ այս ակցիայով ուզում են հնարավորություն ստեղծել, որ բողոքի իրենց ձայնը բարձրացնեն նաեւ ընտրության արդյունքներից դժգոհ բոլոր այն գյումրեցիները, ովքեր հնարավորություն չունեն Երեւանում անցկացվող հանրահավաքին մասնակցել, բայց ուզում են տեր կանգնել իրենց քվեներին:
-Գյումրուց Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ 70 տոկոս ձայն, յուրաքանչյուր գյումրեցի երկրի ղեկավար է ուզում տեսնել իր ընտրած նախագահի թեկնածուին: Բոլորին կոչ ենք անում հետեւել մեր հավաքի ընթացքին ու հնարվորինս մասնակից դառնա ու միանա մեզ, որպեսզի կարողանանք մեր ասելիքը տեղ հասցնել,- ասաց ակցիայի կազմակերպիչներից «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամ Եղիշե Շարյանը:
-Սա պայքար է ու վերջնական մի տեղ պիտի հանգի: Ես այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ տեսնում եմ վերջնական մի հանգրվան: Ժողովուրդն է հաղթել, մենք ենք հաղթել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մեկտեղ: Սա իմիտացիա չէ, սա իրոք հաղթանակ է, ու ես այսօր եկել եմ այստեղ շնրհավորելու ժողովրդի հաղթանակը,- ասաց գյումրեցի հայտնի քանդակագործ Զավեն Կոշտոյանը: