«Անդրադրիատիկ» գազատարի մասին պայմանագիրը Աթենքում ստորագրվելու է փետրվարի 13-ին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի փետրվարի 13-ին Հունաստանը, Իտալիան ու Ալբանիան Աթենքում ստորագրելու են «Անդրադրիատիկ» գազատարի (Trans Adriatic Pipeline, TAP) կառուցման մասին միջկառավարական պայմանագիրը: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
TAP գազատարի նախագիծը պլանավորված է իրագործել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազը Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու համար: Ակնկալվում է, որ երկրորդ փուլի իրագործումը մեկնարկելու է 2018 թվականին և դրա շրջանակներում տարեկան արդյունահանվելու է 16 միլիարդ խորանարդ մետր գազ:
Գազի այդ ծավալից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար: Պլանավորված է, որ Հունաստանի տարածքում TAP գազատարի երկարությունը կազմելու է 478 կիլոմետր, Ալբանիայի տարածքում՝ 209 կիլոմետր, իսկ Իտալիայի տարածքում՝ 105 կիլոմետր:
Հիշեցնենք, որ TAP-ը հանդիսանում է Nabucco West գազատարի մրցակիցը: Ադրբեջանական «Շահ Դենիզ» կոնսորցիումն այս տարի պետք է վճռի, թե այդ երկու երթուղիներից որով է Եվրոպա հոսելու նույնանուն հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազը: Ադրբեջանական գազը Եվրոպայի սահման է հասնելու Թուրքիայում կառուցվելիք «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) միջոցով: