Ավտովթար Արմավիրի մարզում. վիրավորներին «Մերսեդես»-ից դուրս են բերել մեծ դժվարությամբ (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Մելքոնյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի՝ 31 ՏՕ 784 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտի մեջ գտնվող ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզի Փրկարար վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով՝ քաղաքացիների ուժերով ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էջմիածնի բժշկական կենտրոն:
Իսկ վերջին ուղևորին փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան դուրս բերել մեքենայից, քանի որ մեքենայի հիմնական մասը՝ ձախ կողմից ուժեղ բախել էր ծառին:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Օսեյանը:
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ավտոմեքենան առանձնացրին ծառից և դուրս բերեցին մայրուղի, որից հետո քննիչի հանձնարարականով՝ քարշակի օգնությամբ՝ ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է վիրավոր անձանց ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի