
Լրագրողների նկատմամբ ոտնձգությունները` դատախազության ուշադրության կենտրոնում

Նախագահական ընտրությունների ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը գտնվում են դատախազության ուշադրության կենտրոնում: «Փաստինֆոյի» հետ զրույցում հավաստելով այս մասին, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը նախ ճշտեց, որ դատախազության դիտարկումներով քվեարկության օրն արձանագրվել է այդպիսի ոչ թե 2 դեպք, որոնց մասին հիշատակել են լրագրողական կազմակերպություններն այսօր տարածած հայտարարության մեջ, այլ 5 դեպք:
– Համենայն դեպս, դատախազությունը հինգ ահազանգ առանձնացրել է քվեարկության օրը կատարված մշտադիտարկման արդյունքում, և ուղարկել ոստիկանության ստորաբաժանումներ` նյութեր նախապատրաստելու,- ասաց գլխավոր դատախազի խորհրդականը:- Ահազանգերից երկուսը վերաբերում է Երևանում, մնացած երեքը մարզերում կատարված դեպքերին: Բոլոր այդ դեպքերով կատարվում է քննություն, և, ըստ արդյունքների, կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ:
Ս. Տռուզյանի տեղեկացմամբ, քննության առարկա են դարձվել նաև վստահված անձանց, դիտորդների, ինչպես նաև որոշ հանձնաժողովների առանձին անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու կամ կաշառելու փորձերի վերաբերյալ ահազանգերը: Դատախազության պահանջը մեկն է` ապահովել դեպքերի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունը՝ սեղմ ժամկետներում: Քննության ոչ միայն վերջնական արդյունքների, այլև ընթացքի մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի: