«Ր.Հովհաննիսյանը այնպիսի բան կարող է հայտարարել, որ բոլորը կզարմանան». Ա. Բախշյան

«Մենք հանձնաժողովների 95 տոկոսներում ունեցել ենք ներկայացուցիչներ, բայց միշտ չէ, որ այդ մարդիկ կարողացել են պաշտպանել իրենց և իրենց թեկնածուին: Մենք այսօր արդեն ստույգ գիտենք, թե որ գյուղում ինչու և ինչպես է եղել քվեարկությունը իրականում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի փիարը ազդեցիկ էր ու խելացի:

«Այո, ժողովուրդը հասկացավ ու վերջապես ձերբազատվեց իր մեջ նստած ստրուկի կարգավիճակից: Ես անգամ չէի հավատում նման իրավիճակի առաջացմանը, բայց հենց Ր.Հովհաննիսյանն էր անընդհատ կրկնում, որ իսկապես իրավիճակը փոխվել է: Բարի ու բարոյական քարոզչությունը հաղթեց, ոչ թե ատելության քարոզարշավը հաղթեց: Րաֆֆին համոզեց ժողովրդին, որ իր ձայնը կարևոր է և ունակ է իրավիճակ փոխել, չնայած ընդդիմության տարբեր հատվածներ կոչ էին անում բոյկոտել ընտրությունները»,- ասաց Անահիտ Բախշյանը: Այն հարցին՝ հնարավո՞ր է Ր.Հովհաննիսյանը իշխանության հետ համատեղ կառավարություն կազմի, Անահիտ Բախշյանը նշեց. «Րաֆֆի մեսիջը դրա մասին չէ, համատեղ կառավարման մասին չէ»:

Անահիտ Բախշյանի խոսքով՝ համագործակցության ձևերը շատ տարբեր են, և անհնարինը կարող է հնարավոր դառնալ ճիշտ մոտեցումների դեպքում: Սակայն միանշանակ է, որ չի կրկնվելու 96թ սցենարները, ԱԺ դարպասները մագլցողներ չեն լինի: Արդեն իսկ երեկ Ազատության հրապարակում են եղել Նիկոլ Փաշինյանը, Սմբատ Այվազյանը, Զոյա Թադևոսյանը: Ըստ Ա.Բախշյանի, բազմաթիվ քաղաքական գործիչներ հասկացել են, որ իրենք այսօրվա իրադարձությունների համար վաղը պատասխանատվություն են կրելու , թե հնարավորությունից օգտվելու, թե հնարավորությունը անտեսելու համար: ԳԱԼԱ-ի այն հարցին՝ այսօր Ր.Հովհաննիսյանը կկարողանա՞ մոբիլիզացնել քաղաքական ուժերին ևս, Անահիտ բախշյանը նշեց.

«Ր.Հովհաննիսյանը հայրենասեր ու սկզբունքային մարդ է և իր ժողովրդին փորձության չի տանելու: Չի կրկնվելու արդեն եղած որևէ սցենար: Ժամը հինգին կգաք հրապարակ, Ր.Հովհաննիսյանը կասի, թե ինչ է եղել երեկվանից մինչև այսօր: Բայց այնպիսի տարբերակ կարող է լինել, որ բոլորս զարմանանք,և ոչ մեկի մտքով չանցնի: Այս ամենի նպատակն է իշխանությունը փոխանցել ժողովրդին: Ամեն դեպքում ոչ մի գաղտնի գործարք չի լինելու: Ինչ էլ որ լինի, Րաֆֆին հայտարարելու է ամեն ինչի մասին բաց ու թափանցիկ՝ Ազատության հրապարակում: Այսօր բեկումնային փոփոխություն է տեղի ունեցել քվեարկության մեջ, քանի որ ժողովուրդը հավատաց իր ձայնին ու մերժեց ռեժիմին: Մենք ունենք տոտալ համախմբվելու և խնդիրներ լուծելու կարիք»:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս