Բրիտանացի պատգամավորներին հատկացվել են հոգեբույժներ
Բրիտանական խորհրդարանի ստորին պալատում (ամբողջական անվանումը`Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության` խորհրդարանում հավաքված պատվավոր համայնքներ) ստեղծվել է հոգեբանական օգնության արտակարգ ծառայություն: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը:
«Բժիշկները կսկսեն ընդունելություն կազմակերպել անմիջապես նիստերի դահլիճի հարևանությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանք հաճախորդներին կտրամադրեն ուղեգիր` այլ բժիշկների մոտ: Այս ծախսերի համար բյուջեից հատկացվել է 25 հազար ֆունտստեռլինգ»,- գրում է լրատվականը:
«Իզվեստիան» նշում է, որ այս որոշումը կայացվել է երկուշաբթի հնչած հայտարարությունից հետո, որ հոգեկան խանգարումներով տառապող պատգամավորները կարող են զրկվել իրենց մանդատներից:
«Քաղաքական գործչի համար դժվար է իրեն բուժող բժշկին դիմել այն խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են հոգեկան խանգարումների հետ: Ինչպես ինձ է հայտնի, իմ գործընկեր պատգամավորներն ամենից շատ բողոքում են անքնությունից, վախի նոպաներից և դեպրեսիայից»,- «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է լեյբորիստ պատգամավոր Քեվին Ջոնսը: «Քաղաքականությունը դաժան և դժվար աշխատանք է», – ավելացրել է նա:
Ի դեպ` «Իզվեստիան» գրում է, որ հենց ինքը` պատգամավոր Ջոնսը, նույնպես 1996 թվականից տառապում է դեպրեսիայով, սակայն այդ մասին չի ասել նույնիսկ իր կնոջը, իսկ այժմ դարձել է հոգեբանական օգնության ծառայություն ստեղծման նախաձեռնողներից մեկը: