Անդրիաս Ղուկասյանը սովածացե՞լ է

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով գտնվում է հացադուլի մեջ մեջ, այսօր բաց նամակով դիմել է Պարույր Հայրիկյանին՝ վերջինիս կոչ անելով դիմել սահմանադրական դատարան նոր ընտրություններ նշանակելու պահանջով: «Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին»,- նշել է Ղուկասյանը։

Ստորև ներկայացնում ենք Ա. Ղուկասյանի նամակն ամբողջությամբ։

«Հարգելի պարոն Հայրիկյան,

Կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը ևս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չի ապահովել ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության և ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, և Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում:

Կարդացեք նաև

Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաև մեր երկրում ազատ և արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չի, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների և ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն:

Ես կոչ եմ անում Ձեզ դիմել սահմանադրական դատարան նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունը ապահովող ճանապարհը:

Հարգանքով՝
ՀՀ նախագահի թեկնածու 
Անդրիաս Ղուկասյան»

Տեսանյութեր

Լրահոս