Ապարանում բանաստեղծություն ձոնեցին Սերժ Սարգսյանին, հիշեցրին չկատարած խոստումը (տեսանյութ)

Ապարան քաղաքում այսօր բնակիչներից մի կին իր գրած բանաստեղծությունը ձոնել է նախընտրական այցով այնտեղ գտնվող նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին ու «Ապահով Հայաստանին»: Այս մասին հաղորդում է tert.am կայքը:

Ապարանցի կնոջ բանաստեղծությանը Սերժ Սարգսյանն արձագանքել է հետևյալ կերպ. «Ուրիշ թեկնածու, որ ստեղ իմ տեղում լիներ, հիմա թռչկոտել էր»։ Նախագահը նշել է, որ լավ կլիներ, որ շատերը նման ոգևորությամբ լցված լինեին:

Ապարանցիներից մեկը բարձրացրել է վթարային շենքերից մեկի խնդիրը և նշել, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր հարցը լուծել դեռևս 2008-ին սակայն խոստումը չի իրականացրել:

Նախագահը նշել է, որ խնդիրը կլուծվի և ընդգծել, որ ապարանցիներին տված բոլոր խոստումներից միայն այդ մեկը չի կատարվել։

Ապարանցիները բողոքել են նաև աշխատատեղերի պակասից, Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ գյուղացին պետք է զբաղվի անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, ապա ավելացրել, որ փորձելու են նաև ձմեռային զբաղվածությամբ ապահովել:

Ընդհանուր առմամբ, ապարանցիները հարց ու պատասխանի ընթացքում պասիվություն են ցուցաբերել: Այս փաստը նկատել է նաև Սերժ Սարգսյանը:

«Չէ, երևում է պետք է գնանք Վարդենիս»,-կատակել է նախագահը՝ նկատի ունենալով, որ երեկ վարդենիսցիները ակտիվ են եղել: Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս