Երեխաների համար տիկնիկներ պատրաստելիս դու պետք է դրական էներգիայով լցվես
Նկարիչ, տիկնիկագործ Քնարիկ Հարությունյանն, արդեն 32 տարի է, աշխատում է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և ստեղծում է թատրոնի անշունչ դերասաններին։
«Տիկնիկագործությունն ինձ համար շատ սիրելի աշխատանք է»,- ասում է իրեն այս գործի նվիրյալ համարող տիկնիկագործ Քնարիկը։
– Քնարիկ, կհիշե՞ք, ո՞ր տարիքում եք պատրաստել Ձեր առաջին տիկնիկը։
– Ինչքան ինձ հիշում եմ` տիկնիկներ եմ պատրաստում։ Դեռ մանկուց շատ էի սիրում տիկնիկներով խաղալ ու զբաղվել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սկսեցի տիկնիկների համար հագուստ կարել։ Հետո մեր հարևանի տղայի տանը նկատեցի Բուրատինոյի ձեռնոցային տիկնիկը։ Այն ինձ այնքան շատ գրավեց, որ ես ցանկացա տիկնիկ պատրաստել։ Տիկնիկը զննելուց հետո նկարեցի այն և սկսեցի պատրաստել։ Իմ առաջին տիկնիկը` Բուրատինոն, մինչև այսօր մասունքի պես պահպանում եմ։ Այս տիկնիկից հետո մեկը մյուսի ետևից նոր տիկնիկներ ծնվեցին։ Հիշում եմ, որ մեր բակում տիկնիկներով երեխաների համար ներկայացումներ էի խաղում։ Հետո ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և դիպլոմային աշխատանքիս համար պատրաստեցի տիկնիկային թատրոնի տիկնիկներ։ Ավարտելուց անմիջապես հետո Երվանդ Մանարյանն ինձ հրավիրեց տիկնիկային թատրոն, որտեղ առայսօր աշխատում եմ։
– Թվով քանի՞ տիկնիկ ունեք։
– Շատ-շատ, նույնիսկ չգիտեմ։ Տիկնիկային թատրոնում ինչքան ներկայացում կա, բոլորում իմ տիկնիկները մասնակցում են։
– Իսկ Ձեր ամենասիրելի տիկնիկը ո՞րն է։
– Բոլոր տիկնիկներին էլ շատ եմ սիրում, որովհետև ամեն մեկին պատրաստելուց հոգի ես ներդնում, այն շատ համբերատար ու երկար աշխատանք է։ Տիկնիկներիցս կառանձնացնեմ Փոքրիկ Իշխանին, որին ամեն անգամ նայելիս՝ զգում ես, որ ցանկանում է քեզ ինչ-որ փիլիսոփայական, հետաքրքիր բան ասել։ Ինքը միաժամանակ և՛ երեխա է, և՛ հասուն մարդ։ Երբ ինքը հաճախակի արվեստանոց չի գալիս, ես կարոտում եմ իրեն, անպայման իջնում եմ տիկնիկների պահոց և նրան նայում։
– Ընդհանրապես տիկնիկներն ինչպե՞ս են ստեղծվում։
– Տիկնիկագործությունը շատ աշխատատար աշխատանք է և պահանջում է մեծ համբերություն։ Պիեսի ընտրվելուց հետո` նախապատրաստական աշխատանքները սկսվում են էսքիզներից։ Արվում են էսքիզների մի քանի տարբերակներ, այնուհետև ընտրվում է լավագույն տարբերակը։ Այդ ժամանակ ռեժիսորն ու նկարիչն իրենց առջև խնդիր են դնում, թե տվյալ տիկնիկն ինչպե՞ս պետք է աշխատի։ Այնուհետև քանդակագործը պատրաստում է տիկնիկի քանդակը, մեխանիզատորը` տիկնիկի մեխանիկական մասերը, մնացածը տիկնիկագործի աշխատանքն է։
– Իսկ որքա՞ն ժամանակում։
– Նայած տիկնիկ։ Լինում են դեպքեր, երբ մի տիկնիկ պատրաստելն ամիսներ է տևում, բայց լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ տիկնիկը մի շնչով պատրաստվում է։
– Ի՞նչն է Ձեզ ստիպում, որ 32 տարի շարունակ այս դժվար, քիչ վարձատրվող և մեծ համբերություն պահանջող գործին նվիրվեք։
– Այո, տիկնիկագործի աշխատանքը շատ դժվար է, երբեմն էլ` անշնորհակալ, որովհետև, ինչպես ասացիք, շատ քիչ են վարձատրում։ Ես ինձ համարում եմ այս գործի նվիրյալ։ Եթե գործդ սիրում ես, միշտ կանես այն, որովհետև այն անընդհատ ներշնչում է քեզ։ Երբ տեսնում ես, թե քո ձեռքում ինչպես են տիկնիկները կենդանանում և իջնում բեմ, սկսում աշխատել դերասանի ձեռքին և երեխաներին հաճույք պատճառում, հասկանում ես, որ սրանից մեծ շնորհակալություն քո գործին չկա։
– Երբ տիկնիկները վնասվում են, ի՞նչ եք զգում։
– Ցավ եմ զգում։ Երբեմն մենք` տիկնիկագործներս, դերասաններից նեղանում ենք, որովհետև իրենց ձեռքին են դրանք վնասվում։ Իհարկե, կան դերասաններ, ովքեր շատ զգույշ են վարվում, բայց նրանց կողքին կան նաև անփույթ դերասաններ։
– Բեմում տիկնիկի և դերասանի աշխատանքը համատեղ է, չէ՞։
– Կարծում եմ` այո, չնայած, ամեն դեպքում, Տիկնիկային թատրոնում մեծ դեր է խաղում տիկնիկը, իսկ առաջին հերթին` տիկնիկագործը, որովհետև նա կենդանացնում է տիկնիկին։ Ինչ վերաբերում է դերասանին, ասեմ, որ պետք է լավ դերասան լինի, որպեսզի կարողանա նրան լավ ու ճիշտ խաղացնել։
– Այս պահին ի՞նչ տիկնիկ եք պատրաստում։
– Մենք աշխատում ենք «Շունն ու կատուն» ներկայացման վրա, որը մոտ 30 տարվա ներկայացում է։ Մենք փորձում ենք՝ պահպանելով նկարչի արածը, վերանորոգել հնամաշ տիկնիկները։ Բավականին մեծածավալ աշխատանք է, տեսնենք, թե երբ կիջնի բեմ և նորովի կներկայանա երեխաներին։
– Դուք թատրոնի միա՞կ տիկնիկագործն եք։
– Ոչ, ուղղակի ես թատրոնի ամենահին տիկնիկագործն եմ (ժպտում է.- Գ.Ա.)։ Ինձանից հետո շնորհալի տիկնիկագործներ են եկել, ովքեր կրկին իրենց աշխատանքի նվիրյալներն են։ Նրանք, ովքեր աշխատելու նպատակով գալիս են այստեղ, բայց ժամանակի ընթացքում հասկանում են, որ թատրոնի մարդ չեն, հեռանում են։
– Ձեր մասնագիտության նկատմամբ հետաքրքությունն ինչպիսի՞ն է։
– Ամենացավալի հարցը տվեցիք։ Ոչ մի բուհում նկարիչ-տիկնիկագործի մասնագիտությունը չեն սովորեցնում։ Սա շատ հազվադեպ մասնագիտությունն է։ Բայց պետք է նկատել, որ կան երիտասարդներ, այդ թվում՝ դերասաններ, ովքեր հետաքրքրվում են այս մասնագիտությամբ։ Ես ինքս էլ երեխաների խմբակ ունեմ, որտեղ իրենք իրենց ձեռքերով պատրաստում են տիկնիկներ, դրանցով ներկայացումներ խաղում, և և այլն։
– Կա՞ն ինչ-որ նրբություններ, որոնք Ձեր մասնագիտության մեջ շատ կարևոր են, քանի որ Դուք պատրաստում եք երեխաների համար նախատեսված «գործիքներ», իսկ դա շատ պարտավորեցնող աշխատանք է։
– Երեխաների համար տիկնիկներ պատրաստելիս դու պետք է դրական էներգիայով լցվես, մոռանաս կենցաղային բոլոր խնդիրները։ Երբ քո ողջ սերը տալիս ես տիկնիկին, այն անպայման հաջողվում է, և ինքն էլ՝ իր հերթին, այդ էներգիան փոխանցում է հանդիսատեսին։
– Ձեր պատրաստած տիկնիկները ցուցահանդեսներին մասնակցություն ունենո՞ւմ են։
– Այո, շատ տիկնիկներ ունեմ, որոնք գտնվում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և աշխարհի շատ ուրիշ երկրներում։ Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս ծանոթանալ թատերական աշխարհի նորամուծություններին։ Կարող եմ ասել, որ մեր տիկնիկները Դանիայի, Բելգիայի հետ համեմատած՝ ամեն ինչով շատ բարձր մակարդակ ունեն։