Ի՞նչ հիմնավորումներ են ներկայացվել Հայրիկյանին՝ դիմումը հետ վերցնելու համար
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 10-ին դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով, իսկ փետրվարի 11-ին հետ վերցրեց իր դիմումը։
Թեև Պարույր Հայրիկյանը ոչ մի կերպ չի պատճառաբանել իր պահվածքը, և շրջանառվում են տարբեր վարկածներ և բացատրություններ, սկսած նրանից, որ Հայրիկյանն այդ մեկ օրվա ընթացքում գործարքի է գնացել իշխանությունների հետ և հասել է իր պահանջների բավարարմանը, սակայն կարող է լինել ավելի պարզ բացատրություն։ Հնարավոր է, որ Հայրիկյանին բացատրել են, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել իր դիմումը, և ներկայացրել են այդ մերժման հիմնավորումները, որոնք Հայրիկյանը համոզիչ է համարել։
ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Հենց այս հոդվածին հղում անելով էր, որ Պարույր Հայրիկյանը դիմել էր Սահմանադրական դատարան։ Բայց արդյո՞ք Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածը, նրա վրա կատարված մահափորձը կարելի է դիտարկել՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ։ ՙԱնհաղթահարելի խոչընդոտ՚ հասկացությունն օրենսդրորեն որևէ կերպ մեկնաբանված չէ, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ է իրենից այն ներկայացնում, որ դեպքում կարելի է համարել, որ խոչընդոտը հաղթահարելի է կամ անհաղթահարելի։ Դրա իրավական մեկնաբանությունը կարող էր տալ Սահմանադրական դատարանը, եթե Հայրիկյանը հետ չվերցներ իր դիմումը։
Երբ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց, և նա հայտնվեց հիվանդանոցում, շատերը հայտարարեցին, որ դա հենց անհաղթահարելի խոչընդոտ է, քանի որ Պարույր Հայրիկյանը զրկվել է քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից։ Կոչեր հնչեցին, որ նախագահի մյուս թեկնածուները ևս չմասնակցեն քարոզարշավին, որպեսզի նրանց և Պարույր Հայրիկյանի միջև առկա հավասարությունը չխախտվի։ Այսինքն՝ անհաղթահարելի խոչընդոտը հավասարեցվեց ընտրարշավին մասնակցելու հավասար հնարավորություններ ունենալու հետ։ Բայց, ինչպես նշեցինք, Սահմանադրության 52-րդ հոդվածում խոսվում է ոչ թե ընտրարշավին մասնակցելու հավասար հնարավորություններ ունենալու մասին, այլ առաջացած անհաղթահարելի խոչընդոտի։ Որովհետև, եթե խոսքը վերաբերեր անհավասար պայմաններին, ապա Հայաստանում ընդհանրապես ընտրություններ պետք է տեղի չունենային, քանի որ դրանք անվերջ կհետաձգվեին միայն այն պատճառով, որ ոչ մի թեկնածու չէր ունենա ընտրություններին մասնակցելու նույնպիսի հնարավորություններ, ինչպես գործող նախագահը։ Մի խոսքով, անհաղթահարելի խոչընդոտը տարբերվում է քարոզարշավին մասնակցելու հավասար հնարավորություն հասկացությունից։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայրիկյանին բացատրել են, որ Սահմանադրական դատարանն «անհաղթահարելի խոչընդոտը» ներկայացնելու է, որպես այնպիսի խոչընդոտների ի հատ գալը, որը նախագահի թեկնածուի համար նույնիսկ նախագահական ընտրություններին մասնակցելու և հաղթելու դեպքում անհնարին է դարձնում նրա պաշտոնավարումը, այսինքն՝ առաջանում են նախագահի կողմից իր լիազորությունների կատարման համար անհաղթահարելի խոչընդոտներ։ Պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրության 59-րդ հոդվածով, հենց այդ դեպքում է, որ կառավարության առաջարկով և Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության պայմաններում, Ազգային ժողովը ձայների 2/3-ով որոշում է կայացնում նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին։
Մասնավորապես անհաղթահարելի էին համարվելու այն դեպքերը, երբ նախագահի թեկնածուն մինչև ընտրությունները դառնում է անգործունակ, կամ նա պատանդ է վերցվում։ Անգործունակությունը կարող է լինել տարբեր պատճառներով՝ ծանր հիվանդության կամ նույնիսկ հոգեկան հիվանդության։ Երկշաբաթյա հետաձգումն էլ նախատեսվում է նրա համար, որպեսզի հնարավոր լինի այդ ընթացքում ազատել նախագահի թեկնածուին, կամ պարզել, արդյո՞ք ծանր հիվանդությունը հաղթահարելի է, թե՞ ոչ։ Այս պնդումներն այնքան էլ անիրական չեն, քանի որ կան նախադեպեր։
Հիշեցնենք, որ 2004թ. Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները կարող էին տապալվել, քանի որ նախագահի թեկնածուներից մեկի՝ Իվան Ռիբկինի կինը իրավապահ մարմիններին հայտարարություն էր տվել ամուսնու անհետացման մասին։ Ռուսաստանի Հատուկ ծառայությունները Ռիբկինին հայտնաբերեցին և Ռուսաստան վերադարձրեցին Ուկրաինայից։ Սկզբում նա հայտարարեց, որ իրեն առևանգել էին, հետո պարզվեց, որ նա ինքնակամ էր ուղևորվում Լոնդոն։ Նպատակը մեկն էր. նշանակված ընտրությունները տապալելը և նոր ընտրություններ նշանակելը։ Ռիբկինի անհետացման կամ առևանգման հետևում Ռուսաստանի իշխանությունները տեսնում էին հայտնի օլիգարխ և Վլադիմիր Պուտինի հակառակորդ Բորիս Բերեզովսկուն, ով նպատակ ուներ խոչընդոտել Պուտինի վերընտրությանը։
Այնպես որ, Հայաստանում ևս ընտրությունները կարող են հետաձգվել կամ նոր ընտրություններ նշանակվել միայն մի դեպքում, եթե թեկնածուներից որևէ մեկը առևանգվի կամ անհետանա, չնայած, դատելով ձեռնարկված միջոցառումներից, կարելի է հասկանալ, որ բոլոր թեկնածուներն էլ գտնվում են աչալուրջ հսկողության տակ։
Մի խոսքով, հրազենային վերքը դիտել որպես անհաղթահարելի խոչընդոտ՝ ոչ մի կերպ չի կարելի։ Այդ դեպքում կարելի է անհաղթահարելի խոչընդոտ համարել նաև թեկնածուներից մեկի մոտ նախընտրական շրջանում հայտնաբերված հիպերտոնիկ հիվանդությունը կամ նույնիսկ շաքարային դիաբետը, որը թեկնածուին հնարավորություն չի տալիս մյուսների հետ հավասար լինել բարձրլեռնային գյուղերում և քարոզել իր գաղափարները։ Համեմատությունը գուցե մի քիչ կոպիտ է, բայց ամբողջովին համապատասխանում է այն իրավիճակին, որի մեջ հայտնվելու էր Պարույր Հայրիկյանը՝ պահանջելով հետաձգել նախագահական ընտրությունները։ Հնարավոր է, որ Հայրիկյանը հասկանալով իր պահանջի ոչ իրավաչափ լինելը, որոշել է հրաժարվել դրանից։