ԵԱՀԿ-ն, Մոնտեվիդեոն և Ստեփանակերտի օդանավակայանը՝ հակառակ բանաձևերին
Եգիպտոսում փետրվար 6-7-ը կայացած իսլամական վեհաժողովը անշուշտ մեծ մասամբ պիտի զբաղվեր սիրիական թղթածրարով: Անկարան և Բաքուն դասականացած առաքելությանը տեր կանգնելու հերթական առիթը պիտի բաց չթողնեին: Հակահայ բանաձևը, որ առաջադրվում է Բաքվի ներկայացուցչի և հովանավորվում Անկարայի կողմից, կրոնական հանգամանքի շեշտակի օգտագործմամբ համաիսլամական է դառնում նման վեհաժողովների ընթացքում. Եգիպտոսի դեպքում ևս տարաբնույթ ուղղություն պիտի չունենար:
Այստեղ անշուշտ հիմնական թիրախը քարոզչական բնույթ ունի, նկատի ունենալով նման բանաձևերի անարդյունավետությունը իրավաքաղաքական գետնի վրա. այսուհանդերձ թուրք-ադրբեջանական մարտավարությունը կարևոր նպատակ է հետապնդում: Իսլամական այս երկրները ի վերջո ՄԱԿ-ի անդամ պետություններ են. Արցախի խնդրի նկատմամբ ՄԱԿ-ում տեղի ունենալիք քվեարկությունների ենթահող պատրաստելու են միտված և նրանց դիրքորոշումներն են կանխապատրաստում: Իսլամական երկրները իրենց վեհաժողովների և ՄԱԿ-ի համագումարներում Արցախի հարցի նկատմամբ դիրքորոշում պահելու հետևողականության հանձնառությունը վերահաստատում են ամեն առիթով:
Այս մարտավարության զուգահեռ ուղղությունը` Բաքվի կողմից արցախյան հակամարտության բանակցային ձևաչափը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելն է: ՄԱԿ-ը թիվ 822,853,874 և 884 բանաձևերով հաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքուն ջանում է այդ բանաձևերի իրավաքաղաքական տրամաբանության պարունակում լուծել հարցը: Իսլամական վեհաժողովների բանաձևերը փոխադրել ՄԱԿ, որին զուգահեռ բանակցային ձևաչափը տեղափոխել ԵԱՀԿ-ից ՄԱԿ:
Եգիպտոսի վեհաժողովի որդեգրած բանաձևը նույն հանկերգներ է բովանդակում` տարածքային ամբողջականություն, ՄԱԿ-ի որդեգրած բանաձևերի գործադրության պահանջ, մշակութային ժառանգության ոչնչացման և ժողովրդագրական բռնի ձևափոխման դեմ բողոք, ինչպես նաև տնտեսական ապօրինի գործունեության ընդգծում: Այս բանաձևում հատուկ մի կետ կարող է դիտարկվել իբրև հակազդեցություն Արցախի ապահոված հստակ առավելությանը: Բանաձևը կոչ է ուղղում պետություններին՝ իրենց պաշտոնական ներկայացուցիչներով չներգրավվելու ապօրինի գործունեության:
Այս կետի ետևում կանգնած թուրք-ադրբեջանական մտահոգությունը ավելի մասնակիորեն մեկնաբանելու համար օգտակար է նկատի ունենալ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարությունում աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների բաժանմունքի ղեկավար Հուլուսի Քըլըճի հետևյալ հայտարարությունը.- «ՄԱԿ-ի կողմից որդեգրված չորս բանաձևերում ադրբեջանական հողամասերի բռնագրավումը բացահայտ և հստակ կերպով նշված է: Հետևաբար, բռնագրավված հողամասերի վերև գտնվող օդային տարածքը ևս Ադրբեջանին է պատկանում: Բռնագրավված հողերի վերև թռիչքները ներկա կացությունում լարվածություն կստեղծեն և տագնապի խաղաղ լուծմանը կհարվածեն: Այդ տարածքները Ադրբեջանի պատմական հողեր են (…): Այդ հողերի վերև բոլոր թռիչքները ապօրինի են: Մաղթում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ավելի արմատական միջոցառումներ կորդեգրի կանխարգելելոււ համար թռիչքները, որոնք հավելյալ լարվածության կարող են հանգեցնել: Կհուսանք, որ Հայաստանը Ադրբեջանի բռնագրավյալ հողամասերի վերև թռիչքներ չի կատարի: Հայաստանը պետք է բռնագրավված հողերից անմիջապես հեռանա»:
Այժմեական երկու խնդիր նկատի ունի թուրք դիվանագետը այս հայտարարությունում: Առաջինը՝ կարող է Մոնտեվիդեոյի նախաճանաչման քայլը եղած լինել, իսկ երկրորդը, որ ուղղակի է ասվում` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման տեսանելիությունը: Այն կոչը` պետություններին չներգրավվելու «ապօրինի» գործունեություններում նման երևույթների է ակնարկում՝ առաջինի դեպքում անուղղակի, իսկ երկրորդի դեպքում՝ ուղղակի:
Բանաձևերի հաջողության դիմաց գետնի վրա քաղաքական ձախողություններ է կրում Բաքուն: Թե՛ Մոնտեվիդեոն և թե՛ Ստեփանակերտի օդանավակայանը այդ բանաձևերի անարդյունավետությունը ընդգծող փաստեր են, որոնց վրա լուսարձակների կենտրոնացումը անհրաժեշտ նկատելը չի ենթադրում բնականաբար իսլամական վեհաժողովների թե ՄԱԿ-ում թուրք-ադրբեջանական գործոնի արձանագրած առավելությունների թերագնահատումը: Իսկ այստեղ, հայկական կողմի ճիգերի գերլարում պետք է Սփյուռքի հասարակական կազմակերպությունների և պետական դիվանագիտական մեքենաների համակարգված աշխատանքները գործնականացնելու ուղղությամբ:
Նախադրյալներ կան մտածելու որ իրոք, Մոնտեվիդեոն առաջնորդվում է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում, իսկ Ստեփանակերտի օդանավակայան առաջին ժամանողներից կլինեն ԵԱՀԿ-ի բանագնացները: Այս վերջին իրողությունը կարող է համոզիչ դարձնել, որ բանակցային գործընթացի ձևաչափը պիտի շարունակի մնալ ԵԱՀԿը: Հակառակ` Անկարայի և Բաքվի ճիգերին և անցկացրած բանաձևերին։
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր