Ամփոփվել են «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթն ամփոփող միջոցառմանը:
Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրով, որը ներառվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակա խնդիրների ցանկում:
Մրցույթի հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ: Մի խումբ ուսանողների պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ՝ բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս մրցույթն ուսանողների ինքնակազմակերպման դրսևորումներից մեկն է: Այն ֆինանսական միջոցները և պարգևները, որոնք հանձնվել են ձեզ, մի նպատակ ունեն՝ խթանել, որպեսզի դուք ապրեք ակտիվ ուսանողական կյանքով և ստանաք որակյալ կրթություն: Մրցակցությունը գիտելիք ստանալու բնագավառում կարևոր է, քանի որ դրա շնորհիվ է ստեղծվում առողջ մթնոլորտ և ձգտում՝ կատարելագործել ու ավելացնել գիտելիքները»,– ասել է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կդառնա ավանդական:
Մրցույթը կազմակերպվել է երկու փուլով` ներբուհական և միջբուհական/հանրապետական: Այն անցկացվել է չորս ոլորտով՝ գիտահետազոտական աշխատանք/հումանիտար, ստեղծագործական աշխատանք /մշակույթ, արվեստ/, ուսանողական ինքնակառավարում և սպորտ:
Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում առաջին տեղ զբաղեցրել է 12, 2-րդ տեղ` 11 և 3-րդ տեղ` 10 ուսանող:
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառա¬վարման և սպորտի ասպարեզներում, ինչպես նաև նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում:
Մրցանակաբաշխությունից հետո Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացին, կրթության որակի բարձրացմանն ուղղված հետագա քայլերին ու ծրագրերին առնչվող հարցեր: