«Ծաղրանկարը ծաղր չէ, սրտին մոտիկ պետք չէ ընդունել, այն ուղղակի հումոր է». Tiqs (լուսանկարներ)
Վերջերս «Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանի (Tiqs) թվով 2-րդ ցուցահանդեսը։ Տիգրանն այս ցուցահանդեսին ներկայացրել էր ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների, հայկական և արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների, գրողների, դերասանների ծաղրանկարները։
168.am-ի զրուցակիցը ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանն է:
– Տիգրան, որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ծաղրանկարչությամբ։
– Արդեն հինգ տարի է։ Առաջին քայլն արեցի այն ժամանակ, երբ ես` որպես բարմեն, աշխատում էի երևանյան ակումբներից մեկում։ Հաճախորդներից մեկը շատ տարօրինակ տեսք ուներ, որոշեցի նրան նկարել։ Նկարն այդ աղջկան շատ դուր եկավ, նա ցույց տվեց ուրիշներին, սկսեցին իմ նկարը քննարկել։ Այս դեպքից հետո ես հետաքրքիր մարդկանց էի փնտրում, որ իրենց նկարեմ։ Սկսեցի ընկերներիս նկարել, և ամեն անգամ, երբ ինչ-որ երեկույթ էինք կազմակերպում, նկարներս հայտնվում էին ակումբի պատերին։ Իսկ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սովորելու տարիներին էլ ես չէի սիրում բնորդներին նկարել։ Այնպես ստացվեց, որ չորրորդ կուրսում կանգնած էի քոլեջից հեռացման եզրին։ Մինչ այդ քոլեջում չգիտեին, որ ես սիրում եմ ծաղրանկարներ նկարել։ Այդ ժամանակ ասացի նրանց, իսկ դասղեկս էլ ինձ ստիպեց ծաղրանկար անել, որից հետո ինձ թողեց հանգիստ ծաղրանկարչությամբ զբաղվել։
– Ինչո՞ւ որոշեցիք հենց ծաղրանկարիչ դառնալ։
– Ես այլ ոճերում էլ եմ նկարում, ուղղակի ծաղրանկարչությամբ եմ հիմա զբաղվում, որովհետև նրա մեջ պոզիտիվ կա։ Ամեն մեկն իր կյանքի ընթացքում ինչ-որ լուրջ գործ է կատարում, այլ հարց է` դա ինչ-որ մեկին պե՞տք է գալիս, թե՞ ոչ։ Ես տեսնում եմ, որ իմ նկարները դիտելիս՝ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվում։ Փորձում եմ նկարի մեջ պոզիտիվ ներդնել, որ այն դիտողներին փոխանցվի։
– Ինչպիսի՞ նյութերով եք սիրում աշխատել։
– Շատ տարբեր, եթե կարիք է լինում՝ նույնիսկ եղունգի լաքով եմ նկարում։ Նկարների մեծամասնության մեջ գերակշռում են յուղամատիտը, ջրաներկը, գրիչը։
– Ովքե՞ր են հայտնվում Ձեր գրչի թիրախում։ Ինչպիսի՞ն պետք է նրանք լինեն, որ որոշեք նրանց նկարել։
– Ես սիրով եմ նկարում այն մարդկանց, ովքեր ինձ ոգեշնչում են։ Շատերը մտածում են, որ ես հանրային դեմքերին եմ նկարում` կարծելով, թե իրենք կգան և կդիտեն։ Ես նկարել եմ այնպիսի մեծ դեմքերի, ինչպես` Էմմի Ուայնհաուս, Սալվադոր Դալի, որ հնարավոր չէ` իրենք ցուցահանդեսին ներկա գտնվեն։ Ես իրենց նկարել եմ զուտ իրենց անհատականության և ոգեշնչման էպիկենտրոն հանդիսանալու համար։
– Դուք անդրադառնում եք նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներին։ Նկարելուց առաջ տեղեկացնո՞ւմ եք նրանց։
– Կար ժամանակ, որ դիմում էի, բայց առաջին ցուցահանդեսից հետո՝ ում ցանկանում եմ, նկարում եմ և թույլտվության չեմ սպասում։
– Իսկ նրանցից ի՞նչ կարծիք եք լսել, երբևէ ինչ-որ խնդիրներ եղե՞լ են։
– Բոլոր նրանց, ում նկարել էի, ցուցահանդեսին հրավիրել էի։ Ոմանք եկան, ոմանք` ոչ, բայց գրեթե բոլորից կարծիքներ լսել եմ։ Հետաքրքիր արձագանքեց Շուշան Պետրոսյանը։ Երբ նկարը ցույց տվեցի, նա և՛ գնահատեց այն, և՛ մի քանի տեղին դիտողություններ արեց, և՛ խորհուրդներ տվեց։ Իսկ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մի մասն էլ ընդհանրապես ոչ մի արձագանք չտվեց։ Կարծում եմ` ճիշտ չէ, որ նկարիչն ուշադրություն է դարձնում նրանց, նկարում, բայց անպատասխան է մնում։ Թեկուզ ինչ-որ դիտողություն անեին, բայց անտարբեր լինելը սխալ է։ Ամեն մեկը չէ, որ կարողանում է ծաղրանկարն ընդունել։ Կարող են մյուսների նկարները տեսնելուց ուրախանալ, բայց իրենց սեփական նկարն իրենց խորթ է թվում։
– Վերջերս անդրադարձաք ՀՀ նախագահի թեկնածուներին։ Կպատմե՞ք` ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ նրանց։
– Ես քաղաքականությունից կիլոմետրերով հեռու եմ, և քաղաքական գործիչներն այն մարդիկ չեն, ումից կարող եմ ոգեշնչվել։ Երևի թե արդի թեմա էր, այդ պատճառով էլ հաճույքով նկարեցի։ Կարծում եմ` նկարները բավականաչափ ստացված են։ Ինձ ոգեշնչել էր ընդհանուր քաղաքական դաշտը, սակայն կարծում եմ, որ քաղաքական գործիչներին այլևս չեմ անդրադառնա։
– ՀՀ նախագահի թեկնածուներից ծաղրանկարների մասին ինչ-որ կարծիք լսե՞լ եք։
– Արձագանք է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Նրա կինը` Արմինե Հովհաննիսյանը, եկել էր ցուցահանդեսին, զրուցեցինք, նկարվեց ծաղրանկարի հետ։ Ընդհանրապես վատ արձագանքներ չեմ լսել, միայն Հրանտ Բագրատյանի ծաղրանկարը վիրավորական համարեցին, ասացին, թե սուր է, իրականությանը չի համապատասխանում։ Ես նկարի միջոցով չեմ ցանկացել ինչ-որ մեկին վիրավորել։ Անդրադարձել եմ հենց քաղաքական դաշտին և ոչ թե՝ կոնկրետ գործչի։ Ծաղրանկարը ծաղր չէ, սրտին մոտիկ պետք չէ ընդունել, այն ուղղակի հումոր է։
– Ամենաշատը ո՞ր նկարն է քննարկվել։
– Երևի Անժելա Սարգսյանի նկարն է շատ քննարկվել։ Մարդիկ սկանդալի հետևից շատ են գնում և ուշադրություն չեն դարձնում նկարի որակին։ Ես չէի ցանկանա, որ այդ նկարն այդքան շատ հավանեին և քննարկեին, քանի որ դրանից շատ ավելի լուրջ նկարներ կային, որոնք արժանի էին ուշադրության։
– Իսկ Դուք ո՞ր նկարն եք ամենից շատ սիրում։
– Ես շատ եմ սիրում Էմմի Ուայնհաուսի նկարները, որոնք երբեք չեմ վաճառի։ Շատ եմ սիրում նաև Սալվադոր Դալիի, Ֆրիդա Կալոյի և «Կտղունցք» (օրգազմ) անունը կրող նկարները։
– Հիմա ո՞ւմ ծաղրանկարն եք նկարում։
– Մի քանի անավարտ ծաղրանկարներ ունեմ, դրանք են` Մայքլ Ջեքսոնի, Մերիլին Մոնրոյի, Սերժ Թանկյանի նկարները։ Ցուցահանդեսին շատ խոսվեց Հասմիկ Պողոսյանի անհետացած ծաղրանկարի մասին։ Այս նկարը ևս՝ վերը նշված երեք նկարների հետ միասին, կհայտնվի համացանցում։ Ես ունեմ նաև լուրջ աշխատանքներ, ստեղծագործում եմ նաև սյուրռեալիզմի ոճում։ Դեռևս փնտրում եմ իմ ոճը, բայց կարող եմ ասել, որ ծաղրանկարը չեմ դարձնելու իմ հիմնական ոճը։