«Հայերն ավելի նպատակասլաց և ավելի հպարտ են, քան ռումինացիները»
Օրեր առաջ ռումինական հեռուստաընկերություններից մեկը՝ Digi24-ը, «Դիվանագիտական անձնագիր» թողարկման շրջանակներում տեսանյութ է հեռարձակել Հայոց ցեղասպանության և ռումինահայերի մասին, որում մասնավորապես ներկայացվել է ռումինացի հայտնի ֆոտոլրագրող Անդրեա Տընասեի իրականացրած նշանակալի աշխատանքը՝ նշված երկու հիմնահարցերի վերաբերյալ:
Հայերի ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ այն մեծ լուսանկարչական նախագծի սկիզբն էր, որի վրա ավելի քան չորս տարի աշխատել է լուսանկարիչ Անդրեա Տընասեն:
Տեսանյութում ներկայացվում էր, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում Եվրոպայի արևելյան հատվածում սկսվեցին հայերի մասսայական ջարդերը: Զոհերի ճշգրիտ թիվը մինչ օրս անհայտ է, սակայն տարբեր գնահատականներով՝ այն հասնում է 500 հազարից մինչև 1,5 միլիոնի:
Ըստ տեսանյութի հեղինակների՝ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1915-1923 թվականներն ընկած ժամանակահատվածում, հայտնի են՝ որպես Հայոց ցեղասպանություն, և բազում փաստաթղթերն, ինչպես նաև՝ ականատեսների վկայությունները փաստում են, որ այդ ոճիրն իրագործվել է Օսմանյան կայսրության զինվորների կողմից: Թուրքիան երբեք չի ճանաչել ցեղասպանությունը, ինչպես և՝ Ռումինիան:
Ռումինացի ֆոտոլրագրողն, ազդվելով այդ իրադարձություններից, մի նախագիծ է սկսել, որը հնարավորություն էր ընձեռում ավելի լավ ճանաչել ռումինահայերին՝ նրանց, ովքեր կրում են այդ դաժան ոճրագործության հետևանքները՝ հենվելով միայն իրենց նախնիների հավատի վրա: «Հավատը հայերի համար իրենց եկեղեցու շուրջ համախմբան կարևոր գործոնն է. եկեղեցու, որը զարգացնում է համայնքի ողջ գործունեությունը: Առաջին վայրը Գեռլա քաղաքն է, այն ամբողջովին հիմնադրվել է հայերի կողմից՝ մոտ 1700 թվականին: Երբ հայերը եկան Ռումինիայի երեք պատմական շրջաններից մեկը՝ Տրանսիլվանիա, այնտեղ երեք քաղաքներ հիմնադրեցին՝ Գեռլան, Դուբռըվենը և Ֆռումոասան: Սակայն քչերը գիտեն Տրանսիլվանիայի հայերի այս հսկա ժառանգության մասին»,- պատմում է լուսանկարիչ Անդրեա Տընասեն «Դիվանագիտական անձնագիր» հաղորդման շրջանակներում:
Ֆոտոռեպորտաժներ իրականացնելու տարիների փորձառությունից հետո այնպիսի միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են Amnesty International-ը, National Geographic-ը և Die Welt-ը, Անդրեա Տընասեն սկսել է Հայոց եղեռնի մասին ռեպորտաժների շարք ներկայացնել՝ փնտրելով և գտնելով ռումինաբնակ հայերի հետքերը, ովքեր վերադարձել էին իրենց հայրենիք՝ Հայաստան:
«Ես այցելեցի նաև Հայաստան, որովհետև ուզում էի ճանաչել այն հայերին, ովքեր լքել էին Հայաստանը Երկրորդ աշխարհամարտից հետո և այնուհետև վերադարձել Ռումինիա, երբ արդեն հնարավոր էր: Նրանք, ովքեր հիասթափված էին Խորհդային կարգերից և հնարավորություն չունեին ապրել Հայաստանում այնպես, ինչպես իրենք կցանկանային»,- պատմել է հայտնի ֆոտոլրագրողը:
Ռումինացի լրագրողը չորս տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է Հայաստան՝ բազմաթիվ հարցազրույցներ ունենալով Ցեղասպանության թանգարանի տնօրենի և այդ արյունոտ ոճրից մազապուրծ եղած հայերի հետ: Լրագրողն ինքնուրույն հոգացել է իր նախագծի հետ կապված բոլոր ծախսերը. «Եվ այս ամենն այն գաղափարի համար եմ արել, որպեսզի ավելի լավ հասկանանք աշխարհը, որում ապրում ենք, ու մարդկանց, ում հետ հաղորդակցվում ենք»,- ասել է նա:
«Ռումինացիները լավ չգիտեն, թե ինչ է նշանակում՝ հայ լինել: Հաճախ Ռումինիայում հայերին շփոթում են ալբանացիների կամ առոմունների հետ: Եվ սա մեկն էր այն բազմաթիվ դրդապատճառներից, որ ստիպեց մեզ ստեղծել փաստագրական այսպիսի նյութ: Հայերը շատ նման են ռումինացիներին, բայց, միևնույն ժամանակ, նրանք ավելի նպատակասլաց են և ավելի հպարտ, քան ռումինացիները, և, ինչպես ասել է ռումինացի հայտնի պատմաբան և քաղաքական գործիչ Նիկոլայե Յորգան՝ «Հայերն ընտրյալ ազգ են»,- ասել է Անդրեա Տընասեն:
Ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ, որոնք լուսանկարիչն արել է Հայաստանում։ Դրանցում ներկայացված են Ագարակի հանքավայրերը։