Ո՞ր արտաքին քաղաքական «գծերի» մեջ են նախագահի թեկնածուները

Նախագահական կամ որևէ այլ համապետական ընտրություններ Հայաստանում ավելի շատ ընդունվում են՝ որպես ուժի, ռեսուրսների և ֆինանսական կարողությունների, այլ ոչ թե՝ իրական գաղափարների և ծրագրերի մրցավազք, ինչն, անշուշտ, մեր քաղաքական մշակույթի զարգացման գլխավոր խոչընդոտներից է։ Այս առումով, անկախ առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ տարբեր կարծիքներից և վերաբերմունքից, կարևոր է դիտարկել առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերը, ինչը գուցե կօգնի քաղաքացիներին կողմնորոշվել ոչ թե՝ ըստ առաջարկված փողի, այլ՝ ըստ գաղափարների։

Անդրադառնանք նախագահի հիմնական թեկնածուների ծրագրերում արտաքին քաղաքական կարևորագույն դրույթներին և փորձենք հասկանալ, թե դրանք ի՞նչ նոր ուղիներ կարող են առաջարկել Հայաստանին և ընդհանրապես ինչո՞վ են միմյանցից տարբերվում։

Բնականաբար, արտաքին գլխավոր հիմնախնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական ուժի վերաբերմունքն այս հարցին ծանոթ է հանրությանը՝ «արցախյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորումը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», այսինքն՝ հիմնական շեշտը դրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, սակայն չկա անդրադարձ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցին։ Հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փոքր-ինչ այլ տեսակետ ունի 1993-95 թթ. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հրանտ Բագրատյանը։ «ԼՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է, ինչը հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂ և Ադրբեջանի միջև տեղափոխելու դեպքում»,- նշված է Հրանտ Բագրատյանի ծրագրում։ Այսինքն, ի տարբերություն գործող իշխանության, նախկին վարչապետն առաջարկում է կրկին բանակցությունների սեղանին վերադարձնել ԼՂՀ ղեկավարությանը, որը, ըստ նրա, միակ սուվերեն կողմն է, որը կարող է խոսել Արցախի ժողովրդի անունից։ Ի դեպ, Բագրատյանն իր ծրագրում անդրադառնում է նաև Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցին՝ նշելով, որ «ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում»։

Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ նմանատիպ տեսակետ ունի մեկ այլ թեկնածու՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ծրագրում բավական հանգամանալից անդրադարձել է այս հարցին։ Նրա արտաքին քաղաքական նպատակներից մեկն է՝ «Արցախի ինքնիշխանության և ամբողջականության ճանաչումը կամ նրա միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ եթե այդպես որոշի Արցախի ժողովուրդը»։ Ր.Հովհաննիսյանը նույնպես գտնում է, որ ԼՂՀ իշխանությունները պետք է մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Հակամարտության կարգավորման համատեքստում անդրադառնանք ևս մի ուշագրավ կետի, որը կա Րաֆֆի Հովհաննիսյանի ՙԱզգային շահին հետամուտ արտաքին քաղաքականություն՚ ծրագրում։ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաձայնում է Ադրբեջան, Արցախ, Նախիջևան, Հայաստան, Թուրքիա բոլոր փախստականների ու նրանց ժառանգների վերադարձի իրավունքի մասին, այսինքն, ըստ Ր.Հովհաննիսյանի, ԼՂՀ ներկայիս տարածքից հեռացած էթնիկ ադրբեջանցիները նույնպես իրավունք ունեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր այս տեսակետը ներկայացրել էր նաև նախորդ տարի Բաքվում, ինչը լուրջ քննադատության ենթարկվեց Երևանում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Փախստականների մասին անդրադարձ կա նաև Հրանտ Բագրատյանի ծրագրում, որտեղ նշված է, որ ուժերի հետագա հավասարակշռվածությունն Ադրբեջանի օգտին չթեքելու համար անհրաժեշտ է մասսայաբար բնակեցնել Հայաստանը և ԼՂՀ-ն՝ Ադրբեջանից մազապուրծ փախած հայերով, սիրիահայերով, իսկ դրա համար պետք է կյանքի կոչել «Նոր հայրենիք» և «Նոր Հալեպ» ծրագրերը։

Կարդացեք նաև

Իսկ Ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ի տարբերություն վերոնշյալ երկու թեկնածուների, ավելի հակիրճ կերպով է անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրին և, ինչպես մյուս՝ օրինակ, ժողովրդավարության հաստատման հարցում, հիմնական շեշտը դրել է ինքնորոշման սկզբունքի վրա։ «Արցախի անկախ պետություն ճանաչվելու՝ միջազգային իրավունքի ենթակա պետություն դառնալու կամ ՀՀ-ի հետ միավորվելու գործում Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետևողական և իրապես սկզբունքային դիրքորոշում։ Ինքնորոշումն անբեկանելի սկզբունք է»,- նշված է Հայրիկյանի նախընտրական ՙԾրագրահենքում՚։

Անցնենք մյուս կարևորագույն գերակայությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և այս համատեքստում՝ նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Այս հարցի վերաբերյալ Սերժ Սարգսյանի  «Արտաքին քաղաքականությունը դեպի Ապահով Հայաստան ճանապարհին» ծրագրում նշված է. «2015 թվականն աշխարհի հայության՝ Հայաստանի, Արցախի, սփյուռքի և ամբողջ մարդկության համար պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման յուրատեսակ հանգրվան։ Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում՝ լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության (այդ թվում՝ Թուրքիայի հասարակության) մակարդակով»։ Իսկ Ր.Հովհաննիսյանը հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնում է հարևանների հետ «բարիդրացիական հարաբերությունների հաստատման» կետում՝ նշելով, որ հարկ է ԱԺ օրակարգից հետ կանչել և վերանայել 2009 թ. հոկտեմբերի 9-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հայտնի արձանագրությունները և առաջ քաշել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման հարցը։ «Կողմերի համար լավագույն տարբերակն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումն է։ Հայ-թուրքական հաշտեցումը նաև ենթադրում է պատմական ու ժամանակակից բաժանարար բոլոր հարցերի ու հարաբերությունների համապարփակ ու համալիր կարգավորում, համամարդկային ու համաեվրոպական արժեքների ամբողջական ընդունում, սեփական ընդհանուր պատմության ճանաչում և Ցեղասպանության ու Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրի լուծում»,- նշվում է «Ժառանգության» թեկնածուի ծրագրում։

Իսկ Հ.Բագրատյանն իր արտաքին քաղաքական տեսլականում առաջին հերթին խոսում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հրատապ լինելու մասին, ինչն, ըստ նրա, հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում։ «Հաշվի առնելով, որ Հայաստանի անկախացումից հետո թուրքական իրար հաջորդող բոլոր կառավարությունները ՀՀ-ի հանդեպ որդեգրել են կոշտ, անբարյացակամ դիրքորոշում, որն ակնհայտորեն չի փոխվելու տեսանելի ապագայում, ՀՀ-ն Թուրքիայի հանդեպ իր քաղաքականությունը պետք է ձևավորի՝ ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ այդ երկիրն առայժմ անընդունակ է Հայաստանի հետ միջպետական փոխհարաբերություններ հաստատել»,- նշված է նրա ծրագրում։ Ի դեպ, Հրանտ Բագրատյանի պաշտոնական կայքում ներկայացված ծրագրային հիմնադրույթներում կոնկրետ չի խոսվում Ցեղասպանության հարցի մասին, սակայն, ինչպես պարզաբանեցին թեկնածուի նախընտրական շտաբից, կան նաև ծրագրային թեզեր, որտեղ նշվում է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նշանակում է, որ Ցեղասպանության հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի կարող դառնալ, և Բագրատյանն այս հարթությունում չի գնալու որևէ համագործակցության Թուրքիայի հետ։ Ուշագրավ է, որ Բագրատյանը, որպես թեկնածու, արտաքին քաղաքականության մեջ առաջ է քաշում նոր գաղափարներ, ինչպիսին են ինքնիշխանությանն ապավինելու և հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը։ Հունվարի 30-ին հարցազրույցներից մեկում նա ասաց, որ, օրինակ, ճիշտ կլիներ հայ-թուրքական արձանագրությունները դնել համաժողովրդական հանրաքվեի։ Իսկ Պ.Հայրիկյանն իր արտաքին քաղաքական ուղենիշերի առաջին իսկ կետում գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական կողմնորոշիչը 1915-23 թվականների հայության նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան հետեւանքների վերացումն է (կամ նվազեցումը)»։ Ի դեպ, Հայրիկյանը բարձրաձայնում է նաև 1921 թ. Մոսկվայում կնքված ռուս-թուրքական (Հայրիկյանն այն անվանում է «Լենին-Աթաթուրք») պայմանագրի դատապարտման հրամայականի մասին, քանի որ այդ պայմանագրի պատճառով, ըստ նրա, ՙՀայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 80%-ը բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի տրամադրության տակ»։

Վերջում դիտարկենք այն հարցը, թե ինչպե՞ս են ՀՀ նախագահի թեկնածուները պատկերացնում Հայաստանի հարևանների և համաշխարհային գերտերությունների հետ հարաբերությունների բարելավումը կամ զարգացումը։ Սերժ Սարգսյանի տեսակետն այս հարցում կարելի է բնորոշել՝ որպես հավասարակշռման քաղաքականություն, քանի որ գործող նախագահի ծրագրում առանձին կետերով նշված է և° Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային, ռազմավարական գործընկերության զորացման, և° ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և ընդլայնման, և° Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության շարունակման, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդման, և° անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման, և° Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման քաղաքական ուղեգծի շարունակման, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և այլ բարեկամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի մասնակցության ընդլայնման և Արաբական աշխարհի հետ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի և ավանդական գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման մասին։ Ի դեպ, Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ում ծրագրում առանձին անդրադարձ կա Արաբական աշխարհի հետ ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող հարաբերություններին։

Միանգամից նշենք, որ գրեթե բոլոր թեկնածուների մոտեցումներն այս հարցի վերաբերյալ սկզբունքորեն չեն տարբերվում միմյանցից, պարզապես կան տարբեր շեշտադրումներ։ Բոլորն էլ կարծում են՝ Հայաստանը պետք է ձգտի զարգացնել հարաբերությունները բոլոր գերտերությունների հետ։ Օրինակ՝ Հրանտ Բագրատյանը նույնպես կարևորում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրամիության անդամ երկրների, ինչպես նաև՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները, սակայն գտնում է, որ այդ երկրների նկատմամբ քաղաքականությունը պետք է բխի վերոնշյալ ինքնիշխանության սկզբունքից, որի չափման միակ միջոցը ՀՀ Սահմանադրությունն է, իսկ «ՀՀ ներքին և արտաքին հարաբերությունների ասպարեզներում ընդունված պետական յուրաքանչյուր օրենք, որոշում, պաշտոնական փաստաթուղթ, որի կիրառման արդյունքում առկա է երկրի ինքնիշխանության սահմանափակման կամ նրա պետական և ազգային շահերի անտեսման որևէ դրույթ կամ տարր, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո»։

Այս առումով կարևոր է նաև Հայաստանի՝ այդքան քննարկված եվրոպական և եվրասիական ինտեգրացիաների հարցը։ Մեզ հայտնի է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն գործընթացները դիտում է՝ որպես փոխլրացնող։

«Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ՝ ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ»,- նշված է Հ.Բագրատյանի ծրագրում։

Փոքր-ինչ այլ են Ր.Հովհաննիսյանի շեշտադրումները, ըստ որոնց՝ եվրոպական կառույցների հետ փոխշահավետ գործակցությունը և երկկողմ հարաբերությունների հաստատումը համարվում է արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ու հեռանկարային ուղղություն, իսկ Ռուսաստանի վերաբերյալ ՙԺառանգության՚ առաջնորդը գտնում է, որ անհրաժեշտ է այդ երկրի հետ համագործակցության վերակառուցում՝ շահերի հարգման հիման վրա։ Իսկ այս համատեքստում նշվում է ՌԴ-ի հետ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի անընդունելիության մասին։ Ր.Հովհաննիսյանի արտաքին ուղենիշերն առանձնանում են նաև այն առումով, որ դրանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության հետ զուգահեռ՝ նշվում է նաև ՆԱՏՕ-ի չափանիշներով հայկական բանակի արդիականացման մասին։

Իսկ Պ.Հայրիկյանը արտաքին հարաբերությունների կողմնորոշիչներից կարևորագույնն է համարում հավատարմությունը Հայաստանի պաշտոնապես ազդարարած եվրոպական արժեքային համակարգին, «ըստ այդմ դեպի Եվրոպական Միություն ընթացքը կլինի Հայաստանի արտաքին քաղաքականութեան ռազմավարության հիմքերի հիմքը», սակայն միաժամանակ նշվում է, որ դա չի կարող իրականացվել Ռուսաստանի և Իրանի հետ ավանդական հարաբերությունները սահմանափակելու կամ նվազեցնելու հաշվին։

Այսպիսով, կարող ենք նշել, որ գրեթե բոլոր թեկնածուների արտաքին քաղաքական մոտեցումների հիմքում ընկած է նույն սկզբունքը, անկախ նրանից, թե այն անվանում են հավասարակշռման, փոխլրացման, բազմավեկտորային կամ այլ քաղաքականություն։ Առանց գնահատականներ տալու, նշենք միայն, որ անկախ արտաքին քաղաքականությանը տրված անվանումից, պատմության ողջ ընթացքում հայ ղեկավարները, միգուցե ելնելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դժվարին դիրքից, մշտապես փորձել են հավասարակշռել տվյալ ժամանակաշրջանում Հայաստանը շրջապատող հզոր պետությունների միջև հարաբերությունները, ինչպես Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության, այնպես էլ Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի կամ Օսմանյան կայսրության և Պարսկաստանի, իսկ այսօր էլ՝ Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի միջև։ Սակայն հաշվի առնելով այսօրվա արտաքին մարտահրավերները և տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից Հայաստան եկող ազդանշաններն և պահանջները՝ ՀՀ նախագահի աթոռին հավակնող քաղաքական գործիչները պետք է փորձեն գտնել պատասխան մի հարցի՝ որտե՞ղ են ավարտվում՝ հանուն ազգային-պետական շահի հզորների միջև խուսանավելու և հավասարակշռելու քաղաքականության, և սկսվում հանուն սեփական իշխանության պահպանման կայսրություններին ամեն կերպ գոհացնելու քաղաքականության սահմանները։

Տեսանյութեր

Լրահոս