Բաժիններ՝

Ռուբեն Ռշտունին նորից ներգրավվեց

Երկու անձի սպանության և այլ հոդվածներով մեղադրվող հայր և որդի Վաղարշակ և Հակոբ  Աբաջյանների գործում  որպես Վաղարշակ Աբաջյանի պաշտպան նորից ներգրավվեց փաստաբան Ռուբեն Ռշտունին: Նա  դատաքննությունից հեռացել էր առողջական խնդիրների պատճառով:

Դատարանն արդեն դիմել  էր Հանրային պաշտպանի գրասենյակին՝  ամբաստանյալ Վ.Աբաջյանի շահերը պաշտպանելու համար պաշտպան ներկայացնելու համար՝ այդ դիմումի հիման վրա դատարան էր ներկայացել Հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը: Դատարանը միաժամանակ դիմում  էր ստացել փաստաբան Ռուբեն Ռշտունուց առ այն, որ ինքը բուժում է ստացել ու ապաքինվել, և պատրաստ է նորից ստանձնել ամբաստանյալ Վաղարշակ Աբաջյանի պաշտպանությունը:

Ըստ մեղադրանքի, Վ.Աբաջյանն  իր ծանոթ Ալվարդ Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ալվարդ Աբրահամյանին, իսկ նրա միջոցով նաև վերջինիս մտերիմներին  խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևան քաղաքում: Վաղարշակ Աբաջյանը Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակել է  առանձնապես խոշոր չափերի`  9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:

Նրա որդին՝ Հակոբ Աբաջյանն, ըստ  մեղադրանքի,  հիշյալ  հափշտակությունը` խարդախությունը թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով կատարված խարդախության մասին կասկածներ ունեցող Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն` Յուրիկ Սրաբյանին առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել Վաղարշակ Աբաջյանի հետ: Դրանից հետո օգոստոսի 31-ին ժամը 15.00-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևան քաղաքի իրենց պատկանող առանձնատան բակից  Յուրիկ Սրաբյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք:  Ըստ մեղադրանքի, նշված շինությունում Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ  սպանել են Յուրիկ Սրաբյանին,  որից հետո Հակոբ Աբաջյանը, ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրաբյանն սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրաբյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ընթացող դատաքննությունը գտնվում է գործով գրավոր ապացույցների հետազոտման  փուլում, որի ավարտից հետո ցուցմունքներ կտան ամբաստանյալները:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս