Բաժիններ՝

«Արվեստը գալիս է վերին ոլորտներից՝ այն շոյում է մարդու սիրտն ու հոգին»

168.am-ի զրուցակիցն է նկարիչ, բանաստեղծ, «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Նկարիչների միության պատվավոր անդամ Սվետլանա Հակոբյանը:

 

–          Տիկին Սվետլանա, կպատմե՞ք՝ ինչպե՞ս սկսեցիք նկարել:

–         Ասեմ, որ ամեն մարդու մեջ կուտակված ինչ-որ բան կա, որն իրեն անհանգստություն է պատճառում, ելք է փնտրում ինքնադրսևորման: Իսկ եթե մարդն ականջալուր է իր ներքին ձայնին, ապա ճանապարհը գտնում է: Կարծում եմ` նրանք, ովքեր ճիշտ են հասկացել այդ խորհուրդը, համոզված եմ, որ շահել են բնության օրենքի օրհնությունն ու աջակցությունը: Աշակերտական նստարանից բանաստեղծություններ եմ գրել: Հիշում եմ, երբ դպրոց էր եկել Գևորգ Էմինը, իմ ուսուցչուհին հպարտորեն ներկայացրեց ինձ, և ես կարդացի իմ ստեղծագործություններից մի քանիսը: Նա ինձ նստեցրեց իր ծնկին և ասաց. «Մեր ապագա բանաստեղծը»:  Գրում էի և խնամքով թաքցնում. պարզապես չէի կարող չգրել: Տարիներն անցան, ընտանիք, երեխաներ, հոգս… մոռացել էի ինքս ինձ այնքան ժամանակ, մինչև պահը հասունացավ: Տպագրվեցին իմ բանաստեղծությունների մի քանի ժողովածուները: Ժամանակի ընթացքում հասունանալով` հասկացա, որ միայն բանաստեղծություններ գրելն ինձ չէր բավարարում ամբողջացնելու իմ էությունը: Կար ներքին պահանջ՝ լրացնելու այն: Որոնումներն ինձ տարան դեպի գեղանկարչություն: Ահա մի օր, արդեն ավելի հասուն տարիքում ցանկություն ունեցա նկարելու:

–         Ինչպե՞ս եք ընտրում գույները:

–          Գունազգացողությունը ներքին աշխարհի ոլորտից է, և որևէ սկզբունք՝ այս իմաստով, կարծում եմ՝ չկա: Երբ մոտենում եմ նկարակալին ամրացված կտավին՝ ձեռքս գնում է դեպի այն գույնը, որով պետք է նկարեմ:

–         Ստեղծագործում եք անցյալի մասին ու հենց նույն այդ ստեղծագործության մեջ ներկայացնում նաև ներկան:

–         Եթե  նկատի ունեք «Էրգիր» շարքը, ապա ցանկացած հայ մարդ, առավել ևս՝ հայ մտավորական,  իրավունք չունի անցյալը մոռանալ: Եթե սթափ վերլուծենք մեր շահածն ու կորցրածը, տարբերությունը հասկանանք, սխալներն, այնուամենայնիվ, քիչ կլինեն: Առանց սրա-նրա մեջ մեղքը փնտրելու պետք է հասկանանք, թե որտե՞ղ թերացանք, ի՞նչ չարեցինք, ի՞նչ սխալ թույլ տվեցինք: Պետք է մտածենք, թե ո՞րն է մեզ համար կարևորը. մեղավորնե՞ր փնտրենք մեզ արդարացնելու համար, թե՞ գիտակցենք թույլ տված սխալը և նոր սխալներ չգործենք, առաջ շարժվելով՝ կերտենք մեր լուսավոր ապագան: Հայ մարդն իր երկրի առջև պատասխանատու և պարտավորված պետք է զգա: Ասածս հայրենասեր լինելուն ուղղված վերամբարձ ճառեր չեն: Տարիներ առաջ գործի բերումով հաճախ էինք գնում Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկա: Ճանապարհը շատ խոչընդոտներ ուներ և դժվարանցանելի էր մեքենաների համար: Ամեն անգամ անցնելիս՝ ես տեսնում էի մի ծերունու, որ սայլակով քարեր էր բերում և խնամքով շարում էր փոսերի մեջ: Հետաքրքրությունս բավարարելու համար մեքենան կանգնեցրի և հարցրեցի, թե ինչո՞ւ է նա այդ գործով զբաղվում: Նա պատասխանեց. «Իմ հայրենիքի ճանապարհներն են…»: Հետագայում այդ տեղով անցնելիս կանգնեցնում էի մեքենան, շնորհակալություն հայտնում և շարունակում ճանապարհս: Չէ՞ որ ժամանակներն այնպիսին էին մեզ համար, որ մարդիկ հացի խնդրի առջև էին կանգնած: Երբ հիշում էի նրան մտովի, իմ սրտի սիրո շքանշանով էի պարգևատրում և Բարձրյալիս երախտիքի խոսքն էի ուղղում այդ մարդու գոյության համար:

–         Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ «արվեստը՝ արվեստի համար» մտածողությունը սահմանափակում է արվեստի բուն էությունը:

–         Արվեստի ցանկացած ոլորտ շատ կարևոր խնդիր է լուծում, եթե վերին ոլորտներից է գալիս` շոյելով մարդու միտքը, սիրտն ու հոգին: Այն առողջացնում է մարդուն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Առանձին գիտնական բժիշկներ եկել են այն եզրակացության, որ մարդու օրգանական համակարգը թրթիռային համակարգից է կազմված: Եթե արվեստը համապատասխանում է տիեզերական ոլորտի թրթիռային համակարգին, ապա այն բուժող հատկություն ունի: Իմ հերթական «Արտ-էքսպո» ցուցահանդեսի ընթացքում ինձ մոտեցան բժիշկներ Չեխիայից և առաջարկեցին որոշ ժամանակ գնալ իրենց մոտ ապրել և նկարել` նախապես նկարների մոտավոր գներն ասելով:

–         Նաև աբստրակտ եք նկարում, մարդկանց հասնո՞ւմ է Ձեր միտքը:

–         Այն, ինչ անվանում ենք վերացարկված (աբստրակտ) արվեստ, զուտ ֆիզիկական աշխարհի հորինվածք է, քանի որ այն, ինչ սովորական աչքով տեսանելի չէ, դա դեռ չի նշանակում, որ գոյություն չունի: Ես իմ նկարներից մեկը հետևյալ նախադասությամբ եմ բնութագրել. «Չկա մի բան, որ չկա: Չկա մի բան, որ չի լինելու»: Իմ ապրած բավականին բարդ ու բովանդակալից կյանքում հասցրել եմ հասկանալ դրա իմաստն ու նշանակությունը: Ամեն բան պտտվում է մի կետի շուրջ այնպես, ինչպես Երկիր մոլորակը և մեզ համար հայտնի և անհայտ շատ մոլորակներ: Իրենք նաև իրենց հերթին՝ պտտվում են իրենց առանցքի շուրջ: Տիեզերքը լի է գաղտնիքներով և բացահայտումներով: Եթե մենք համարենք, որ մարդն ամեն խնդիր լուծել է իր մեջ, ապա դա կլինի մարդկության ավարտը, այնինչ Տիեզերքի Օրենքը պայմանավորված է առեղծվածներով, որը և հանդիսանում է խթանիչ ուժը մարդկության և Տիեզերքի առաջընթացի: Իմ նկարներում ամեն գիծ ու գույն իր բացատրությունն ունի, որը պայմանավորված չէ սոսկ բառերով. այն էներգետիկ դաշտ է ստեղծում: Գիտնականները ստեղծել են բիոլոկացիոն սարք, որը որոշում է տվյալ մարդու, առարկայի, կենդանու էներգետիկ սահմանը: Որոշում է նաև` այն դրակա՞ն է, թե՞ բացասական:

–         Մի շարք ցուցադրությունների եք մասնակցել: Գիտեմ, որ Ձեր կտավները վաճառելու մի շարք առաջարկներ եք ունեցել, ինչո՞ւ չեք վաճառում:

–         Իմ ստեղծագործական կյանքի շատ կարճ ժամանակահատվածում միջազգային անհատական շատ ցուցահանդեսներ եմ ունեցել Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում: Ցուցահանդեսներ ունեցել եմ նաև Հայաստանում: Մասնակցել եմ «Արտ-էքսպո» ցուցահանդեսին Մոնակոյում և Լուվրի «Grand Carousel» ցուցասրահում: Այցելուների կողմից առաջարկություն է եղել՝ գնել իմ կտավներից մի քանիսը բավականին բարձր գնով, սակայն չեմ վաճառել. առայժմ չեմ կարողանում բաժանվել նրանցից: Ասածս իմ աշխատանքները գովազդելու համար չէ, պարզապես ուզում եմ հասկանալ արածիս իրական արժեքը: Առաջարկություն է եղել նկարների հավաքածու ունեցող անհատների կողմից, սակայն դարձյալ չեմ վաճառել: Մի քանի նկար նվիրել եմ թանգարաններին և որոշ մարդկանց, նաև` որդիներիս և թոռներիս:

–         Զրույցի ընթացքում ասացիք, որ հայ հասարակությանը՝ հաջողության հասնելու և այն պահպանելու համար, մի քանի գործոններ են պակասում:

–          Թեման շատ ընդարձակ է, սակայն կփորձեմ հակիրճ պատասխանել: Առաջին նախապայմանն է՝  Օրենք և Օրենքի գերակայություն, այն օրենքների, որոնք պայմանավորված են ֆիզիկական և հոգևոր աշխարհների օրենքների համադրությամբ: Սա արդեն նախապայման է իրականացնելու մնացած ծրագրերը ոչ միայն 10,20, 100 կամ 1000 տարվա համար, այլև մեր տեսակն ապահովելու հավերժության մեջ: Մենք ոչ միայն մեզ ենք հարկավոր, այլև մոլորակի առանցքը կանգուն պահելու համար. մոլորակը դրախտի վերածելու խնդիր ունենք լուծելու: Ասածիս իմաստը հաստատելու համար կարող եմ մի քանի օրինակ բերել. եթե մեր առջև ճանապարհներ են փակում, մեր պատմությունը խեղաթյուրում են, սուտն ու կեղծիքը մեր երկրի և ժողովրդի հանդեպ սովորական բան է դառնում, մեր ճշմարիտ խոսքը չի լսվում, կամ չեն ուզում լսել ոչ միայն այսօր, այլև անհիշելի ժամանակներից, կնշանակի, որ մեզնից վախենում են, կնշանակի, որ չարն իր գործն է անում, կնշանակի, որ իրենք մեզ ավելի են ճանաչում, քան մենք՝ մեզ, կնշանակի` վախենում են, որ հանկարծ Մհերը չարթնանա: Հինգ տարի առաջ ինձ հնարավորություն ընձեռվեց մեր «ԴԱՐ» հիմնադրամի շնորհիվ տպագրել հանրագիտարանային նշանակություն ունեցող՝ Աննա Պետրոսյանի 7-հատորյա «Բոլոր ժամանակների Հայաստանը» հանրամատչելի ձեռնարկը: Այն ինքս ինձ ճանաչելու ևս մեկ հնարավորություն տվեց: Դարերի խորքից գալով դեպի մեր օրերը` է՛լ ավելի ճանաչեցի Հայաստան աշխարհի բնությունը, հասկացա մեր շահածի և կորցրածի տարբերությունը, մեր թերություններն ու առավելությունները: Այժմ եթե մենք ուզում ենք առողջ պետություն ունենալ, հետևությունը մեկն է. նախևառաջ մենք պետք է ունենանք առողջ հասարակություն, առողջ ասածիս լայն իմաստով՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: ՀՀ տարիների այս տեսակ «անկախ կախյալությունն» ավելի վտանգավոր գործոն դարձավ մեր ժողովրդի համար: Մեկնաբանություններն ավելորդ են: Հաջորդը կրթությունն է: Այն չի վերաբերում սոսկ տեխնիկական կամ հումանիտար գիտելիքներին. կարծում եմ, դրա պակասը չունենք: Աստված մեզ օժտել է մտածելու, վերլուծելու, արարելու, ընկալելու անսահման կարողությամբ: Մեզ հարկավոր է մայր կրթելու դպրոց ունենալ, որը, համոզված եմ, կդառնա մեր հարատևման հիմքն ու գրավականը: Այն խթանիչ ուժը, որը կամրացնի և սիրո շաղախ կդառնա մեր պետականությունն ամրացնելու գործում: Չէ՞ որ հզոր անհատականություն, հզոր զորավար, փիլիսոփա, մեծ մտածող, հայ ազգի օրհնված զավակ Գարեգին Նժդեհն ասում էր. «Ազգի ճակատագիրը հայ մայրերի ափերի մեջ է»: Թող օրհնվի նրա և շատ-շատերի ծնունդը, ովքեր ոգու մեծ ուժ են տվել մեզ` դարերի խորքից հասցնելով մինչև մեր օրերը: Չէ՞ որ նրանք այն լուսակիրներն են, որոնցով պայմանավորված է մեր ժողովրդի պատմության հարատևման գաղտնիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս