«Գիտենք, որ Պարույր Հայրիկյանը դավաճան է». Առատաշենցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)
Aravot.am-ի հաղորդմամբ` երեկ Արմավիրի մարզում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Առատաշեն գյուղում մոտեցել է բլոտի սեղանի շուրջ հավաքված պապիկների: Նրանցից հետաքրքրվել, թե ինչի՞ մասին են զրուցում: «Ամեն ինչից էլ, քաղաքականության մասին էլ: Ամեն ինչի մասին էլ գիտենք: Գիտենք, որ Պարույր Հայրիկյանը դավաճան է»,- միանգամից իրենց իմացած տեղեկատվությունն ասել են գյուղացիները: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորել է ուրիշ՝ ավելի լավ բաներից խոսել:
Առատաշենցիներից մեկի՝ Պարույրի խոսքերով՝ «հույսներս դրել ենք քո վրա, տենանք, մի բան անելո՞ւ ես, թե՞ չէ: Ձայներիդ տեր պիտի կանգնես, հա՛»: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է՝ «Ես ձեր ձայների, դուք՝ իմ ձայնի տեր, համաձա՞յն եք»: Նա գյուղացու՝ Պարույրի հետ ձեռք է սեղմել ու պայմանագիր կապել. «Այս մեկ ամսում մենք հաղթահարել ենք մեր վախը և 5 օր անց պիտի քվե տանք ու պահենք»:
Առատաշենցիները նշել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց գյուղում «կրելու» է: Թեկնածուն այցելել է նաև Արշալույս գյուղի բժշկական ամբուլատորիա, խոսել բժիշկների հետ, մաղթել առողջություն, հետաքրքրվել հիվանդներից:
Էջմիածնի շուկա մտնելուն պես՝ հատկապես պանրավաճառները սկսել են ծափահարել Րաֆֆի Հովհաննիսյանին: Վաճառականներից մեկը՝ Ռիմա Պետրոսյանը, հեռվից հեռու բղավել է. «Մենք ձեզ պետք ա ընտրենք՝ առանց վախենալու: Ոչ մեկը ինձ չի կարող ճնշել, եթե ես ունեմ նորմալ գաղափար»: Aravot.am-ի հարցին՝ գեներալ Մանվելը չի՞ ճնշի, եթե իմանա, որ Էջմիածնում ընտրում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, կինը պատասխանել է. «Ոչ մի անգամ: Ես նրան էլ եմ հարգում, նա ինձ երբեք չի ճնշել: Ազատ ասում է՝ ում ուզում եք ընտրեք: Ես կարող եմ ցանկացածի ընտրել: Դա իմ իրավունքն է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև մտել է հագուստի շուկա, օգնել ընտրություն կատարել գնորդներից մեկին՝ շուռումուռ տալով նրա հավանած զգեստը: Փողոցում մոտենալով սխտոր վաճառող մի կնոջ էլ՝ նախագահի թեկնածուն կնոջ բողոքին, որ «ապրելու ճար չունեմ, դե արի սենց ապրի»՝ հույս է տվել. «Պիտի պայքարենք, ճարը կգտնենք»: Էջմիածինցին չի համաձայնել. «Էէէ՜, 70 տարի պայքարել եմ, էլ ո՞նց պայքարեմ: Թեկնածուն վստահեցրել է, որ «եթե անգամ ելք չկա, խենթերը գտնում են հնար»:
Էջմիածնում Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցել է նաև մի էքստրասենս՝ Լուսիկ Օհանջանյանն ու բողոքել. «Էքստրասենս եմ, ինձ մինչև հմի բանատեղ չեն դրել: Ինձ տանջել են, մնացել եմ փողոցում»: Րաֆֆի Հովհանիսյանը խոստացել է՝ «պիտի փոխենք: Փողոցում ոչ մեկը չպիտի մնա: Մինչև ընտրություն ձեր հարցերին չեմ կարող պատասխանել: «Օրրանը» կարող է օգտակար լինել»: