«Արևի երկիր Հայաստանն այսօր դարձել է մութ ակնոցներով, մութ ապակիներով, մութ մեքենաներով խավարասերների երկիր»
Ասում է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը 1990-ական թվականներին հասարակությանը ներկայացավ իր «Լռություն» ֆիլմով, որում նա փորձել էր խախտել ժամանակի խեղդված լռությունը:
– Ձեր առաջինը ֆիլմը ստեղծեցիք 1990-ականներին: Բայց մինչ այդ փորձել եք Ձեզ տարբեր մասնագիտություններում, տարբեր ոլորտներում, ինչո՞ւ վերջում կանգ առաք հենց ռեժիսուրայի վրա:
– Ստեղծագործելու ավյունը միշտ իմ մեջ եղել է: Այո, ես գեղանկարչությամբ եմ զբաղվել, արծաթագործությամբ, բայց ինձ համար մետաղի, արծաթի վրա ինչ-որ բան փորագրելը շատ քիչ էր: Ինձ համար արարելը, մի բան ստեղծելը միշտ էլ հետաքրքիր է եղել, և ես դրա համար ավելի լայն հարթակ էի ուզում. մի քանի սմ-ն ինձ չէր կարող բավարարել: Կինոյում այդ ամենը կա: Այն սինթետիկ արվեստ է, որը գրավիչ ու շատ հետաքրքիր է ինձ համար. ժեստ, միմիկա, խոսք, շարժում, երաժշտությունգ Այս աշխարհը հնարավորություն է տալիս կյանքի կոչել երազանքներդ, երազներդ, թույլ է տալիս քեզ երևակայել ու հասարակությանը ներկայացնել քո մտքի, երևակայության, ցանկության արգասիքը:
– Խաղարկայի՞ն, թե՞ դոկումենտալ ֆիլմեր եք նախընտրում:
– Ինձ համար երկուսն էլ հետաքրքիր է, երկուսն էլ կախված է քո տեսլականից: Ես միշտ երազել եմ դոկումենտալը բերել-հասցնել բեմադրվածին, իսկ բեմադրվածը` դոկումենտալին, որը շատ բարդ է: Ցանկացել եմ իմ աշխատանքներում այնպես անել, որ իրականը սարքածից չտարբերվի:
– Նոր ֆիլմ ունեք, որն արդեն ավարտում եք: Կպատմե՞ք:
– Այո, փոքր ֆիլմ է, որը 6 օրում նկարահանեցինք: Արամոյի հետ ենք աշխատել: Միասին` երկու պրոդյուսերներով, հավատացել ենք, որ կարող ենք անել այն, ինչը մեզ հոգեհարազատ է: Իմ սցենարի հիման վրա սկսեցինք աշխատանքը, որին hավատացին և մեզ միացան նաև մեր ընկերները, որոնց աջակցությամբ էլ ստեղծվեց ֆիլմը: Այն կոչվում է «Գառան երազը»: Գառը երազում տեսնում է, թե ինչպես է իր հովիվն իրեն մատաղից փրկում, սակայն իրականում հենց նույն հովիվն էլ իրեն վաճառում է:
Ես ուզում եմ, որ մենք դադարենք մի կենդանի արարածին զոհ տալ մյուս կենդանի արարածի համար: Ամբողջ կենդանական աշխարհը մեկը մյուսին ուտելով` ապրում է, դա օրինաչափ է, բայց մեկին մատաղ անել մյուսի համար` անընդունելի եմ համարում: Ամբողջ աշխարհի պատմությունը ողողված է այդ շինծու, սարքածին երևույթով: Մեր այս ֆիլմում ցանկացել եմ անդրադառնալ այդ երևույթին: Ինչպե՞ս կարելի է մարդկանց, ժողովուրդներին զոհաբերել հանուն մեկ ուրիշ ժողովրդի բարեկեցության: Ես չեմ կարող դա ընկալել: Մի օր մի քահանայի հարցրեցի` եթե ես ուզում եմ մատաղ անել, օրինակ, երկու պարկ շաքարավազով, նա կօրհնի՞: Ասաց` «Ոչ, տղաս, մատաղի մեջ արյան խորհուրդ կա»:
Նա ինձ մատաղի արարողակարգից ինչ-որ դրվագներ պատմեց, փորձեց բացատրել մատաղի խորհուրդը, որը ես այդպես էլ չհասկացա: Կարծում եմ` սխալ է, երբ քո կամ քո հարազատներից մեկի բարեկեցության համար կենդանի արարածի կյանքն ես խլում: Հին կտակարանի մեջ ևս կան մատաղի դրվագներ, խոսքեր, որ ուղղված են մարդ արարածի` Բարձրյալի հանդեպ հավատն ու նվիրվածությունն ապացուցելուն: Միթե Աստված չգիտի, թե ես ի՞նչ եմ մտածում, որքա՞ն եմ իրեն սիրում կամ որքա՞ն եմ իրեն հավատում:
– Բոլոր ոլորտներում անհասկանալի խառնաշփոթ է: Անորակ արտադրանքը գերիշխող է նաև այս ոլորտում: Թաց ու չորը խառնվել է, ինչո՞ւ է այդպես:
– Պրոֆեսիոնալ մասնագետների կարիք կա բոլոր ոլորտներում էլ: Էս «գեղական» (չշփոթել` ոչ թե գյուղական) փոխհարաբերությունները պետք է վերանան: «Գեղցիները» գալիս են ու իրենց հետևից ամբողջ գեղը բերում են իրենց ոլորտ: Մեր երկիրը պետք է ոտքի կանգնի լավ մասնագետների միջոցով: Մեր լավ մասնագետները հեռանում են երկրից: Այսօր կան մարդիկ, ովքեր ուղղակի սիրում են իրենց երկիրն ու չեն ուզում հեռանալ երկրից, և կա նաև մարդկանց մի զանգված, որ հնարավորություն չունի, չգիտի` ո՞ւր գնա, ի՞նչ անի, թե չէ` վաղուց արդեն գնացել էր:
Մենք դա պետք է թույլ չտանք, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ տուն վերադառնան լավագույնները: Մենք տաղանդավոր ժողովուրդ ենք: Էս նեոբոլշևիզմը, որը չի վերջանում` խանգարում է մեզ: «Օրհնվեր էն սհաթը, երբ բարև տվեցինք և կրակն ընկանքգ»` հասկացանք էլիգ Պետք է ոհմակային այդ մտածելակերպը վերացնենք: Մեզ հարկավոր է ուժեղացնել մեր բոլոր բնագավառները, որովհետև մենք ամեն ոլորտում շատ լավ մասնագետների կարիք ունենք: Ես վստահ եմ, որ այդ ամենը մեզ շատ կարճ ժամանակում կհաջողվի անել, իսկ երբ ստացվի` այդ ժամանակ մեր երկրից ավելի զիլ երկիր աշխարհում այլևս դժվար կլինի գտնել:
– Պատմության էջերը թերթելով` հասկանում ես, որ դարեր շարունակ նույն վիճակն է եղել` հայերը միշտ շենացրել են օտարի երկիրը:
– Ես միշտ էլ մտածում եմ, թե ինչո՞ւ է այդպես: Չգիտեմ, բայց արդեն տուն վերադառնալու ժամանակն է եկել:
Այսօր մարդկային մի տեսակ կա, որն օտար է ինձ և շատերի համար, իսկ այդ տեսակը մեզանում, ցավոք, շատ-շատ է: Այսօր մեր փրկությունը մեր երազելու, մեր երազն իրականության վերածելու մեջ է, քանի որ, եթե չերազես, չես կարողանա ստեղծել ինչ-որ բան: Եթե միտք ու ծրագիր չունենաս` ոչինչ սարքել, ստեղծել չես կարող: Իսկ այսօրվա սուտ դիպլոմավորների տեսակը ոչնչի պետք չէ: Այն ամենը, ինչ մենք այսօր մեր երկրի ներսում ստեղծում ենք ու ստեղծում ենք վատ, վաղը դառնալու է մեր և մեր երեխաների համար գլխացավանք, մեծ խնդիր: Ասում են` անցյալի մասին մի մտածիր, անցածը պատմություն է, որը դաս է, և դասդ պետք է առնես, իսկ ապագադ էլ` կախված է այսօրվա քո անելիքից:
Մենք բավական երկար ժամանակ ամեն օր վատ ենք արել: Արևի երկիր Հայաստանն այսօր դարձել է մութ ակնոցներով, մութ ապակիներով, մութ մեքենաներով, մութ հոգիներով խավարասերների երկիր: Եթե դուրս նայենք, կտեսնենք բազմաթիվ մուգ ապակիներով մեքենաներ` զոմբիացված խավարասերների մեքենաներ են: Իմ խնդրանքն է անձամբ ՀՀ Ոստիկանության պետ պրն Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի վերացնի այդ երևույթը: Մարդիկ, մթության մեջ թաքնվելով, մտածում են, որ ինչ կուզեն` կանեն, և ոչ ոք չի տեսնի: Բայց այդ ի՞նչ են անում, որ չեն ցանկանում` դրա մասին որևէ մեկն իմանա: Միևնույն է, ինչ էլ անեն, կա մի զորեղ տեղ, որտեղ ամեն ինչ գրվում և ամեն ինչ լսվում է (քմծիծաղ.- Հ.Վ.) :
– Միգուցե մարդիկ ուղղակի ուզում են «փա՞կ» ապրել:
– Միգուցե: Ամբողջ աշխարհում է այդ երևույթը` մարդիկ փակվել են: Մենք փակ ենք, նեղսրտած, դրա համար էլ մեզ մոտ նույնիսկ տոն անելը չի ստացվում: Այսօր ազգովի նեղսրտած ենք, ու դրա համար պատճառ կա: Բնական է, եթե նման սրտով էլ աշխատենք, փորձենք ինչ-որ բան արարել` չի ստացվի: Անտաղանդներն, անգրագետներն այսօր շատ են ու ամեն լավ բան անելիս` ուզում են մի բան փախցնել, մի բան պոկել այդ ամենից, տանել:
Պատկերացրեք, եթե ձեր ծնողը ցանկանա ձեր ծննդյան տոնը նշել ու փորձի նախատեսված ծախսից «փախցնել», ինչ-որ բան պակաս անել, որ գումար կորզի, բնական է, որ քո տոնը տոն չի լինի: Պետք է անես` չմտածելով ինչ-որ բան քո անձի համար վերցնելու-փախցնելու մասին, պետք է ամբողջությամբ նվիրվես: Մենք այս չկամության, այս անձնապաշտության մեջ մոռացել ենք ամենակարևորի մասին` մեր ունեցած պատմության, մեր ինքնության, գույների մասին: Հայաստանն այնքան գունավոր է, այնքան լի, որ ցանկացած կողմ էլ նայես` մի լույս, մի ուրախություն կտեսնես: Օրինակ, ապարանցին իր տեսակի մեջ է հետաքրքիր, լոռեցին` իր, լենինականցին ու երևանցին` մի այլ… Սրանք բոլորն էլ գույներ են` հայի գույներ: Եթե մենք սովորենք նկարել մեր երկրի գույներով, ապա ամեն ինչ ավելի գունավոր ու սիրուն կլինի: Այդ իսկ պատճառով ասում եմ, որ այս ամենում մեղավոր են բարդույթավորված անտաղանդներն` իրենց անտաղանդ ոհմակներով:
– Ինչի՞ց է պետք սկսել:
– Օրենքից, օրենքը լիարժեք հաստատելուց և կիրառելուց: Մի քանի օր առաջ, երեկոյան, անցնում էի Սահմանադրական դատարանի (ՍԴ) շենքի կողքով ու աչքս ընկավ շենքին: Բաղրամյան փողոցի վրա կիսալուսավոր, անշուք այդ շենքի ներսում է պաշտպանվում մեր երկրի գլխավոր օրենքը` Սահմանադրությունը: Շենքի վրայի ցուցատախտակն այնքան փոքր է, որ նույնիսկ անցորդը չի տեսնում, որ հենց դա է մեր երկրի Սահմանադրությունը պաշտպանող օղակը, այն դեպքում, երբ մի օլիգարխիկի տուն պալատ է սարքած, որը փայլում է իր մաքուր լուսամուտներով, կոկիկ արտաքին հարդարանքով: Սա է պատճառը, որ օրենքները չեն աշխատում:
Ինչո՞ւ մեր ՍԴ-ն չպետք է փայլի, մենք բոլորին պետք է ցույց տանք, որ դա մեր օրենքի շենքն է, և մենք մեր օրենքը հարգում ենք: Բայց մենք մեր երկրում օրենքին չենք ենթարկվում: Կարող է սենսացիոն հնչել իմ խոսքը, բայց հայն օրինապահ մարդ է այն երկրում, որտեղ օրենք կա: 5000 դրամ տուգանք դրեցին ամրագոտիներ կապելու վրա, ու այսօր բոլորը կապում են: Մեկ-երկու տուգանքգ ու բոլորը կսովորեն ու կհարգեն մեր երկրի օրենքները: Մենք ենք մեղավոր, մենք էլ պետք է շտկենք այդ ամենը:
– Այսօր շատերն են ասում, որ հաշվի առնելով մեր կինոարտադրանքի որակը, այն հնարավոր չէ միջազգային հարթակներում ներկայացնել:
– Պետք է քանակ լինի ու քանակի մեջ` որակ: Տարեկան 3-4 ֆիլմ ենք արտադրում: Մենք քանդել ենք մեր կինոբունը` «Հայֆիլմը»: Կինարտադրությունը թանկ հաճույք է, և պետք է թանկ վաճառվի այդ արտադրանքը, որպեսզի մարդը կարողանա նոր բան ստեղծել: Պետք է կարողանալ դաշտը հարմարեցնել կինոարտադրողին, պետք է խրախուսես արտադրողին, որ արարի: Մենք մեր մշակույթի մեջ կապիտալ չենք ներդնում:
– Իսկ կա՞ այդ կապիտալը:
– Կա, բայց չենք օգտագործում: Գիտական բարձր որակի ինստիտուտներ է պետք ստեղծել, որը մեր մշակույթը վեր կհանի: Այսօր մենք պրոպագանդայի կարիք ունենք: Մեր հարևանները կեղծ պատմություններ են հորինում իրենց մշակութային ժառանգության մասին և ի ցույց դնում աշխարհին, իսկ մենք ունեցածն ապականում ենք և հանդուրժում, որ ուրիշներն էլ ապականեն այն:
– Դուք նկարահանել եք շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների տեսահոլովակներ: Ի՞նչ եք կարծում, այսօր հայկական էստրադայում պոտենցիալ կա՞:
– Այսօր այդ ոլորտը շիլաշփոթ վիճակում է և պետք է մաքրվի: Մենք պետք է հասկանանք` ի՞նչ ենք անում: Ի վերջո, ազգային անվտանգության խնդիր է: Այստեղ-այնտեղ հնչող երաժշտությունը ես հայկական չեմ համարում, բայց արդեն իսկ կան «պարազիտներ», ովքեր այդ երգերը հայկական են համարում: Իրականում հայկական երաժշտությունը շատ տարբեր է` մայրն իր զավակին քնեցնելիս օրորոցային է երգել, սարում ոչխար պահողը մի երգ է երգել, քաղաքի բնակիչը` մեկ այլ, արտում հունձ անողը` մի ուրիշ երգ է երգել: Բայց մենք այսօր թուրքական, չինական, ճապոնական, հնդկական մոտիվները խառնում ենք, տակն էլ հայերեն բառեր ենք գրում ու համարում ենք, որ դա հայկական երաժշտություն է: Դա հայկական երաժշտություն չէ: Մենք այսօր ունենք շատ տաղանդաշատ երիտասարդներ:
Շոու-բիզնեսում էլ կան մարդիկ, որոնք լրջորեն են վերաբերվում իրենց գործին, և կան շնորհալի երիտասարդներ, որոնց կրթել է պետք: Բայց ո՞վ պետք է նրանցով զբաղվի: Վստահ եմ, որ երբ Հայաստանում կստեղծվեն համապատասխան պայմաններ, մեր լավագույն մասնագետներն աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք կվերադառնան: Ես ուզում եմ, որ մեր սփյուռքի սերուցքը շուտ վերադառնա իր բույնը` աշխարհի բոլոր ծայրերից, և իր փորձն ու գիտելիքները փոխանցի հայրենիքի մատաղ սերնդին: Հայ երիտասարդներն իսկապես լավ մասնագետների, նրանց փորձի ու գիտելիքների կարիքն ունեն:
«168 ԺԱՄ»