«Պարը մարմնի լեզուն է». ասում է Աննա Պիպոյանը, ով հանդես է եկել Բեյոնսեի հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Ազգությամբ հայ պարուհի Աննա Պիպոյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, սկսել է պարել վեց տարեկանից։ Սկզբում սովորել է դասական բալետ, հայկական ազգային պարեր, այնուհետև մեկնել Նյու Յորք, իմացել է պորտապարի մասին և տարվել դրանով։ Վերը նշված պարերից բացի` Աննան պարում է gypsy պար, ֆլամենկո, վերջերս էլ սկսել է ուսումնասիրել բրազիլական սամբան և սալսան։

– Աննա,  թվարկված պարերից ո՞ր մեկն է Ձեզ համար առավել սիրելի։

– Այս հարցը նման է այն հարցին, թե Ձեր երեխաներից ո՞ր մեկն է առավել սիրելի (ժպտում է.- Գ.Ա.)։ Ես սիրում եմ բոլոր պարերը։ Պարի ընտրությունը կախված է քո տրամադրությունից, զգացողությունից, այն բանից, թե տվյալ պահին ո՞րն ես ուզում պարել և ի՞նչ ես փորձելու քո պարով ասել։ Ինձ համար պարը մարմնի լեզուն է։ Ես հատկապես սիրում եմ ստեղծել, բեմադրել իմ սեփական պարային հատվածները և փորձեր կատարել։ Հավատում եմ, որ սովորելով պարի կանոնները և միաժամանակ խախտելով դրանք, պետք է այն զգալ ներսից և գնալ նրա հետևից։

Anna Pipoyan (12)– Սիրո՞ւմ եք հայկական ազգային պարերը։

Կարդացեք նաև

– Այո, միանշանակ։ Այնքան հին պատմություն է ներառված հայկական ազգային պարերում, որ որևէ մեկը չի կարող դրանց գեղեցկությունը ժխտել։

– Իսկ ինչպե՞ս եք պորտապարի մասին տեղեկացել։

– Նյու Յորքը լի է պարով և երաժշտությամբ։ Երբ ես Նյու Յորք ժամանեցի, հաճախեցի պորտապարի դասերի, սիրեցի այն և մինչ օրս շարունակում եմ ուսումնասիրել պորտապարի արվեստը։

– Ի՞նչ է Ձեզ համար պորտապարը։

– Այն իմ աշխատանքն է, ներկա պահին՝ իմ մասնագիտությունը, այն նաև արվեստ է և արվեստի շատ խոր ճյուղ է։ Ես շատ եմ սովորել, բայց հասկանում եմ, որ պորտապար սովորելն անվերջ է` ինչպես արվեստի ցանկացած ճյուղ։

– Այսօր Հայաստանում պորտապար պարում են հիմնականում ռեստորաններում և ժամանցի վայրերում, և այս պարն ընկալվում է` որպես ռեստորանային պար։ Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ է այդպես։

– Կարդալով Եգիպտոսում պորտապարի պատմությունը, տեսնում ենք, որ այս երկիրն ունի  մեծ «աստղեր», ինչպես, օրինակ՝ Ֆիֆի Աբդոուն, և ուրիշները, ովքեր պորտապարով ինքնարտահայտվել են։ Ինչպես ցանկացած պար, պորտապարը ևս կարող է թատերական բեմադրությամբ ներկայացվել տարբեր վայրերում, այդ թվում` ռեստորանում։ Կախված նրանից, թե ինչպես եք պարն ընկալում, կարող եք այն բարձրացնել և իջեցնել ցանկացած մակարդակի։  Բայց պետք է նկատի ունենալ, որ պորտապարն ունի շատ խոր արմատներ և պատմություն, և այն չճանաչելն ու չգնահատելն ուղղակի ամոթ է։

– Իսկ ճի՞շտ է, որ պորտապարն օգտակար է։

– Միանշանակ։ Կարծում եմ` պորտապարը վարժությունների մեծ շարք է։ Կան պորտապար սովորելու մի շարք պատճառներ։ Պորտապարը տալիս է ֆիզիկական զանազան օգուտներ, քանի որ պարը Ձեր մարմնին հաղորդում է և՛ ճկունություն, և՛ տոկունություն։ Պորտապարը նաև ինքնարտահայտվելու հիանալի ճանապարհ է, որը թույլ է տալիս արտահայտել Ձեր ներաշխարհը։ Պարը տալիս է նաև հոգևոր օգուտներ, քանի որ այն կապում է բոլոր այն կանանց, ովքեր արվեստի այս ձևով վայելում են կյանքը։

– Ձեր զգեստներն ու զարդերը շատ ճոխ են և ժամանակակից։ Ովքե՞ր են դրանք պատրաստում։

– Մի մասը պատրաստում եմ ես, մյուս մասը պատվիրում եմ Եգիպտոսից, Նյու Յորքից։ Հետաքրքիր և չկրկնվող զգեստ գտնելը շատ ժամանակ և բյուջե է պահանջում, այդ պատճառով էլ փորձում եմ մի քանի զգեստներ ինքս կարել։

– Դուք համագործակցում եք նաև համաշխարհային մեծության «աստղերի» հետ։ Կպատմե՞ք` ինչպե՞ս սկսեցիք համագործակցել Բեյոնսեի հետ։

 Ինձ հրավիրել էին պարելու մի երեկույթի, որը կազմակերպվել էր Նյու Յորքում։ Միջոցառմանը հրավիրված էին հայտնի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Բեյոնսեն։ Այդ միջոցառմանը ես և իմ խումբը պորտապար պարեցինք։ Բեյոնսեն տեսնելով ինձ` ուրախացավ և հրավիրեց պարելու մեկ ուրիշ միջոցառման ժամանակ։ Այդպես շարունակվեց մեր համագործակցությունը։ Նա իրոք շատ յուրահատուկ է և չափազանց հաճելի անձնավորություն է։ Նա ինձ մի քանի շարժում ցույց տվեց, իսկ ես էլ՝ իրեն (ժպտում է.- Գ.Ա.)։ Ես պարել եմ նաև «DON OMARS» տեսահոլովակում և մասնակցել եմ «Ամերիկայի տաղանդ» մրցույթին։

– Պարի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեք։

– Ես հույս ունեմ, որ ապագայում կունենամ պարի իմ ստուդիան, որովհետև ես ուսուցանելուց հաճույք եմ ստանում։ Անընդհատ կփորձեմ ստեղծել նոր պարեր` ինչպես միայնակ, այնպես էլ՝ իմ խմբով։ Մենք այսօր դա անում ենք և նույնը շարունակելու ենք։

– Հայաստանում ինչպե՞ս եք տեսնում պորտապարի ապագան։

– Հույս ունեմ, որ Հայաստանում պորտապարուհիները  կճանաչեն և կգնահատեն այն։ Կարծում եմ, որ առաջընթաց ունենալն այստեղ հնարավոր է։

– Կուզենայի՞ք ինչ-որ բան ավելացնել։

– Կուզենայի ավելացնել, որ այժմ ես նկարահանվում եմ «Բարի գալուստ, տուն» (WELKOME HOME) ֆիլմում, որի ռեժիսորն Անգելինա Նիկոնովան է։ Ֆիլմը Նյու Յորքում բնակվող հայ ընտանիքի մասին է, որում ես հանդես եմ գալիս իմ մասնագիտությունից բոլորովին այլ դերում. 3 երեխաներ ունեցող տնային տնտեսուհի եմ։ Երբ այն էկրան բարձրանա, խորհուրդ կտամ դիտել սև հումորի ու դրամայի այս խառնուրդ ֆիլմը։

Տեսանյութեր

Լրահոս