Էպոսագետը կդառնա նախագահ, բայց չեղյալ կհամարի ընտրությունները

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ կընտրվի ՀՀ նախագահ, այն էլ` ձայների ճնշող մեծամասնությամբ (81%), սակայն չի պատրաստվում պաշտոնավարել: Էպոսագետն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չի ընդունելու առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները և իբրև նախագահի թեկնածու՝ չի ստորագրելու ընտրությունների ամփոփիչ թերթիկը:

«Կոչ եմ անում իմ բոլոր համակիրներին, ամուր մնալ իրենց հավատքի, իրենց վստահության մեջ, մասնակցել ընտրություններին, ես ինքս էլ եմ մասնակցելու, քվեարկել իմ օգտին՝ ցույց տալու համար, որ ես կարող եմ հաղթել և ես կհաղթեմ: Բայց քանի որ բուն ընտրարշավը դուրս  է եկել իր բնականոն հունից, կարող եմ հաղթելուց հետո չեղյալ համարել այս ընտրությունները և, նշանակելով նոր ընտրություններ, հանգիստ, արդար, նորմալ պայմաններում հաղթել»,- հայտարարեց էպոսագետ թեկնածուն:

168.am-ի այն դիտարկմանը, թե՝ մինչև հիմա շատ ուրախ քարոզարշավ էիք իրականացնում, ինչո՞ւ հիմա որոշեցիք, որ քարոզարշավը խոչընդոտված է, Վարդան Սեդրակյանը հակադարձեց. «Ես հիմա էլ եմ ուրախ: Եթե դուք գտնում եք, որ նորմալ կարելի է գնահատել քարոզարշավը, երբ մի թեկնածուն հացադուլի մեջ է, մյուս թեկնածուի վրա կրակում են, երրորդ թեկնածուի նկատմամբ հասարակական կարծիք ձևավորել՝ հետագայում քրեական գործ հարուցելու նպատակով (նկատի ունի իրեն.- Ա.Փ.), ես էլ  նորմալ կգտնեմ, բայց դա, իմ կարծիքով,  նորմալ քարոզարշավ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս