Բաժիններ՝

«Մտքի և երևակայության պակասը սոսկալի է». Անի Ռաշոյան (լուսանկարներ)

Այսօր Facebook սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր կան, ովքեր առաջարկում են տարբեր նյութերից պատրաստված ձեռքի աշխատանքներ: Նրանցից մեկը «Rashani handmade»-ն է, որը մյուսներից տարբերվում է իր յուրահատուկ և ինքնատիպ զարդերով: 168.am-ը զրուցել է «Rashani handmade»-ի անդամներից Անի Ռաշոյանի հետ:

Անի, կպատմե՞ք, ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «Rashani handmade»-ը։ Ո՞ւմ մտահղացումն էր։ 

– «Rashani handmade»-ը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ: Սկզբում միայն ես էի ստեղծում զարդեր, այն էլ` հիմնականում ինձ համար: Հետո միտք ծագեց աշխատանքները ներկայացնել հանրությանը: Նոր գաղափարներն այնքան շատ էին, որ այլևս հնարավոր չէր կանգ առնել: Ինձ միացան իմ ընկերն ու նրա երկվորյակ եղբայրները` Աշոտ և Մամիկոն Միքայելյանները: Նրանց առաջին շարքը սկսվեց մուլտֆիլմերի հերոսներից և քիչ-քիչ սկսեց զարգանալ:

– Երեքիցդ ո՞վ՝ ինչպիսի՞ նյութերի հետ է աշխատում։

Կարդացեք նաև

– Տղաները հիմնականում օգտագործում են մետաղներ` արծաթ, պղինձ, լատուն: Լինելով քանդակագործներ` նրանց մոտ դա շատ հեշտ է ստացվում: Ես ինքս օգտագործում եմ պոլիմեր, կավ, փայտ, էլի տարբեր նյութեր, նույնիսկ գործեր ունեմ, որոնց մեջ օգտագործված են մրգերի կորիզները: Նյութի առումով սահմանափակումներ չկան, ժամանակ առ ժամանակ համադրում ենք մետաղն ու պոլիմերը, ինչն ավելի մեծ պահանջարկ ու հետաքրքրություն է վայելում, քանի որ դա գույնի և մետաղի յուրահատուկ սինթեզ է: Մեր ոճերը բազմազան են, բոլոր ոճերի մեջ կարող ենք ստեղծագործել` պահպանելով ինքնատիպությունը:

Իմ գործերում ուղղվածությունները շատ են. ես ունեմ և՛ դասական հավաքածուներ, և՛ ամենօրյա «casual», բայց միշտ գերխնդիրը նոր, թարմ ու տարբերվող մոդելներ ստեղծելն է: Այսինքն` զարդերը չեն ստեղծվում միայն վաճառվելու համար, առաջին հերթին՝ այն պետք է ինձ դուր գա, տարբերվի: Ինձ թվում է` հենց սա էլ գրավում է մարդկանց, և հատկապես՝ վառ անհատականություն ունեցող կերպարներին:

Կոնկրետ Ձեր աշխատանքները շատ տարբերվող են, ի՞նչ գույներ եք սիրում օգտագործել։

– Ես մասնագիտությամբ նկարչուհի եմ, ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը, ու գունային համադրություններն իմ տարերքն են: Սիրում եմ համադրել շատ վառ երանգները, որոնք առանձին-առանձին անհամատեղելի են թվում, բայց միշտ գտնում եմ ճիշտ լուծումներ: Պետք է գույնը ճիշտ ձևի մեջ մատուցվի ու ճիշտ քանակությամբ, այդ ժամանակ ամեն ինչ ներդաշնակ կլինի:

– Ինչի՞ց եք ոգեշնչվում։

– Ոգեշնչման աղբյուրն, առաջին, հերթին բնությունն է, գունային համադրությունները բնության մեջ անգերազանցելի են: Կապ ունի նաև այն միջավայրը, որտեղ դու ապրում ու ստեղծագործում ես: Անկասկած, ստեղծագործությունների մեջ պետք է զգացվի քո դեմքը, թե որտեղ ես դու ապրում, որն է քո հայրենիքը: Այս պատճառով էլ` հետզհետե շատանում են հայկական մոտիվներով արված գործերս: Ինձ ոգեշնչում է նաև հին հայկական սիմվոլիկան: Մի խոսքով` եթե ուզում ես մի քայլ առաջ գնալ, պետք է հիշես, թե որտեղից ես գալիս:

Ովքե՞ր են Ձեր աշխատանքների պատվիրատուները։

– Ինչպես զարդերը, պատվիրատուները ևս շատ բազմազան են (ժպտում է.- Գ.Ա.): Ես նրանց բաժանում եմ երկու խմբի. առաջին խմբում նրանք են, ովքեր իրոք գնահատում են հենց ձեռքի աշխատանքը, ունեն ճաշակ և ուզում են տարբերվել հասարակությունից` ընդգծելով իրենց առանձնահատկությունները: Երկրորդ խմբում նրանք են, ովքեր պարզապես ընկալում են իմ աշխատանքները՝ որպես զարդ, և ուզում են հետ չմնալ նորաձևությունից: Ուրախ եմ, որ պատվիրատուների երկրորդ տեսակը հետզհետե քչանում է, քանի որ պետք է միշտ հիշել Կոկո Շանելի խոսքերը` «Мода уходит, стиль остается»:

Հայտնի մարդկանցից պատվերներ ունենո՞ւմ եք։

– Նախ՝ նշեմ, որ ինձ համար կարևորն այն է, որ պատվիրատուն լինի Մարդ, հայտնի՞ կլինի, թե՞ ոչ, արդեն երկրորդական է: Իհարկե, շատ հայտնի մարդիկ են գնել և գնում մեր զարդերը, նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս պատվերներ ունենք: Անուններ նշելը ճիշտ չեմ համարում, քանի որ վտանգը մեծ է, որ վերը նշված երկրորդ խմբին պատկանող գնորդները կշատանան, ինչը լավ չէ (ժպտում է.- Գ.Ա.):

Դուք Ձեր պատրաստած զարդերը կրո՞ւմ եք։

– Ես իմ պատրաստած զարդերից շատ քչերն եմ կրում: Երբ պատրաստում ես, արդեն դրանից հոգեկան բավարարվածություն ես ստանում և ուրախանում ես, երբ տեսնում ես ուրիշներին` քո զարդերը կրելիս: Այս պատճառով էլ` ինքս կրելու կարիք չեմ զգում, բայց տղաների պատրաստած զարդերից երբեք չեմ հրաժարվում: Հատկապես արծաթյա մատանիներն իմ տարերքն են, արծաթը մետաղներից ամենաշատն եմ գերադասում օգտագործել:

Այսօր Facebook-ում շատ օգտատերեր կան, ովքեր զարդեր են պատրաստում, «Rashani handmade»-ն ինչո՞վ է տարբերվում, ի՞նչ առանձնահատկություններ ունի։

– Այո, այսօր Facebook-ը հեղեղված է ձեռքի աշխատանքներով: Կան մարդիկ, որոնց աշխատանքը ես միշտ հարգում և գնահատում եմ: Տարբերակել ու ասել, թե՝ մերն ավելի յուրահատուկ է, սխալ կլինի, ուղղակի ուրախ եմ, որ տարբերվում ենք, ամենքս փորձում ենք կերտել մեր դիմագիծը: Կան նաև ստեղծագործողներ (եթե կարելի է նրանց այդպես անվանել), ովքեր անընդհատ գողանում են մեր մտքերը: Ցավում եմ նրանց համար, մտքի և երևակայության պակասը սոսկալի է: Ինչևէ, մեզ երբեք չի կոտրում այդ փաստը, ընդհակառակը, մտահղացումները կյանքի կոչելու նոր ուժ ու ստիմուլ է հանդիսանում:

Սեփական, թեկուզ փոքրիկ խանութ ունենալու մասին չե՞ք մտածում։

– Սեփական փոքրիկ խանութ ունենալու մասին ոչ թե մտածում ենք, այլ երազում: Ցավոք, մեր պետության մեջ նոր, սկսնակ ստեղծագործողներին ոչ մի բանով չեն աջակցում: Այդ պատճառով էլ դեռ շատ պիտի աշխատենք, որ մեր երազանքը կյանքի կոչենք: Կարևորը հավատն ու ամեն հարցում լավատես լինելն է: Ի վերջո, մեր գերխնդիրը, ամեն դեպքում, զարդերին զուգահեռ՝ նաև ստեղծագործելն է. տղաները՝  քանդակի ուղղությամբ, ես` նկարչության: Այս պատճառով էլ կարծում եմ, որ մեզ արվեստանոց-խանութ է հարկավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս