
Զարուհի Փոստանջյանը՝ Սերժ Սարգսյանին. Ումի՞ց եք վախենում՝ ժողովրդի արդար քվեի՞ց

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ այսօր այստեղ հավաքել ենք, որ միմյանց շնորհավորենք 91 թվականից այս կողմ առաջին անգամ մեր ընտրության հաղթանակի համար: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ստիպված է իր խոսքն ուղղել Սերժ Սարգսյանին, ով երեկ նշում էր իր հաղթանակը:
«Սերժ Սարգսյանը հավաքել էր մի խումբ մարդկանց, ում համարում է իր թիմը, ու նշում էր իր հաղթանակը: Հարգելի Սարգսյան, Բաղրամյան 26-ը Ձեզ համար դարձրել եք ոչ թե նստավայր, այլ բանտարկության վայր: Եվ այսօր Դուք չեկաք այստեղ՝ Ազատության հրապարակ, որովհետև երեկ բանտարկեցիք Ձեզ: Դուք չեկաք, որովհետև վախենում եք: Բայց ումի՞ց եք վախենում՝ ժողովրդի արդար քվեի՞ց: Դուք Ձեզ մարմնավորել եք չարի մեջ: Դուք մարդկային կերպարի մեջ մարմնավորում եք չարը: Բայց մենք չենք ցանկանում առնչվել չարի հետ ու գնալու ենք հանուն մեր երկրի»,- հայտարարեց պատգամավորը: