Հրանտ Բագրատյան. «Պարույր Հայրիկյանը ստում է»
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը լոռեցի ընտրողների հետ նախընտրում է շփվել հեռուստատեսության միջոցով: Այսօր Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության եթերում թեկնածուն նշեց, որ նախընտրական հանդիպումների ընթացքում կրկին անգամ համոզվել է՝ արտագաղթի կասեցման և տնտեսական վերելքի կարևոր նախապայմաններից մեկն ապակենտրոնացումն է` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ կառավարման ոլորտներում:
Նա ասաց, թե իզուր են կասկածները, որ ընտրողը չհասկացավ իր ծրագրի դրույթները, և, իբր այն բարդացված էր տնտեսագիտական անհասկանալի տերմիններով. «Ոչ մի բարդ բան չկա, մի՞թե բարդ է՝ հասկանալ, որ նախագահ դառնալու դեպքում գյուղերում կստեղծեմ բաժնետիրական ձեռնարկություններ, որտեղ կմշակվի գյուղացու արտադրածը, կամ կստեղծվեն ագրոսերվիսի ձեռնարկություններ»:
Մարզաբնակներին հատկապես դուր է եկել այլընտրանքային դատարանների ստեղծման Բագրատյանի ծրագիրը:
Կլանային ու մենաշնորհային տնտեսական համակարգը վարչապետության իր տարիների ծնունդ համարողներին Բագրատյանը ներկայացնում է մենաշնորհների առաջացման պատմությունը, որ իր պաշտոնաթողությունից հետո է ստեղծվել. «Իբր Շևարդնաձեի ստեղծած կլանի հետ հեշտ հարաբերվելով՝ բենզին եմ Հայաստան ներկրել: Դա ստեղծել է Քոչարյանը, հետո որոշեցին ապրանքներ ներկրել և ժողովրդից ստացած տրանսֆերտները վերցնել իրենց ձեռքը:
Նախագահի թեկնածուն խոստանում է հնարավորություններ գտնել սննդամթերքի էժանացման համար։ Սակայն գների անկում դժվար է խոստանալ բնական գազի մատակարարումների դեպքում, քանի որ դրա գինը որոշում է Ռուսաստանը:
Լրագրողի այն հարցին, թե Բագրատյանն ինչպե՞ս կարձագանքի Պարույր Հայրիկյանի վերջին հայտարարությանը, նախկին վարչապետը պատասխանեց, որ մտադիր չէր ընդհանրապես պատասխանել Հայրիկյանի հայտարարություններին, համարելով այն, իր խոսքով ասած, ոչ ադեկվատ: Սակայն ստիպված է ասելու, որ այդ ամենը սուտ է, սուտ է, որ ինքը չի դադարեցրել իր քարոզարշավը մահափորձից հետո. «Դադարեցրել եմ երկու օր, գործող նախագահի՝ մեկ օրվա փոխարեն, բացի այդ, մենք պայմանավորվել էինք Րաֆֆիի և Պարույրի հետ, և նա դուրս եկավ պայմանավորվածությունից»:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր – Երևան