«Արծիվ» և «որսորդ» Սահակի գործերը լավ չեն

Այսօր դատարանի առջև է կանգնել Երևանի բնակիչ, ոչ վաղ անցյալում Հայաստան տարաբնույթ ապրանքների ներկրմամբ ակտիվորեն զբաղված Սահակ Բարսեղյանը: Արդեն ավարտված նախաքննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով «Արծիվ Սահակ», «Որսորդ Սահակ», «Սահակ և Հարութ», «Վիշապասար» և «Սագաբա» ՍՊ ընկերությունների տնօրենը, փաստացի ղեկավարելով նաև «Օձաձոր» ՍՊԸ-ն, 2005-2010 թթ. ժամանակահատվածում, անձնական շահերից ելնելով, օժանդակել է տարբեր ֆիզիկական անձանց` առանց պետական գրանցման և հաշվառման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն:

Սահակ Բարսեղյանն, ըստ քրեական գործի նյութերի, Հայաստան է ներկրել մի շարք ֆիզիկական անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, որոնք ՀՀ մաքսային սահմանում ներկայացրել է իբրև իր ընկերություններին պատկանող բեռներ, իսկ դրանց մաքսային ձևակերպումները կատարելուց հետո, տվյալ ապրանքները հանձնել է նրանց: Վերջիններս էլ, իրացնելով Ս. Բարսեղյանի ներկրած ապրանքները, իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 38 302 200 դրամի վնաս։

Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրության օժանդակումը) 3-րդ մասի 1-ին կետի, 38-205-րդ հոդվածի (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը) 2-րդ մասի, 205-րդ հոդվածի («Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը») 2-րդ մասի և 193-րդ հոդվածի («Կանխամտածված սնանկությունը») հատկանիշներով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս