Բաժիններ՝

Գևորգ Ալթունյանը պարզաբանում է իր հասցեին հնչած մեղադրանքները

Հեռուստամեկնաբան Գևորգ Ալթունյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցում այն մեղադրանքների առնչությամբ, որ իր հեղինակային «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում կողմնակալություն է դրսևորել ընդդիմադիր ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ կուսակցությունների և որոշ թեկնածուների հանդեպ։

«Պարզաբանում.
Լրատվամիջոցներից մեկն այսօր մեջբերել էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցից մի հատված, ըստ որի` ես իմ հեղինակային «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում «կողմնակալություն» եմ դրսևորել ընդդիմադիր ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ կուսակցությունների և որոշ թեկնածուների հանդեպ: Տեղեկատվությունն այս օրվա ընթացքում մի շարք շահարկումների և թյուրըմբռնումների տեղիք տվեց, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ
1. «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում, խոսելով նախագահական ընտրությունների մասին, նշել եմ, որ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին, ինչը փոքր-ինչ անհասկանալի է` նկատի առնելով քաղաքական ուժի գործունեության իմաստն ընդհանրապես: Նույն բաների մասին խոսում էր հանրության մի պատկառելի հատվածը: Անկեղծորեն` զարմացած եմ, թե ինչպես են դիտորդներն այս ձևակերպման մեջ «կողմնակալություն» գտել ու սև PR-ի տարրեր:
2. Խոսելով թեկնածուների մասին՝ նրանց բաժանել եմ երկու մասի՝ հիմնական թեկնածուների` Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան ու Պարույր Հայրիկյան, և երկրորդ խումբ, որտեղ կան որոշ թեկնածուներ, որոնք որևէ գաղափար չեն ներկայացնում, որևէ ասելիք չունեն և անլրջացնում են ամբողջ ընտրապայքարը: Ընդ որում, չեմ նշել կոնկրետ անուն, բայց հիմա պարզ ասում եմ, որ ի նկատի եմ ունեցել մասնավորապես` Արամ Հարությունյանին և Վարդան Սեդրակյանին: Եթե սրանում նույնպես հնարավոր է «կողմնակալություն» գտնել, ուրեմն եվրոպացի դիտորդները բացարձակ տեղյակ չեն հանրային տրամադրություններից և որ նույն բաները, անհամեմատ կոշտ ձևակերպումներով, հնչում էին հազարավոր մարդկանց շուրթերից: Կրկնեմ` նույնիսկ այդ պարագայում էլ կոնկրետ թեկնածուի անուն չեմ նշել: Դրա փոխարեն մի քանի անգամ նշել եմ, որ որոշ թեկնածուներ, մասնավորապես` Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, բացառապես հարգանքի են արժանի` իրենց ընտրարշավի, մարդկային ու մասնագիտական որակների համար: Սակայն այս դրվագները դիտորդները չեն նկատել:
3. Նշվածի վերաբերյալ նամակով դիմել եմ առաքելությանը, բայց պաշտոնական պատասխան այդպես էլ չեմ ստացել: Փոխարենը` առաքելության անդամներից մեկը «խորը ափսոսանք» էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
Եզրափակելով. Առաջին լրատվականը, իր բոլոր լրատվական և վերլուծական հաղորդումներում, ամբողջ քարոզարշավի ընթացքում դրսևորել է ծայրահեղ անաչառություն և ծայրահեղ անկողմնակալություն թեկնածուների ընտրարշավի լուսաբանման հարցում և առնվազն անհասկանալի է, երբ փորձ է արվում ոչ հիմնավոր դիտարկումների հաշվին ստվերել կատարված աշխատանքը»,- գրել է Գ. Ալթունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս