Ինչո՞ւ է իշխանությունը նախընտրում Րաֆֆիին

Փետրվարի 18-ի ընտրությունների ինտրիգը` որպես այդպիսին, ոչ թե հաջորդ նախագահի ով լինելն է, այլ հետընտրական իրադարձությունները, քաղաքական դաշտի հնարավոր վերադասավորումներն ընտրություններից հետո: Քաղաքագիտական տրամաբանությամբ այդ վերադասավորումների առանցքում հայտնվելու են առնվազն առաջին երեք տեղերը զբաղեցրած թեկնածուները: Եթե ընդունենք Սերժ Սարգսյանի` «կանխորոշված վերընտրության» թեզը, ապա հետընտրական զարգացումներում առաջին պլան են մղվելու Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդ որում, կախված այս թեկնածուների հետընտրական դիրքորոշումներից, նրանք կարող են դառնալ նոր քաղաքական բևեռների ձևավորման առանցքներ, կամ կարճ ժամանակում դուրս մղվել խաղից: Հրանտ Բագրատյանն, օրինակ, արդեն իսկ բավական կոշտ է արտահայտվում իր հետընտրական քայլերի մասին: Նա, որպես իրական ընդդիմություն լինել-չլինելու չափորոշիչ՝ համարում է այն հանգամանքը, թե թեկնածուներից ով կշնորհավորի կամ չի շնորհավորի Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս պահպանում է իրեն բնորոշ անորոշությունն ու լղողվածությունն այս հարցում, ընդ որում, քարոզարշավի վերջին օրերի ելույթները նա նվիրում է ոչ այնքան սեփական, որքան Սերժ Սարգսյանի արժանիքների ներկայացմանը: Մյուս կողմից՝ «Ժառանգությունն» ընտրություններին հաջորդող օրերի համար արդեն իսկ մի քանի հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանն առնվազն չի բացառում հետընտրական լարվածություն ստեղծելու, բողոքի ակցիաներ կազմակերպելու հնարավորությունը: Իհարկե, բացառված չէ, որ ընտրություններին հաջորդող օրերին հանրահավաքներ հրավիրելու հաշվարկի հիմքում ընկած է ոչ թե ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջը, այլ հզոր հանրահավաքներն  իշխանության հետ բանակցություններում որպես հաղթաթուղթ օգտագործելու թաքնված մտադրությունը:

Հետընտրական հնարավոր զարգացումների տեսանկյունից՝ Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի պարագաները տարբերվում են: Ոչ միայն նրանով, որ նրանք իրարից զգալիորեն տարբեր գործիչներ են` թե մտածողությամբ, թե արժեքային համակարգով ու բազմաթիվ այլ չափանիշներով: Րաֆֆի Հովհաննիսյանը` լավ կամ վատ, ունի համեմատաբար կայացած կուսակցություն, որն, իհարկե, խայտաբղետ կառուցվածքով, այդուհանդերձ, ներկայացված է խորհրդարանում: Բագրատյանը ևս կուսակցության ղեկավար է, սակայն նրա «Ազատությունը», նաև՝ վերջին հինգ տարիներին ՀԱԿ-ին մաս կազմելու պատճառով, որպես կուսակցություն՝ կայացած չէ, չունի մեծ թվով տարածքային կազմակերպություններ մարզերում և այլն: Բացի այդ, եթե «Ժառանգությունը» գոնե 2.5 անդամով շարունակելու է ներկայացված լինել ԱԺ-ում, ապա Հրանտ Բագրատյանի պատգամավորական գործունեության շարունակությունը կարող է կասկածի տակ հայտնվել: Դա, ի դեպ, չի բացառել նաև ինքը` Հրանտ Բագրատյանը: Եթե նա վերջնականապես դուրս եկավ ՀԱԿ-ից, բացառված չէ, որ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջի վայր դնել պատգամավորական մանդատը: Բայց,  դրանով հանդերձ, Հրանտ Բագրատյանը կարող է բավական ուժեղ կոնսոլիդացնող ֆիգուր դառնալ` համախմբելով ՀԱԿ-ից հեռացած ու հեռանալ պատրաստվող ուժերին ու գործիչներին, որոնց զգալի մասն  այսօր սատարում են նրան: Այդ հեռանկարն այնքան էլ անիրատեսական չէ, ու դրա վտանգը զգում են ոչ միայն իշխանությունները, այլ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ով քաղաքականապես անպատեհ պահին` ընտրություններից մի քանի օր առաջ, նախաձեռնեց ՀԱԿ-ը կուսակցության վերակազմավորելու գործընթացը: Հաշվարկը պարզ է. հիմա Բագրատյանը զբաղված է նախընտրական քարոզչությամբ, և պետք է նրան զրկել որևէ գործնական քայլ անելու հնարավորությունից: ՀԱԿ-ից հեռացածներին համախմբելու դեպքում Հրանտ Բագրատյանն ընդդիմադիր ուժերի արմատական հատվածի մասնակցությամբ կարող է ձևավորել արտախորհրդարանական ազդեցիկ միավոր, որի համեմատ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ իր անորոշ ու տեղ-տեղ Սերժ Սարգսյանին մեծարող հռետորաբանությամբ և խորհրդարանական կուսակցությամբ, իշխանության համար շատ ավելի նախապատվելի կլինի: ՈՒ գուցե դա է պատճառը, որ իշխանությունները չեն թաքցնում իրենց ցանկությունը՝ երկրորդ տեղում հենց Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու առումով:
Այս հանգամանքները կարևոր է հաշվի առնել ընտրությունների գնալուց ու քվեարկելուց առաջ: Ընտրություններն, այսպես թե այնպես, կայանալու են ու, մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը վերընտրվելու է, եթե անգամ ընտրատեղամաս գնան միայն ՀՀԿ անդամները, պետական համակարգի աշխատակիցներն ու ուժային կառույցների ծառայողները: Եթե դա անխուսափելի է, ընտրությունները պետք է օգտագործել գոնե հետընտրական քաղաքական վերադասավորումներում որոշակի որակական փոփոխություն ապահովելու համար: Եվ Հրանտ Բագրատյանի օգտին ստացված ձայների քանակը շատ կարևոր է՝ հենց այս տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս