
Այդ գործն այնքան մաքուր է արված, որ մի քանի շերտով ապահովագրված է. Պ. Հայրիկյանը՝ իր դեմ կատարված մահափորձի մասին

ՀՀ նախագահի թեկնածու, «Ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված երկու անձանց և ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանի միջև մամուլում շրջանառվող կապին անդրադառնալով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանն ասաց.
«Ես առհասարակ նախաքննության վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում, բայց մի փոքր բացառություն կանեմ: Ո՛չ կրակողները, ո՛չ նրանց հետ առաջին փուլով կապվածները, էպոսագետը կլինի դա, թե մեկ ուրիշը, հիմնական դեմքերը չեն: Երբ ինձ էլ ինչ-որ բաներ են ներկայացնում, ես դրանց մեջ չեմ խորանում, որովհետև գիտեմ, որ այդ գործն այնքան մաքուր է արված, որ մի քանի շերտով ապահովագրված է: Ձեր հարցի մեջ չեմ խորացել ու հիմա էլ չեմ խորանա»:
Հիշեցնենք, որ մամուլում օրեր առաջ տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ ՀՀ նախագահի թեկնածու, «Ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված երկու անձանցից մեկը՝ 40-ամյա Սամվել Հարությունյանը, Վարդան Սեդրակյանի հարևանն է: Նշվում էր նաև, թե ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Սամվել Հարությունյանին անցած տարի նվիրել է իր «Volvo» մակնիշի ավտոմեքենան: Այս տեղեկատվական հոսքից ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը եզրակացրել-հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո՝ փետրվարի 22-23-ին, իրեն կձերբակալեն։