Միջազգային դիտորդների՝ իրականությանը չհամապատասխանող գնահատականներից չհիասթափվեք
Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, չհիասթափվել միջազգային դիտորդների կողմից տրված` իրականությանը չհամապատասխանող գնահատականներից և հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին:
Նա ցավով արձանագրում է, որ միջազգային դիտորդները, 2008թ. իրենց գնահատականներով ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար` ուժ և ճնշումներ կիրառելու՝ հանուն ընտրական իրավունքի պայքարող քաղաքացիների դեմ: Սակայն վստահ է, որ դա չի կարող կասեցնել քաղաքացիների պայքարը մեր երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու գործում:
Ըստ նրա բոլորն էլ հասկանում են, որ ընտրությունները Հայաստանում չեն կարող բնութագրվել մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ, որովհետև շարունակաբար ուղղորդվում են զանգվածային ընտրակաշառքի բաժանմամբ և քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրմամբ: Ընտրությունների միջազգային դիտարկումները չեն ենթադրում առաքելության անդամների համար քաղաքական, իրավական կամ բարոյական պատասխանատվություն և երաշխավորված չեն կոռուպցիոն ռիսկերից:
«Ամբողջությամբ համակարծիք եմ քաղաքացիական հասարակության այն անդամների հետ, ովքեր համաձայն չեն միջազգային դիտորդների կողմից փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին տրված գնահատականին»,- նշել է Անդրիաս Ղուկասյանը:
«Փաստինֆո»