Աշոտ Ադամյանը կուսակցական չի լինի, բայց կշարունակի համակրել

Դերասան, ՀԱԿ համակիր Աշոտ Ադամյանն օրինաչափ է համարում, որ Հայ ազգային կոնգրես դաշինքն առաջիկայում վերածվի կուսակցության: Նրա կարծիքով, երբ  ՀԱԿ-ը ձևավորվեց՝ ընդգրկելով 18 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, ուներ մեկ գերխնդիր՝ արտահայտել ժողովրդի ընդվզումը:

Աշոտ Ադամյանի համոզմամբ, հետագայում, սակայն, երբ կուսակցությունները սկսեցին լուծել անձնական խնդիրներ, բնական է, որ պետք է լինեին տարաձայնություններ: Հեռացողների խնդիրն, ըստ նրա, այլևս փոխվում է, հետևաբար՝  ՀԱԿ-ն իրավունք ունի դառնալ կուսակցություն: «Դրա ճանապարհները երկուսն են. կամ մնում է՝ որպես շարժում, որն այս պայմաններում այնքան էլ նպատակահարմար չէ, կամ դառնում է կուսակցություն: Ես օրինաչափ եմ համարում, որ իր քաղաքական տեսանկյունն առաջ տանելու համար՝ ՀԱԿ-ը դառնա քաղաքական կուսակցություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ադամյանը: Մեր հարցին, թե հնարավոր չէ՞, որ հեռացողների և դժգոհողների վարքագծի պատճառն այն է, որ ՀԱԿ-ում սխալ մարտավարություն էր ընտրված, և որոշումներն ընդունվում էին միանձնյա, Աշոտ Ադամյանը պատասխանեց, թե  ՀԱԿ-ում երբևէ որոշումները միանձնյա չեն ընդունվել:

«Բնական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին ես շատ բարձր եմ գնահատում՝ իբրև քաղաքական գործիչ և մտավորական, առաջնորդում էր շարժումը: Թեև ինքս չեմ մասնակցել նիստերին, բայց տեղյակ եմ, որ ՀԱԿ-ում բանավեճերը բավական թեժ են գնացել, կոնսենսուս ասածը եղել է»,- պնդեց Աշոտ Ադամյանը: Նա ասաց, որ չգիտի, թե ով կլինի կուսակցության նախագահը, սակայն կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, ինչի մասին հայտարարել է: Ա.Ադամյանը նշեց, որ ինքը կուսակցական երբեք չի եղել և առաջիկայում նույնպես չի պատրաստվում անդամակցել որևէ կուսակցության:

Հարցին, թե՝ այդ դեպքում կշարունակե՞ք մնալ ՀԱԿ համակիր, մեր զրուցակիցը պատասխանեց, թե ամեն ինչ կախված  է նրանից, թե ինչպիսի կուսակցություն կձևավորվի: «Եթե կուսակցությունը կձևավորվի և կշարունակի առաջ քաշել խնդիրներ, որոնք ինձ համար կշարունակեն լինել ընդունելի, ես, իհարկե, համակիր կլինեմ»,- նշեց դերասանը: Աշոտ Ադամյանը համոզված է, որ Կոնգրեսի հնգամյա գործունեությունը տվել է շատ ու շատ պտուղներ:

Կարդացեք նաև

«Եթե մինչև 2007թ. քաղաքական դաշտում ամորֆ և ճահճային վիճակ էր, ապա 2008-ից քաղաքական դաշտը սկսեց շարժումներ անել, և սկսեցին ձևավորվել նաև քաղաքացիական այլ շարժումներ:  Այնպես որ, ՀԱԿ-ը դրական շատ բան է  տվել:  Ես կարծում եմ, որ իր դրական էֆեկտը շատ ավելի բարձր է եղել, քան կարելի էր ակնկալել, թեև գերխնդիրն, այո, մնաց չլուծված»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս