Դեպի արխային Հայաստան
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ատամնաբույժների դժգոհությունների մասին, ովքեր ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարել էին, որ զանգվածաբար լքելու են երկիրը: Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների» մասին օրենքի փոփոխություններով` ավելացել են ատամնաբուժական ծառայությունների հարկային պարտավորությունները: «Ես կարծում եմ, որ մեր ատամնաբույժները զանգվածաբար չեն լքի Հայաստանը, որովհետև նրանք այդ բիզնեսով կարողանում են ստանալ լուրջ եկամուտներ, և այն հարկային բեռը, որ մենք Ազգային ժողովի հետ միասին սահմանել ենք` դա մեծ հարկային բեռ չէ, և Դուք կարող եք հարցնել յուրաքանչյուր քաղաքացու, որն օգտվում է ատամնաբույժի ծառայությունից` արդյո՞ք ամսվա ընթացքում այն եկամուտը, որ նա ստանում է այդ ծառայությունը մատուցելուց`Երևան քաղաքում մեկ աթոռից 80.000 դրամ վճարելը, մեծ հարկային բեռ է` ի համեմատություն այն եկամուտների, որ նա ստանում է քաղաքացիներից գումարներ ստանալու կերպով»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ ամսական 80.000 դրամ պետությանը վճարելը մեծ հարկային բեռ չէ, և մյուս ոլորտների համեմատ` այդ ոլորտի հարկային բեռը չափազանց ցածր է:
Իսկ հարցին, թե ո՞ր ոլորտի մարդիկ են բողոքում, որ ատամնաբույժներն իրենցից լավ են ապրում, Տ. Սարգսյանը պատասխանել է. «Տաքսիստները… տաքսիստներն ասում են` իրենց հարկային բեռն ավելի շատ է, քան ատամնաբույժներինը»:
Ավելին, վարչապետը լրագրողների հետ կիսվել է իր մեթոդաբանությամբ, որի օգնությամբ հաշվել է՝ հարկային բեռը ցա՞ծր է, թե՞ բարձր: «Եթե Դուք 80.000 դրամը բաժանեք աշխատանքային օրերի վրա և ամեն մի կլիենտին մատուցած ծառայության վրա, կտեսնեք, որ դա մի քանի լումայի մասին է խոսքը: Եվ հարց է առաջանում. եթե ինքը պիտի ամսական 80.000 դրամ վճարի պետությանը, ապա ինչո՞ւ պիտի յուրաքանչյուր քաղաքացուց երկու անգամ ավելի շատ գումար վերցնի, եթե իր մի ծառայությունը 50.000 դրամ է»,- ասաց վարչապետը` ավելացնելով, որ, եթե ատամնաբույժները բարձրացնեն իրենց ծառայությունների գները, ապա իրենք ունեն համապատասխան մարմիններ, որոնք կուսումնասիրեն և կտեղեկացնեն իրենց այդ մասին:
Այս անկեղծ երկխոսությունն իրականում ցույց է տալիս, թե ինչ մանրակրկիտ ձևով են իշխանությունները հաշվարկում՝ ումից որքան կարելի է քամել: Ոչ ոք չի ասում, որ ատամնաբույժները վատ են ապրում կամ քիչ են վաստակում: Խնդիրն ամենևին դա չէ:
Խնդիրը երկակի ստանդարտներն են: Եթե վարչապետն «օրերի վրա բաժանելով»՝ հաշվում է, թե ատամնաբույժներն օրական որքան են վաստակում, ապա նույն տրամաբանությամբ պետք է իրենց տված 26 հազար դրամ կենսաթոշակը բաժանի ամսվա օրերի վրա: Եվ հաշվի, թե օրական 866 դրամով միայնակ թոշակառուն ինչպե՞ս պետք է սնվի, հագնվի, մուծի կոմունալ վարձերը, թոռանը մի երկու կոպեկ փող տա, և այլն: Մենք խոսում ենք նվազագույն կարիքների մասին՝ չհիշատակելով ավելի «լուրջ» հաճույքները, ասենք՝ ինտերնետը: Դա, ի դեպ, պակաս կարևոր չէ, քանի որ ինտերնետի ցուցանիշները մեր իշխանությունների ամենասիրած ցուցանիշներից են: Իսկ «ապահով Հայաստանում»՝ ինչպես ցանկացած ապահով երկրում, դա արդեն պետք համարվի առաջին անհրաժեշտության ծառայություն (ինչպես էլեկտրաէներգիան):
Այս անկեղծ երկխոսությունը նաև ցույց է տալիս, թե ինչպես է հայրենի կառավարությունը խոսում փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին և գործնականում անում հակառակը՝ բարձրացնում հարկերը:
Սա ցույց է տալիս, թե իրականում ինչպես է իշխանությունը երկխոսում բիզնեսի հետ (ոչ խոշոր): Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպես չի երկխոսում կամ ինչպես է արհամարհում՝ բանի տեղ չդնելով նրանց կարծիքը:
Ցույց է տալիս, որ իշխանությունների համար արտագաղթն ընդամենը կատակի թեմա է: Ինչն, ի դեպ, նորություն չէ:
Եվ վերջապես, ընտրությունների շեմին նման ոչ պոպուլյար քայլերի գնալը՝ ինչպիսին հարկերի բարձրացումն է, ցույց է տալիս, թե գործող իշխանությունը որքան վստահ է և որքան ապահով է զգում իրեն՝ ընտրություններից առաջ: Կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ արխային:
Եվ այս առումով՝ գործող նախագահի նախընտրական կարգախոսը շատ ավելի անկեղծ կլիներ, եթե հնչեր այսպես՝ դեպի արխային Հայաստան: