«Ժառանգությունը» կարող է հավակնել առաջին ընդդիմադիր ուժի կոչմանը».Գագիկ Մինասյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ետընտրական երկու սցենար է տեսնում. կամ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն գործընթացները տանում է օրենսդրական ճանապարհով, կամ ինքնահռչակվում է հաղթած թեկնածու։ Ճանաչելով Րաֆֆի Հովհաննիսյանին` Գագիկ Մինասյանը հավանական է համարում առաջին տարբերակը:
«Որքան ես եմ ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին, բավական լուրջ, հեռատես քաղաքական գործիչ է և կընտրի առաջին սցենարը, այսինքն` նա կփորձի ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում` որպես ընդդիմադիր դաշտի ամենահզոր քաղաքական ուժ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: Գագիկ Մինասյանի կարծիքով, այն ձայները, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է նախագահի ընտրությունների ընթացքում, բավական լուրջ քաղաքական կապիտալ է, որը նա պահպանելու և ավելացնելու հնարավորություն կունենա մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգությունը» կատարեն ճիշտ քաղաքական քայլեր և փորձեն համոզել ընտրազանգվածին, որ իրենք այդ ընտրազանգվածի հույզերի և մտքերի արտահայտիչն են և քաղաքապետարանի ընտրություններում ևս ապացուցեն, որ իրենք են այդ քաղաքական կապիտալի տերը, ես կարծում եմ, որ մեր քաղաքական իրողության մեջ «Ժառանգությունը» կարող է հավակնել առաջին ընդդիմադիր ուժի կոչմանը»,-ասաց Գագիկ Մինասյանը: Նրա կարծիքով, այն քաղաքական ուժերը, որոնք չէին մասնակցում ընտրություններին, կդրդեն «Ժառանգության» կուսակցությանը և նրա լիդերին քայլերի, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում՝ ոչ նրանց, ոչ երկրի համար: «Տևական ժամանակ է` ընդդիմադիր քաղաքական դաշտում գործող ուժերը, չմասնակցելով բուն գործընթացներին, փորձում են ազդել քաղաքական գործընթացների վրա, որն անթույլատրելի է»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Գագիկ Մինասյանը այս ուժերին նաև մեղադրեց այն բանում, որ փորձում էին տպավորություն ստեղծել, թե ընտրությունները չեն լինի մրցակցային, այնինչ ընտրությունների ընթացքը բոլորովին այլ բան ցույց տվեցին: Իբրև համոզիչ փաստարկ` Գագիկ Մինասյանը շեշտեց այն հանգամանքը, որ 41 ընտրատարածքներից յոթում նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյան է եղել առաջատարը: