
«Նաիրիտում» հրդեհ չկա, պարզապես եղեգ է այրվել

Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանում հրդեհ բռնկվելու մասին շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին փետրվարի 20-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
«Գործարանի տարածքից դուրս եղեգ է աճում, դրանց մոտ բռնկված հրդեհն արդեն մարվել է»,- պարզաբանեց Հարությունյանը:
Արհեստական կաուչուկի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանը հիմնվել է 1940 թվականին: «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» միջազգային ընկերությունը 2006 թվականին գնել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը: Բաժնետոմսերի մնացած տասը տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: 2008 թ․ դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատանքը դադարեցվել է ֆինանսական ճգնաժամի պատճառով: