Մհեր Սեդրակյանը` լրագրողներին. «Ոնց որ գողական ըլնեք». մամուլ
««Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների գիշերը՝ 18 լույս 19-ին, Երևանի էրեբունի վարչական համայնքում «Առավոտի» և Panorama.am-ի թղթակիցների և ՀՀԿ շտաբից դուրս եկած մի երիտասարդի միջև միջադեպ էր գրանցվել, որի ընթացքում վնասվել է «Առավոտի» տեսախցիկը:
Լրագրողները էրեբունի վարչական շրջան գնացել էին «Ժառանգության» շտաբից ստացած ահազանգերի հետքերով, այնուհետև որոշեցին պարզաբանումներ ստանալ նաև ՀՀԿ էրեբունու տարածքային շտաբից, ինչպես նաև ստանալ ընդհանուր ընտրական գործընթացներին վերաբերող հարցերի պատասխաններ»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Ընտրատեղամասերում արդեն մոտ երեք ժամ էր, ինչ հաշվարկ էր ընթանում: Ի դեպ, ՀՀԿ տարածքային շտաբը գտնվում էր թաղապետարանի հարևանությամբ, քաղաքապետարանին պատկանող վարչական շենքի երրորդ հարկում: Մեր այցելության պահին շտաբի մոտ «ջիպ»ազգի մեքենաների կուտակումներ էին: Մինչ մենք կփորձեինք բարձրանալ երրորդ հարկ, որտեղ գտնվում էր շտաբը, երկու երիտասարդներ հարցուփորձով ճշտումներ էին կատարում՝ թե ովքեր ենք:
Տեղեկանալով, որ լրագրողներ ենք, վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան և մտնելով շտաբ՝ արագ ներսից կողպեցին դուռը: Ակնհայտորեն ներսում ինչ-որ բան էր կատարվում, և պարզ չէր, թե ինչո՞ւ չեն թողնում մեզ ներս: Բնականաբար, հետաքրքրությունը մեծ էր, և մի տևական ժամանակ մենք թակում էինք շտաբի դուռը՝ հույսով, որ ինչ-որ մեկն, այնուհանդերձ, կարձագանքի:
Մի քանի րոպե անց շտաբից դուրս եկավ մի երիտասարդ և մեր հարցումներին, ի պատասխան, թե ի՞նչ էր կատարվում ներսում, ինչո՞ւ էիք կողպել դուռը, հորդուբորդով, անվայելուչ արտահայտություններ թույլ տալով՝ Aravot.am-ի թղթակցից փորձեց խլել տեսախցիկը:
Երիտասարդը պնդում էր, որ շտաբում մարդ չկա, շտաբի պետը տեղում չէ: Սակայն վայրկյաններ անց ներսից դուրս եկավ էրեբունի վարչական շրջանից ընտրված ՀՀԿ- ական պատգամավոր, այդ տարածքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ մի խումբ ուղեկցորդների հետ:
Սեդրակյանը մեր հարցերին, թե ինչո՞ւ են փակել շտաբի դուռը, ի՞նչ են թաքցնում, նախ բավականին հանդարտ ասաց, որ թաքցնելու բան չունեն: Ապա, երբ փորձեցինք, ճշտել, թե ինչո՞ւ է իր աշխատակիցն իրեն այդքան ամբարտավան պահում, Մհեր Սեդրակյանը, մեղմ ասած, սկսեց մեղադրանքներ հնչեցնել լրագրողների հասցեին: Մհեր Սեդրակյանի և լրագրողների երկխոսությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:
-Ինչո՞ւ է երիտասարդը փորձում խոչընդոտել լրագրողների աշխատանքին:
-Բայց ի՞նչ ունեք հարցնելու:
-Գուցե ներս գայինք, ընդամենը պետք է թվեր հարցնեինք: Իսկ Դուք տեսա՞ք, թե ձեր աշխատակիցը իրեն ո՞նց պահեց: Ո՞նց պահեց իրեն էն տղան, որ հենց նոր իջավ:
-Պահակն ա եղել, երևի, հա՞:
-Պահակն էդքան լիազորություննե՞ր ունի, հա՞, էստեղից լրագրող վտարելու:
-Չգիտեմ՝ ով ինչ լիազորություն ունի, ոչ դուք էդքան լիազորություն ունեք, ոչ էլ մենք:
-Մենք մեր լիազորությունները չենք գերազանցում: Մենք մեզ նաև կոռեկտության մեջ ենք պահում: Ընդամենն ընտրական գործընթաց է, մենք պիտի գայինք, խնդրեինք, որ դուք մեզ թվերն ասեիք:
-Առայժմ կոնկրետ թվեր չունենք…
-Կարելի՞ է ներս հրավիրեիք մեզ, գուցե…
-Դե, ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք աստիճանների վրա բազար եք անում:
-Մենք բազար չենք անում, պարոն Սեդրակյան:
-Բա ի՞նչ եք անում: Ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք ընդեղ ռազբիրատ եք անում: Ոնց որ գողական ըլնեք: Անցեք ներս:
Շտաբում էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին նախարար և պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը, ՕԵԿ-ական նախկին նախարար էդուարդ Մադաթյանը, բազմաթիվ երիտասարդներ:
Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» թղթակցին անձամբ ճանաչելով՝ փորձեց հարթել միջադեպը, ինչից հետո Մհեր Սեդրակյանը խոստացավ գտնել և պատժել երիտասարդին, ով ամբարտավան պահվածք էր ցուցաբերել լրագրողների նկատմամբ: «Ձեր ներկայությամբ չենք պատժի, որովհետև ձեր համար շատ կլնի: Դուք ձեր չափի մեջ չեք: Դուք ձեզ էդքան լկտի չպահեք, ամեն ինչ կանենք»,- ասաց Սեդրակյանը՝ չլսելու տալով այն դիտարկումները, որ մենք իբրև լրագրողներ ենք մեզ դրսևորել՝ առանց ավելորդ քայլերի: Այդ ամենից հետո Սեդրակյանը փորձում էր համոզել, որ մենք «ապահով ձեռքերում ենք»»: