
Անդրիաս Ղուկասյանը հացադուլը չի դադարեցնի (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Ադրիաս Ղուկասյանը ԳԱԱ շենքի առջև շարունակում է հացադուլը: galatv.am-ի հետ զրույցում նա ևս մեկ անգամ հաստատել է, որ անկախ այն հանգամանքից` ընտրությունները կհետաձգվեն 2 շաբաթով, թե ոչ, ինքը չի դադարեցնի իր ակցիան:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո բաց նամակով դիմել էր վերջինիս` կոչ անելով դիմել սահմանադրական դատարան և պահանջել նշանակել նոր ընտրություններ:
«Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով ձեր հորդորին դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին»,- ասված էր նամակում:
Galatv.am-ի հետ զրույցում, նախագահի թեկնածուն նշել է, որ սպասում է Պարույր Հայրիկյանի արձագանքին և որոշմանը, որ ամենայն հավանականությամբ կհրապարակվի վաղը` լրագրողների հետ նախատեսված հանդիպման ընթացքում: