Թեկնածուները դարձել էին այդ սպանությունը պատվիրողների դաշնակիցը

Ընտրություններից 4 օր առաջ մենք պարտավոր ենք ընդհանրական գնահատական տալ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած երևույթներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Վերջինս նշեց, որ հունվարի 31-ի մահափորձն ընտրապայքարից դուրս դրեց հիմնական թեկնածուներից մեկին, ինչն աշխարհի որևէ երկրում կզգաստացներ մյուս թեկնածուներին։ «Ահաբեկչությանը հակադարձելով՝ մի խումբ մտավորականներ համացանցում դիմեցին բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նրանց հանել իրենց թեկնածությունները։ Սակայն նրանք ամենայն հանգստությամբ, ասես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակում էին իրենց քարոզարշավը։ «Շահեկան» իրավիճակ էր․ թեկնածուները, ըստ էության, դարձել էին այդ սպանությունը պատվիրողների դաշնակիցը։ Փամփուշտով չտապալվածին հաղթում էին նրա բացակայությամբ իրականացվող քարոզարշավով։ Միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց քարոզարշավը՝ այն էլ ընդամենը մեկ օրով։ Մյուս հիմնական թեկնածուներից առաջինը գոհունակությամբ արձանագրեց, որ միայն փոխվել է իրավիճակը, երկրորդը՝ աւելին արեց, կասկած արտայայտեց մահափորձի վերաբերեալ»,- մասնավորեցրեց նա:
Հայրիկյանը հիշեցրեց, որ նման իրավիճակում է  եղել նաև 1990 թվականին, երբ ահաբեկիչներն իրեն հեռացրին ասպարեզից՝ արտաքսելով երկրից: Բայց ժողովուրդը, Հայրիկյանի պնդմամբ, դարձավ հիմնական դերակատարը և իրենց տվեց ձայների 90 տոկոսը՝ վերադառնալով հայրենիք։ «Հիմա էլ նույն իրավիճակն է։ Միայն ժողովուրդը կարող է շտկել ստեղծված խայտառակ վիճակը։ Գոնե նա պետք է ցույց տա, որ ինքն ահաբեկիչների հետ չէ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս