Բաժիններ՝

Ողբի վերլուծական կանխատեսում

Շաբաթվա ամենահետաքրքիր տնտեսական տեղեկատվությունը, հարկավ, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հրապարակումն է։ Այս, մեղմ ասած, հանրահայտ հիմնարկությունը չորս տարին մեկ հրապարակում է իր վերլուծական կառույցի կանխատեսումը համաշխարհային տնտեսության զարգացումների մասին։ Յուրաքանչյուր անգամ բոլոր երկրներում այն մեկ ամսով դառնում է փորձագետների ու պաշտոնյաների վերլուծության թեման։ Կարելի է ենթադրել, որ այդ երկրներում ԿՀՎ կանխատեսումը միայն հրապարակավ չէ, որ վերլուծվում է։ Հայաստանում սովորաբար երբեք չեն անդրադառնում այդ կանխատեսում-փաստաթղթին։ Հնարավոր է նաև այն պատճառով, որ մեր իրական տնտեսությունը պակաս չափով է կախված համաշխարհային գործընթացներից։ Սակայն նման մոտեցումը դժվար է իրատեսական համարել։ Ի վերջո, մեր իշխանությունների կողմից համաշխարհային տնտեսական ճգնաժամի անտեսումը բավական ծանր անդրադարձավ մեր տնտեսության վրա։ Սկզբում ներկայացնենք ԿՀՎ ժողովրդագրական կանխատեսումները։

2030թ. երկրագնդի բնակչությունը 2010թ. համեմատությամբ կաճի մոտ 25 տոկոսով և կկազմի 8,5 մլրդ մարդ։ Այս 20 տարիների ընթացքում քաղաքների զբաղեցրած ծավալն աշխարհում կավելանա մոտ 3 անգամ։ Երկրագնդի բնակչության 60 տոկոսը կկազմեն քաղաքաբնակները։ Բնակչության թվով երկրների առաջին եռյակում կլինեն Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը։ Տասնյակը կեզրափակի Ռուսաստանը։ ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ բնակչությունը տարեցտարի նվազում էր։ Պիկը 2000 թվականին էր՝ այդ տարի մահացության ցուցանիշը 680 հազարով գերազանցեց ծնելիության ցուցանիշը։ Ռուսաստանի իշխանությունները հպարտանում են, որ 2012թ. առաջին անգամ երկրի բնակչության թիվն աճեց։ Աճեց՝ չափազանց փոքր թվով՝ 790 մարդով։ Բայց ամերիկյան կանխատեսումով 2030թ. բնակչությունն այս երկրում կկրճատվի մոտ 10 մլն-ով։ Իսկ մահմեդական բնակչությունը ներկայիս 10 տոկոսից կավելանա համարյա կրկնակի։ Եթե այս կանխատեսումներն իրականանան՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն առավել կակտիվացնի հանրահայտ «Հայրենակիցներ» ծրագիրը հատկապես հարևան ոչ մահմեդական հարևանների հաշվին։ Ամերիկացիների կանխատեսմամբ՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ երկրագնդի բնակչության կեսից ավելին կապրի աղքատության ցուցանիշներից բարձր պայմաններում։ Իսկ սա նշանակում է, որ բնակչության 25 տոկոսանոց աճը սննդամթերքի պահանջարկի 35 տոկոսանոց աճ կապահովի։ Կանխատեսվում է, որ կենսամակարդակի աճը ձրի սպառումը կավելացնի մոտ 2 անգամ։ Այս երկու փաստից ամերիկացիները ենթադրում են, որ ռեսուրսազուրկ երկրների միջև պատերազմներ կսկսվեն՝ հատկապես Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող տարածաշրջանում և Հարավ-Արևելյան Ասիայում։ Բայց ենթադրվում է, որ հենց ասիական երկրների տնտեսության աճի տեմպերը կգերազանցեն մյուսներին։ 2030թ. առաջին անգամ Չինաստանի տնտեսությունը կդառնա առաջինը։ Իսկ ասիական տնտեսությունների միացյալ ծավալը (նույնիսկ՝ առանց Ճապոնիայի) կգերազանցի ԱՄՆ-եվրոպական երկրների միացյալ տնտեսությանը։ Սա՝ այն դեպքում, երբ պատերազմները հենց այս տարածաշրջանում են կանխատեսվում։ Ավելին՝ առաջիկա 20 տարում մասնատվող 15 երկրների ցուցակում կեսից ավելին ասիական երկրներ են (Աֆղանստան, Պակիստան)։ Ամենասարսափելին այն է, որ ըստ ամերիկյան վերլուծաբանների՝ Մերձավոր Արևելքում և Ասիայում հնարավոր պատերազմներն ընթանալու են միջուկային զենքի կիրառմամբ։ Ամերիկացիները ենթադրում են՝ տեռորիստական կազմակերպությունները ևս զանգվածային ոչնչացման ժամանակակից զինատեսակներ են կիրառելու։ Այդ պարագային, բնականաբար, զոհերի թիվը տասնյակ-հազարներով է հաշվվելու։ Այս սարսափազդու պատկերին զուգահեռ՝ ամերիկացիների հաշվարկով՝ 2030 թվականից ԱՄՆ-ը կդադարեցնի էներգակիրների ներմուծումը։ Նավթ արտահանող երկրների համար սա տնտեսական տհաճ հեռանկար է։ Բայց այն, թերևս, ամերիկյան կանխատեսումներից ամենաիրատեսականն է։ Չինական և մնացյալ ասիական երկրների տնտեսական առաջընթացը ամերիկյան վերլուծաբաններին ռազմական առումով այնքան էլ չի անհանգստացնում։ Այս երկրների զինված ուժերը տնտեսական վիճակի համեմատ նվազ զարգացած են։ Այս իմաստով ամենաանհանգստացնողը, կարծես, Ռուսաստանն է։ Ամերիկացիների կարծիքով՝ առաջիկա 20 տարում Ռուսաստանը չի կարողանա դիվերսիֆիկացնել և զարգացնել իր տնտեսությունը։ Հետևաբար, էապես կախված կլինի էներգակիրների և արտահանվող մյուս հանքահումքային մթերքների գներից։ Այս երկրի 20-ամյա զարգացման երեք սցենար են կանխատեսում։ Առաջինը լավատեսական է՝ Ռուսաստանն իր զարգացման արժեհամակարգով կինտեգրվի Արևմուտքին։ Երկրորդը նվազ լավատեսական է՝ Ռուսաստանն իր ռազմական ուժի հաշվին կհակադրվի և Արևմուտքին, և Արևելքի տնտեսական հսկաներին։ Երրորդը կարելի է անվանել հոռետեսական՝ Արևմուտքի և Արևելքի հանդեպ թշնամական վարք դրսևորելով՝ Ռուսաստանը կփորձի իր գերակայությունը հաստատել հարևան երկրների վրա, փորձելով չզիջել (կամ վերադարձնել) միջազգային գերտերության իր դիրքերը։ Ահա համաշխարհային տնտեսաքաղաքական զարգացումների այսպիսի հեռանկար, որ կանխատեսել են աշխարհի հզորագույն հետախուզական գրասենյակներից մեկի մասնագետները։ Կամ էլ ցանկացել են, որ մնացյալ աշխարհն իմանա իրենց կանխատեսումների մասին հենց այսքանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս