Արմինեն` Անկարայում հայ մարմնավաճառուհիների «պրոդյուսեր». մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հետաձգվեց Արմինե Մկրտչյանի գործով ընթացող դատական նիստը։
Թուրքիայում հայ մարմնավաճառուհիների ծառայությունների կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալած 41-ամյա Արմինե Մկրտչյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ոչ թե բավական տարածում ունեցող թրաֆիքինգի՝ կանանց հավաքագրման ու սեռական շահագործման ենթարկելու, այլ հենց մարմնավաճառության համար Թուրքիա հասած հայ կանանց կողմից պոռնկություն անելուն նպաստելու և նրանց վաստակից գույքային օգուտ ստանալու համար։
Նա մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 262 հոդ. 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով։ Ըստ մեղադրանքի՝ Արմինե Մկրտչյանը 2011թ. ապրիլին Նախնական համաձայնության է եկել Թուրքիայում բնակվող Գոհար Կիրակոսյանի հետ, որպեսզի մարմնավաճառություն անելու համար Թուրքիա ժամանած ու «անտանիք» մնացած որոշ հայուհիների առնեն իրենց ղեկավարության տակ, նրանց վաստակած գումարների շոշափելի մասն էլ տեղավորեն իրենց գրպանների մեջ։
«Գործարար» հայուհիները համաձայնության են եկել ու անցել գործի։ 2011թ. ապրիլի 21-ին հնագույն մասնագիտությամբ զբաղվելու համար Թուրքիայի Տրապիզոն քաղաք են ժամանել մարմնավաճառուհիներ Մարինան և Հայկանուշը։ Արմինեն «տեր է կանգնել» նրանց, Տրապիզոնից տեղափոխելԱնկարա քաղաքում իր կողմից վարձակալած բնակարան։ Ըստ մեղադրանքի՝ այնտեղ բնակվելու ընթացքում Մարինային ու Հայկանուշին Արմինեն ապահովել է հաճախորդներով, հյուրանոցներ է տեղափոխել՝ հաճախորդների հետ հանդիպման, հաշվառել է մարմնավաճառուհիների կատարած «աշխատանքի» քանակն ու վաստակած գումարները, դրանք կուտակելու և նրանց վաստակից իր մասնաբաժինը ստանալու եղանակով կազմակերպել ու մինչև 2011թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է հիշյալ կանանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն։
Կարելի է ասել՝ եղել է Հայաստանից Թուրքիա ինքնատիպ «հյուրախաղերի» ժամանած կանանց «պրոդյուսերը» կամ, արվեստի աշխարհի օրինակով՝ «իմպրեսարիոն»։ Սա, թրաֆիքինգի հետ համեմատած, առավել մեղմ հանցատեսակ է՝ օրենքով սահմանված ավելի մեղմ պատժաչափերով»։